«Աննախադեպ» դրամաշնորհային ծրագրով մեկ տարում ոչինչ չի արվել

«Աննախադեպ» դրամաշնորհային ծրագրով մեկ տարում ոչինչ չի արվել

2018 -ին ՀՀ կառավարությունը հաստատեց մի գրանտային ծրագիր, որը մեկ տարի առաջ ներկայացվում էր որպես Գերմանական զարգացման բանկի (KfW) աննախադեպ սատարում Հայաստանին՝ 23,2 մլն եվրո՝ «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի համար։ Ծրագրի ընդհանուր տեւողությունը 8 տարի է։ Հանրահայտ ճշմարտություն է, որ բնապահպանությունը թանկ ոլորտ է, եւ 23 մլն դոլարը շրջակա միջավայրի պահպանության համար այնքան էլ մեծ գումար չէ։ Բայց նկատի ունենալով, որ Հայաստանի բնությունը պահպանելու համար նման գումար երբեք չէր տրամադրվել, ոգեւորվելու առիթ իրոք ունենք։ Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում են բնական ռեսուրսների, բնական հուշարձանների, պահպանվող տարածքների բարելավում, անտառների վերականգնում, առանձին համայնքներում զբաղվածություն ստեղծելու, սոցիալ-տնտեսական միջոցառումների ծրագրեր եւ այլն։  

Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատելուց հետո անցել է մեկ տարի։
«Հրապարակը» հարցում էր ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են կատարվել այս մեկ տարում, ինչ է արվել դրամաշնորհային աննախադեպ ծրագրի շրջանակներում։ Եվ քանի որ նախարարությունն անմիջապես չէր բավարարել մեր հետաքրքրասիրությունը, ենթադրել էինք, որ 8,3 մլն եվրոյի միջոցառումները, որոնք անցնող տարի իրականացվել են Սյունիքի բնության հատուկ պահպանվող տարածքներում, հենց այս ծրագրի սահմաններում են իրականացվել։ Պարզվեց՝ այս միջոցառումները կապ չունեն KfW դրամաշնորհի հետ, եւ աննախադեպ դրամաշնորհը դեռ չեն սկսել ծախսել։

«2018 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի 23.208,483․13 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիրը, իսկ ծրագիրը դեռեւս չի մեկնարկել»,- ասված է նախարարության պատասխանում։ Նախարարությունից վստահեցնում են, որ 8-ամյա ծրագրի իրականացումը կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը, պահպանվող տարածքների, բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառային լանդշաֆտի վերականգնում, հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական միջոցառումներ, խորհրդատվական ծառայութուններ եւ այլն։

«Ծրագրի թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, եւ այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում»,- ասվում է նախարարության պատասխանում։ Այլ կերպ ասած՝ 23 մլն դոլարը շատ հարմար ու ազատ պայմաններով տրվող փող է, որը կարող են օգտագործել ցանկացած մարզում, բայց մինչ օրս ոչինչ այս ուղղությամբ չի արվել։ Կարելի էր այն տրամադրել Հայաստանին, օրինակ, այս տարի եւ ոչ թե 8, այլ 7 տարի ժամկետով։ Դրանից ոչինչ չէր փոխվի։