«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամն է, որը ներգրավված է Սամվել Կարապետյանի պաշտպանության գործում:
- Հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Սրբազանին մեղադրում են «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ»: Դատարանի որոշումը մեծ վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում, հնչել են դատապարտող հայտարարություններ, կոչեր, այդ թվում՝ Ձեր կողմից: Որոշումը սպասելի է՞ր, եւ ի՞նչ է պետք անել այս իրավիճակում:
- Մինչ Շիրակի թեմի առաջնորդի իրավաբանական թիմը խոսում է իր անունից, մենք չզարմացանք որոշումից, չնայած այն մնում է խորապես մտահոգիչ: Երբ կառավարությունն իր քրեական օրենսգիրքը վերածում է այլախոհությունը լռեցնելու գործիքի, նման դատավճիռները, ցավոք, կանխատեսելի են դառնում: «Իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» մեղադրանքն աբսուրդ է, երբ ուղղված է հոգեւորականի դեմ, որի միակ «հանցագործությունը» իր երկրի բարոյական եւ սոցիալական ուղղության վերաբերյալ խոր մտահոգություն հայտնելն էր: Միջազգային հանրությունը չի կարող լռել, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն հանդիսացող Հայաստանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Խոսքի եւ կրոնի ազատության իրավունքը պայմանավորված չէ իշխող կուսակցությանը հավատարմությամբ: Ես կոչ եմ անում Երեւանին՝ չեղյալ հայտարարել այս դատավճիռը եւ դադարեցնել կրոնական գործիչների եւ նրանց կողմնակիցների հետապնդումները:
- Օգոստոսին այց կատարեցիք Երեւան՝ կապված մի քանի աղմկահարույց գործի հետ՝ Բագրատ եւ Միքայել սրբազանների գործը, ճնշումները Հայ առաքելական եկեղեցու վրա, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Ձեր 50-ամյա պրակտիկայում երբեւէ առնչվե՞լ եք քաղաքական այսպիսի զանգվածային ու թիրախային հետապնդումների հետ:
- Մեր այցը Հայաստան ուղղակիորեն կապված էր իմ հաճախորդ Սամվել Կարապետյանի կալանավորման հետ, բայց նրա կալանավորումն արտացոլում է Հայ առաքելական եկեղեցու, նրա հոգեւորականության, մասնավորապես՝ Բագրատ եւ Միքայել արքեպիսկոպոսների, ինչպես նաեւ՝ նրա կողմնակիցների նկատմամբ ավելի լայն հետապնդումները: Իմ 45 տարվա պրակտիկայի ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես են կառավարությունները դատարաններն օգտագործում որպես իրենց քննադատներին վախեցնելու միջոց, բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում Հայաստանում, իսկապես անսովոր է: Բացառությամբ, հնարավոր է, Ուկրաինայի, ես երբեք չեմ հանդիպել այնպիսի իրավիճակի, երբ պատմական ազգային եկեղեցու ողջ ղեկավարությունը՝ իր բարերարների հետ միասին, համակարգված կերպով թիրախավորվի։ Սա մեկուսացված հետապնդումների շարք չէ: Սա համակարգված արշավ է, որը նախատեսված է իշխանությունը պատասխանատվության ենթարկելու ընդունակ վերջին բարոյական եւ քաղաքացիական ինստիտուտներից մեկը քանդելու համար: Երբ եպիսկոպոսները բանտարկվում են, իսկ նրա կողմնակիցներին՝ սպառնում, մենք դուրս ենք գալիս նորմալ քաղաքականությունից, մենք բախվում ենք ժողովրդավարության վրա լիամասշտաբ հարձակման: Հենց այս պատճառներով էլ մենք հաջորդ շաբաթ կվերադառնանք Հայաստան:
- Դուք եւս ստանձնել եք Սավել Կարապետյանի պաշտպանությունը: Պնդում եք՝ աշխարհը, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը պետք է իմանան, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը հայ բարերարի հետ, որը մշտապես եւ մեծապես աջակցել է Հայաստանին, Արցախին, Հայ եկեղեցուն։
- Պարոն Կարապետյանը հսկայական անձնական ռեսուրսներ է նվիրել Հայաստանի հոգեւոր, ճարտարապետական եւ մշակութային ինքնության պահպանմանը: Տարիներ շարունակ նա կանգնած է եղել հայերի կողքին, երբ շատերը չեն եղել: Նրան հիմա մեղադրել «իշխանության բռնազավթման» եւ «փողերի լվացման» մեջ, վիրավորանք է ոչ միայն նրա, այլեւ այն հայերի համար, որոնց նա աջակցել է, եւ ովքեր, իրենց հերթին, աջակցում են իրեն: Ահա թե ինչու մենք պնդում ենք, որ միջազգային կազմակերպությունները, Միավորված ազգերի կազմակերպությունը եւ օտարերկրյա կառավարությունները պետք է հասկանան, թե ինչ է կատարվում: Եթե նման հալածանքները շարունակվեն, դա ուղերձ կհղի արտասահմանում գտնվող յուրաքանչյուր հայի, որ սեփական ժողովրդին, սեփական եկեղեցուն եւ սեփական ժառանգությանը աջակցելը կարող է ձեզ բանտ նետել։
- Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի արշավը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ արդյունքներ ունենք: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
- Մենք արդեն մի քանի կարեւոր քայլ ենք ձեռնարկել: Գործը ներկայացվել է մեր միջազգային գործընկերներին: Իրազեկությունը մեծանում է, եւ պատմությունը տեղափոխվում է ներքին իրավական հարցից դեպի քաղաքական եւ կրոնական հետապնդման լուրջ դեպք: Մենք ակտիվորեն փաստաթղթավորում ենք պատշաճ ընթացակարգի խախտումները, եւ դուք ավելին կլսեք մոտ ապագայում։ Մենք գործադրում ենք ինչպես իրավական, այնպես էլ՝ բարոյական ջանքեր: Մեր նպատակը ոչ միայն մեկ մարդու պաշտպանելն է, այլեւ այն սկզբունքի վերահաստատումը, որ արդարադատությունը Հայաստանում պետք է կրկին պատկանի ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական էլիտային։
- Այդուհանդերձ, Դուք մտադիր եք օգտագործել նաեւ ՀՀ իշխանությունների հետ բանակցելու, երկխոսելու հնարավորությունը, քանի որ համոզված եք՝ միջազգային արբիտրաժային դատարանի արտակարգ միջանկյալ որոշումները, ի վերջո, կատարվում են եւ կարող են չափազանց «ծանր նստել» կառավարության վրա: Այս իմաստով, պաշտոնական Երեւանից կա՞ն ազդանշաններ:
- Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել՝ երկխոսություն սկսելու: Սակայն իրական երկխոսություն չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ դատարաններն օգտագործվում են որպես զենք, իսկ քննադատները բանտարկվում են: Կառավարությունը գիտի, որ արդեն իսկ գործող միջազգային ժամանակավոր միջոցառումները լուրջ եւ պարտավորեցնող են: Դրանց իրականացումը կցուցադրի օրենքի գերակայության նկատմամբ տարրական հարգանք։ Մինչ օրս մենք պաշտոնական Երեւանից որեւէ կառուցողական ազդանշան չենք ստացել, բայց մեր ձեռքը մնում է մեկնված։