Ավելի քան 18 մլն դրամ՝ հանուն ոչնչի. Ռևազյանը պատրաստվում է հաջորդ գործուղմանը

Ավելի քան 18 մլն դրամ՝ հանուն ոչնչի. Ռևազյանը պատրաստվում է հաջորդ գործուղմանը

Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին:
Այդ ընթացքում Տաթեւիկ Ռեւազյանը շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն  դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար եւ ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի եւ գիշերավարձի:

ՔԱԿ նախագահի գործուղումներում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որեւէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում եւ 2 անգամ՝ Ֆրանսիայում:

Մեր ունեցած տեղեկություններով, նա անգամ հասցրել է «անսալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, այն է՝ Ամանորին չբացակայել երկրից, եւ իր վաստակած հանգիստն է վայելել Կոպենհագենում: Սակայն այդ նույն կոչին չենթարկվող մի քանի այլ պաշտոնյաներ կորցրին իրենց աշխատանքը:

Ինչեւէ, չշեղվելով թեմայից, նշենք, որ առաջիկայում եւս մեկ գործուղում է սպասվում Տաթեւիկին. հուլիսի 17-19-ը նախատեսվում է հանդիպում «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր է, թե Ռեւազյանն այս անգամ ինչ արդյունքներով կվերադառնա հերթական գործուղումից…
Զուտ որպես փաստ՝ Տաթեւիկի նախորդ գործուղումների արձանագրած ցուցանիշները․ չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, որոնց հետ հանդիպումների ժամանակ Ռեւազյանը ներդնում է իր բանակցելու գերբնական կարողությունները, չեն էժանացել ավիատոմսերի գները, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող եւ այլն, եւ այլն։ Սակայն մենք ունենք մեկ ուրիշ փաստ եւս․ պետական բյուջեից բավականին կլոր գումար է հատկացվել չապահովված արդյունքների դիմաց, այսինքն՝ հանուն ոչնչի։

Բայց գուցե պետք է Ռեւազյանի պես լավատես գտնվել եւ սպասել իր շրջագայությունների արդյունքներին, որոնք կիրականանան շատ շուտով՝ 15 տարուց: Եվ գուցե ճիշտ էր Էդմոն Մարուքյանը, ով ՔԱԿ նախագահի որպես միակ առավելություն նշեց նրա սիրուն աղջիկ լինելը…

*ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործուղման ավիատոմսերի գների մասին տեղեկատվության աղբյուր հանդիսացել է https://www.govtravel.am/report/ կայքը: