Շեյմա Քոչ. Դառը Բառ-իկ է

Շեյմա Քոչ. Դառը Բառ-իկ է

Ընթերցողի դեմքին ապտակի նման շրխկացող մուտքի նախադասությամբ չի սկսվում այս պատմվածքը: Բայց ինչ-որ ձեւով սկսվում է: Էսպես, թե էնպես՝ զարգանալու է նաեւ: Օրինակ, մի կին քիչ հետո կախվելու է: Եվ, ձեր կարծիքով, պատմվածքն ավարտվելու է: Այո´, ձեր կարծիքով: Այնինչ այս վերջին հաջորդում է թշվառ մի պատմվածք: Վերջից ավելի թշվառ մի պատմվածք: Ան-վերջ սառը, ան-քուն սառը, ան-շունչ սառը: ՍԱ´ՌԸ:

Պատուհանի վարագույրները չէին բացվել: Եթե որեւէ մեկը քնած չէ, եւ ցերեկվա կողմերն է, տան վարագույրներն ինչո՞ւ պիտի չբացվեն: Հիմա մի խումբ մարդիկ կասեն` «Պատմվածքից դուրս մի´ արի: Հարց մի´ տուր: Դու պատմվածքիդ նայի´ր»: Այնինչ ես պատմվածքից դուրս չեմ եկել, դուք եք մեջը մտել: Համ էլ, որ դուրս գամ, ինչքա՞ն  կբռնի: Ես ինձնով մի անհամապատասխանություն եմ: Ո´չ, գրականություն չեմ մասնատում: Եթե կարողանայի մասնատել, կմասնատեի:

Ձեռքերովս կմասնատեի: Բայց ասեցի, չէ՞, ես դուրս չեմ գալիս, կինը, որ քիչ հետո կախվելու է, նա է դուրս գալիս: 

Ձեռքում մնացած վերջին ոսկյա լիրայով դուրս է գալիս ցախ առնելու: Գործարանի առջեւից անցնելիս, որից հեռացվել էր, կախում է գլուխը, երեխայի դպրոցի առջեւից անցնելիս` բարձրացնում:

Կեսօրից առաջ վերջին դասի զանգն է հնչում: Երեխան ներս է մտնում: Հետեւից էլ` թուրքերենի ուսուցիչը: Մի պահ պատուհանի կողմ է շրջվում, եւ մտքին գալիս են տանը մնացած քույրերը: 

Այդ միջոցին դանդաղ ծալծլվող վերմակի մթության եւ խեղդոցի միջից փոքրիկ մի գլուխ է դուրս գալիս, հետո` մի ուրիշը... 

«Էս փողով բա ցախ կառնե՞ն»,- ասում է ցախավաճառն ու, ի զարմանս նրա, տասը կիլո ցախ տալիս: Կինը տան վառարանի խողովակների չափ սառը մանրադրամը հետ է դնում գրպանը, իսկ պարկը` գցում շալակին: Շուրթերին, հեռավոր ժամանակներից հետո առաջին անգամ, ժպիտ հիշեցնող մի թույլ շարժում է հայտնվում: Երեխան ցերեկվա դասամիջոցը հայտարարող զանգի հետ գրիչները, գրքերն ու տետրերը անձայն պայուսակն է դնում, իսկ զույգ աղջիկները սահած բարձն ուղղելով` նորից գլխների տակ են քաշում:

Ցախերն ու բեռնատարի անիվը թաց են ու ոչ մի կերպ չեն վառվում: Թղթերը մի պահ փայլում, հետո ծխալով՝ սեւ վառված հետք են թողնում ու մի ակնթարթում հանգչում:

Երեխան, որ մի անկյուն մտած հետեւում է դպրոցի դատարկվելուն եւ տանը դողալու փոխարեն իր դասասենյակում մենակ ու սոված մնալու մասին է մտածում, տեսնում է, թե ինչպես է հավաքարարը դռները կողպում:

Աղջիկներից մեկը չոր-չոր հազում է: Մյուսն էլ կրկնօրինակում է նրան. գուցե գալիք մի ակնթարթի փորձն է անում:

Հենց այդ պահին կինը, որ քիչ հետո կախվելու է, չգիտեմ որերորդ անգամ, ջանում է վառարանը կպցնել: Չի´ ստացվում: Չի´ ստացվում, չի´ ստացվում: Չի´ վառվում: Երեխան տուն է քայլում, քայլերը սկսում են ծանրանալ: Կինը, գույնը գցած դեմքով, աղջիկների ձեռքը էլեկտրական հարդարիչ տալով` ասում է. «Առեք, սրանով տաքացեք»: Ա´յդ պահին, հենց ա´յդ պահին մի բան է լինում... Ո՞նց են ասում: Ո՞նց են ասում: Ո՞նց են ասում: Մի փուշ, այո´, մի փուշ: Ասում են, չէ՞, մաշկին դիպած փուշն ամբողջ մարմնով պտտվում եւ դեպի սիրտ է սկսում շարժվել, դեպի սիրտ է սկսում շարժվել: Նրա սիրտը երկու սենյականոց է: Երկրորդ սենյակ է մտնում: Առաստաղին մի կեռիկ, որ տարիներ շարունակ հոգնացրել ու քնացրել է: Հոգնացրած եւ քնացրած մի ճոճանակից ու մի ճոճքից մնացած սեւ կեռիկ:

Երեխան դռան մոտ է: Մեջը ջուր լցված կիսաճտքավոր կոշիկներն է շրջում: Ցեխի մեջ կորած փողքերը քշտում ու հանում է թաց գուլպաները: Հետո մտնում է գեջեքոնդուի (1) մարմինը: Այո´, մի թաց փուշ: Ասում են, չէ՞, մաշկին դիպած փուշն ամբողջ մարմնով պտտվում եւ դեպի սիրտ է սկսում շարժվել, դեպի սիրտ է սկսում շարժվել: Նրա սիրտը երկու սենյականոց է: Երեխան քիչ հետո երկրորդ սենյակի դռնից ներս կմտնի: Եվ...

Սիրտը կայրի:

Սիրտը կայրի:

Սիրտը կայրի:

Հանկարծակի´, հե´նց այնպես, կմնա, կմթնի ու կմնա, կկարծի, որ տաքանալու է, կսխալվի´:

Հանկարծ այն վերջին դասին ուսուցչի գրել տված՝ փոքրության իմաստ փոխանցող ածանցները կհիշի եւ կսկսի կրկնել բառերը: Ժամանակը կմեծանա: Այս երեխան կմեծանա: Տարիքը կմեծանա: Ոտքերը կմեծանան: Հասակը կմեծանա: Բայց միշտ նույն աչքերով կնայի:

Նախադասությունները կմեծանան: Ճակատի կնճիռները կմեծանան: Բայց միշտ նույն աչքերով կնայի, ինչպես որ մոր ճոճվող պարանին է նայում... Այդ աչքերով կնայի աշխարհին: Կմեծանա: Բայց նորից կտեսնի, որ մերկ մի թագավոր իր համար պալատ է կառուցում: Նույն աչքերով կտեսնի:

Երեխան դռան մոտ է: Մեջը ջուր լցված կիսաճտքավոր կոշիկներն է շրջում: Ցեխի մեջ կորած փողքերը քշտում ու հանում է թաց գուլպաները: Հետո մտնում է գեջեքոնդուի մարմնի մեջ: Այո´, մի թաց փուշ: Ասում են, չէ՞, մաշկին դիպած փուշն ամբողջ մարմնով պտտվում եւ դեպի սիրտ է սկսում շարժվել, դեպի սիրտ է սկսում շարժվել: Նրա սիրտը երկու սենյականոց է: Երկրորդ սենյակի դռնից ներս է մտնում:

Վրայից հոտ է սկսում բարձրանալ: Այրված արյան հո´տը: Ձախ կողմին խփած այդ արյունոտ բռունցքի հո´տը:

«իկ, իկ, իկ, բլրիկ, մանկիկ, փոքրիկ, մայրիկ - մայրիկ - մայրիկ...»

(1) Gecekondu - մեկ գիշերվա ընթացքում կառուցված հյուղակներ` առանց որեւէ թույլտվության, որոնք, այնուամենայնիվ, որպես կանոն, իշխանությունները չէին քանդում` հետեւելով  որոշակի ավանդույթների եւ գրված ու չգրված որոշակի օրենքների:

Թուրքերենից թարգմանեց Կարոլինա ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ