Հայկական լուծում

Հայկական լուծում

Անցած 30 տարիներին մեզանում բազմաթիվ ինտելեկտուալ դիսկուրսներ են ընթացել` ով է հայը, որն է ազգային գաղափարախոսությունը, ինչ ազգային արժեքներ պետք է դավանի մեր հասարակությունը, որն է պետական մտածողությունը, եւ ինչպես կայացնել պետությունը` մի քանի հարյուրամյակ անկախ պետություն չունենալուց հետո: Մեր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները մրցում էին միմյանց հետ ազգային եւ հայեցի ծրագիր ու տեսլական ներկայացնելու հարցում: Կարծում էին, որ ծրագրի եւ գաղափարական հենքի մեջ է ամբոխին գրավելու գաղտնիքը: Այ, եթե կուռ եւ ազգայնական գաղափարներ դնեն շրջանառության մեջ, ազգին տան ապագայի իրական ուղենիշներ եւ ապացուցեն իրենց հայկականությունը, ապա մարդիկ կգնան իրենց ետեւից, կվստահեն ու կընտրեն:

Բայց եկավ 2018 թվականը, եւ ասպարեզում հայտնվեց մի մարդ` իր զինակիցներով, ասաց, որ ինքը մերժում է «իզմ»-երը եւ ոչ մի գաղափարախոսության չի դավանում: Եվ շրջանառության մեջ դրեց ոչ թե ինտելեկտուալ եւ ազգային ինչ-որ բանաձեւ, այլ ընդամենը հայտարարեց` «նախկին 30 տարվա իշխանությունը հանցագործ է, թալանչի», եւ ողջ ազգը համախմբվեց այս գաղափարի, ավելի ճիշտ՝ գաղափարազուրկ լոզունգի շուրջ: Պարզվեց` մարդկանց ոչ թե ազգային գաղափարախոսություն եւ արժեքներ են հարկավոր, ոչ թե հայեցի դաստիարակություն եւ հայոց լեզու, ոչ թե համազգային իղձեր ու պետականություն կերտելու տեսլական, այլ թշնամու կամ մեղավորի կերպար:

Պարզվեց` 30 տարվա «գող, ավազակ, թալանչի» իշխանությունների մասին միֆն այնքան գայթակղիչ է, որի դեմ ատելությունը կարող է միավորել շատ տարբեր մարդկանց: Ավելին` դա նաեւ ոչինչ չանելու եւ բոլոր սխալներն արդարացնելու հարգելի պատճառ է, գործող իշխանությունների հանդեպ դրական ֆոնը մշտապես պահպանելու փրկարար դեղամիջոց: