«Սամվել Ալեքսանյանը եւ իմ խաչապուրին». մամուլի տեսություն

«Սամվել Ալեքսանյանը եւ իմ խաչապուրին». մամուլի տեսություն

Մեր հարեւան Շմավոնը հիմա էլ որոշել է լրագրող դառնալ: Ինձ ասում է՝ էլ չեմ ուզում քո մուննաթին մնալ, ինքս կգրեմ, ինքս էլ կհրապարակեմ: Ես իրեն այդ գործում հաջողություն մաղթեցի եւ, որ ճիշտն ասեմ, մտքումս ուրախացա՝ վերջապես պրծա Շմավոնի գրվածքներն ու ելույթները խմբագրելու տաժանակիր աշխատանքից: Դուք երեւի դեռ հիշում եք Շմավոն Բաղդասարյանին՝ Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունների միակ ինքնառաջադրված թեկնածուին: Այդ օրերին նա հաճախ էր ելույթներ ունենում, որոնք, թող գլուխ գովել չլինի, ես էի գրում: Բայց դե՝ Շմավոնի բախտը չբերեց: Ավինյանն իր հիմար նշանաբանով (Ասեք՝ կանենք) մի քանի ձայն ավելի տարավ ու ընտրվեց քաղաքապետ: Ես Շմավոնին առաջարկում էի ընտրություններին մասնակցել «Չասեք էլ՝ կանենք» կարգախոսով, բայց նա կտրուկ դեմ եղավ իմ գաղափարին եւ որոշեց որդեգրել «Ամեն ինչ կանեմ, ձեր ցավը տանեմ»՝ իմ կարծիքով չափից դուրս պոպուլիստական կարգախոսը:

Երեկ նա մի հոդված ձեռքին՝ եկել էր մեր տուն: Խնդրեմ, ասաց, կարող ես զմայլվել, իմ առաջին լրագրողական փորձն է, կարելի է ասել՝ երախայրիքը:
- Վայ քո տունը չքանդվի, Շմավոն, է՞ս ինչ ճռճռան բառ էր: Վերջին անգամ համալսարանում էի հանդիպել…
- Բա որ հոդվածը կարդաս՝ ինչքան բառերի կհանդիպես:
- Սպասիր, Շմավոն, մենք պայմանավորվել էինք, որ սրանից հետո ինքդ պիտի գրես, ինքդ էլ հրապարակես: Ինչո՞ւ ես բերել ինձ մոտ:
- Զարմանալի մարդ ես, հարեւան ջան, չես ուզո՞ւմ լինել իմ անդրանիկ հոդվածի առաջին ընթերցողը:
- Ոչ, չեմ ուզում,- նրա այդ մեծամտությունից զայրացա ես:
- Ոնց կասես… Վաղը թերթում կկարդաս շարքային ընթերցողների հետ:
- Եվ որ թերթո՞ւմ…
- Դեռ չեմ որոշել, բայց դու բոլոր թերթերն էլ առ…

Շմավոնի գնալուց հետո ես մեռած էի՝ թաղած չէի: Հիշում էի, թե ինչպես տետրի թերթի վրա գրված առաջին հոդվածս (ձեռագիր) կրծքիս սեղմած՝ թակեցի «Ավանգարդ» թերթի դուռն ու երկչոտ ներս մտա՝ հոդված եմ բերել, կտպե՞ք… Դու Շմավոնին տես՝ 63 տարեկանում առաջին հոդվածն է գրել ու այնքան է վստահ իր ուժերին, որ ինձ ասում է՝ բոլոր թերթերն առ… Այսինքն՝ համոզված է, որ կտպեն:

Շոկի մեջ էի: Հաջորդ առավոտյան կրպակում ինչքան թերթ կար, վերցրի ու մտա «Լենինի հետեւի» այգին: Տենդագին փնտրում էի «Շմավոն Բաղդասարյան» ստորագրությունը եւ հերթական թերթը փակելուց հետո մտքում քմծիծաղ տալիս՝ առը հա քո բախտից, Շմավոն, թե քո հոդվածը կտպեն: Բայց հասա «Հրապարակին» ու… Այ քեզ բա՜ա՜ա՜ն, տպել են: Ճիշտ է, 8-րդ էջում, ճիշտ է՝ ներքեւում, բայց ի՜նչ շքեղ վերնագրի ներքո՝ «Սամվել Ալեքսանյանը եւ իմ խաչապուրին»: Մի շնչում կարդացի: Հոդվածում Շմավոնը խոսում էր այն մասին, թե ինչպես են ՀՀ իշխանություններն ու նախկին օլիգարխները թալանում խեղճ թոշակառուներին: Վերջում էլ հռետորական հարց էր հնչեցրել՝ ե՞րբ պետք է վերջ տաք այս թալանին: Չէ, մալադեց Շմավոն, դու լավ լրագրող կդառնաս: Լավ էլ հաշվում ես գների՝ դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված թռիչքները, աչքաչափդ էլ տեղն է՝ ակնոցի խնդիր չունես:

Իսկ ինչո՞ւ էր Շմավոնն ընտրել հենց Սամվել Ալեքսանյանին, մի՞թե մյուս նախկին օլիգարխները չեն թալանում, մի՞թե համեմատաբար նոր օլիգարխներ չկան, որոնք նույնպես թալանում են: Այս հարցին Շմավոնը սպառիչ պատասխան էր տվել՝ իր հերթին հարց տալով․ «Չեք ամաչո՞ւմ, չէ՞ որ ես «Երեւան սիթիի» հավատարիմ հաճախորդ եմ եղել»:
Շատ երկար չպատմեմ հոդվածը: Ասեմ միայն, որ Շմավոնը բողոքում էր «Երեւան սիթիում» թխվող եւ վաճառվող պանրով խաչապուրուց, որն սկսել է չափերով փոքրանալ: Շմավոնը գրում է. «Այսպես որ գնա, վաճառասեղանին (իրականում՝ ստելլաժի վրա) խաչապուրին խոշորացույցով ենք փնտրելու: Բայց չէ՞ որ ես թոշակառու եմ արդեն եւ նույն 220 դրամն եմ վճարում մեկ խաչապուրու համար, որն այլեւս քաղցս չի հագեցնում: Ի՞նչ է պատահել, պարոն Ալեքսանյան, որ խաչապուրին փոքրացրել, դարձրել եք կես ու շարունակում եք նույն գնով վաճառել: Դրամն արժեւորվել է, այնպես չէ՞, խաչապուրին պետք է էժանանար, այնպես չէ՞… Իսկ ինչո՞ւ է թանկացել: Ես հիմա ստիպված եմ երկուսը գնել, բայց ես ինչի՞ տեր եմ, որ մի փոր հացի համար 440 դրամ վճարեմ»:

Ինձ հատկապես դուր եկավ հոդվածի այն մասը, որտեղ Շմավոնը «քլնգել էր» իշխանություններին եւ Նիկոլից բռնած՝ բոլորին անվանել թալանչի: Ծանոթ լինելով Շմավոնի «բակային» բառապաշարին՝ իսկույն հասկացա, որ Գլխավորը կարգին չարչարվել է նրա հոդվածի այս բաժինը խմբագրելու վրա: Նույնիսկ տպագիր վիճակում տեքստի մեջ այնպիսի բառեր ու որակումներ կային, որ եթե թերթին դատի չտան՝ լավ է: «Էշ-էշ հեծանիվ քշելու փոխարեն ժողովրդի մասին մտածեք»,- առաջարկել է Շմավոնը՝ չմոռանալով մեղադրել իշխանություններին՝ նախկին ու ներկա օլիգարխների հետ հասարակ քաղաքացիներին եւ հատկապես թոշակառուներին թալանելու մեջ:

Կեցցես, Շմավոն, ճիշտ կետին ես խփել: Իշխանություններն ու օլիգարխները (նախկին, թե ներկա) կարծես «իրար բերան թքած լինեն»: «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով են աշխատում: Իշխանությունները հնարավորություններ են ընձեռում, իսկ «բարեխիղճ» գործարարները փող են սարքում: Շատ փող, այնքան փող, որ հա՛մ իրենք բավարարվեն, հա՛մ էլ իշխանություններին հասցնեն: Իշխանություններին հասցնելն էլ գիտությունով է արվում: Թե բա՝ հարկեր են մուծում: Իսկ ո՞ւր են գնում այդ հարկերը, եթե ոչ իշխանությունների գրպանը: Մեկին` պարգեւավճար, մեկին` աստղաբաշխական աշխատավարձ, երրորդին՝ օդից բռնած փող… Դե եկ, խեղճ Շմավոն, ու սպասիր, որ մի օր թոշակդ կբարձրացնեն:

ՀԳ. Երեկոյան ես Շմավոնին կներկայացնեմ իմ դիտարկումներն իր հոդվածի մասին: Կհրավիրեմ մեր տուն՝ սուրճի, եւ որոշ խորհուրդներ կտամ, որոնք նրան կօգնեն՝ հետագայում ավելի գլոբալ ներկայացնել խնդիրը: Կասեմ` Շմավոն ջան, մյուս անգամ չգնաս ու լռվես խաչապուրու ստենդի մոտ, սուպերմարկետներում լիքը բաժիններ կան եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Միս, ձուկ, հաց… Ապրանքներ կան, որոնց գինը նշվում է 100 գրամի համար: Հանկարծ չվերցնես ու փաստի առաջ կանգնես դրամարկղի մոտ: Շարունակիր աչալուրջ հետեւել նաեւ դոլար-դրամ փոխարժեքին: Իշխանություններն ու «բարեխիղճ» օլիգարխներն այսօր ամենաշատը դրա վրա են փող սարքում: