Անկեղծորեն ցանկանում եմ, որ որոշումները լինեն ծանրակշիռ եւ ի շահ թատրոնի

Անկեղծորեն ցանկանում եմ, որ որոշումները լինեն ծանրակշիռ եւ ի շահ թատրոնի

Ճանաչված դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ով 2016-2021 թվականներին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր, Հայաստանում իր աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նշանակվեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում, որտեղ էլ արդեն մեկ տարի շարունակում է աշխատանքային-ստեղծագործական գործունեությունը։ Մենք կապ հաստատեցինք մաեստրոյի հետ եւ փորձեցինք ճշտել, թե ստեղծագործական ինչ ընթացքի մեջ է, հետեւո՞ւմ է օպերային թատրոնի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ ի՞նչ կարծիք ունի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ 

- Պարոն Օրբելյան, ինչպե՞ս եք գնահատում Օպերայի վերջին մեկ տարվա գործունեությունը` թե՛ խաղացանկային առումով (նոր ներկայացումներ, նոր պրեմիերաներ) ե՛ւ թե տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանի գործունեությունը, որից մեծապես դժգոհ են թատրոնի ներսում:

-  Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում իմ գործունեության 5 տարվա ընթացքում ինձ համար, իսկապես, ամեն ինչ շատ հարազատ եւ թանկ դարձավ, եւ, բնականաբար, այսօր էլ չեմ կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում իմ հայրենիքում եւ հարազատ թատրոնում։ Ես Հայաստանում մեծաթիվ ընկերներ, բարեկամներ ունեմ եւ նրանց հետ մշտապես ակտիվ կապի մեջ եմ, չեմ դադարեցրել համագործակցությունս շատ հայ արտիստների հետ, դեռ ավելին՝ նոր ու մեծածավալ նախագծեր ունենք։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բոլոր այն ծրագրերը, ներկայացումները, որոնցով Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնը զարգացման նոր աստիճանի վրա հասավ, իսկապես, աննկարագրելի հաջողություններով ներկայացավ նաեւ Հայաստանից դուրս, այսօր նույնպես շարունակություն ունենան։ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնը մեր երկրի մշակութային այցեքարտն է աշխարհում, մենք պետք է սիրենք ու փայփայենք մեր հարազատ թատրոնը։ Համենայնդեպս, ես իմ գործունեության ընթացքում ամեն ջանք ու եռանդ գործադրել եմ, որպեսզի կառուցվածքային առումով այդ բավականին բարդ մեխանիզմն անխափան աշխատի եւ փառք ու պատիվ բերի մեր երկրին ու հայրենի մշակույթին։ Չնայած այն փաստին, որ կապս պահում եմ հայաստանյան իմ գործընկերների հետ, մշտապես տեղեկանում եմ Հայաստանում տեղի ունեցող մշակութային իրադարձություններին, սակայն իմ իրազեկվածության չափը թույլ չի տալիս այս պահին գնահատականներ տալ օպերային թատրոնի ներկայիս եւ արդեն մեկ տարի շարունակվող ժամանակավոր ղեկավարության գործունեությանը։ Հուսանք, որ ցանկացած որոշում եւ քայլ, որ տեղի կունենան օպերային թատրոնում, խորապես գիտակցված եւ բազմակողմանի վերլուծությունների արդյունքում կլինեն։
Իսկ ինչ վերաբերում է պրեմիերաներին, ապա պետք է հստակ տարբերակենք պրեմիերան եւ արդեն իսկ խաղացանկում եղած ներկայացումը պարզապես որոշակի դադարից հետո նորից ցուցադրելը։ Օրինակ, ինչ վերաբերում է Դոնիցետտիի «Պողիկտոսին», ապա այս ներկայացումը ոչ թե պրեմիերա կամ վերականգնում պետք է դիտարկվի, այլ որոշակի դադարից հետո այն դարձյալ ներկայացվում է, քանի որ պրեմիերան արվել է Տիգրան Լեւոնյանի կողմից, իսկ իմ պաշտոնավարման ընթացքում այն երկարատեւ դադարից հետո վերականգնվել է, եւ ներկայացումը հստակ ամրագրվել է թատրոնի խաղացանկում։ Նույնը վերաբերում է նաեւ մի շարք այլ ներկայացումների։  

- Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ մեկ տարի է՝ արդեն մրցույթ չի հայտարարվում թատրոնի տնօրենի պաշտոնի համար: Դուք անձնապես ինչպիսի՞ տնօրեն կուզեիք տեսնել օպերային թատրոնի ղեկին:

- Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել, քանի որ այս մասին կարելի է իմանալ բացառապես պատկան գերատեսչություններից, սակայն, ինչպես արդեն նշեցի, ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մեր երկրի մշակութային գանձը՝ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնը, որեւէ փոփոխության կամ նորամուծության արդյունքում չտուժի, այլ որոշումները լինեն ծանրակշիռ եւ ի շահ թատրոնի։ Հուսանք։

- Մեկ տարի է արդեն՝ ղեկավարում եք Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնը, ի՞նչ նախագծերի, ներկայացումների վրա եք աշխատում այդտեղ։ 

- Ամռան այս ամիսներին համերգային ներկայացումներ ենք նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։ Օգոստոսի 12-ին Բրայան պուրակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան՝ տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի եւ անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին եւ ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունենա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց  Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Բացի այդ, սեպտեմբերի 2-ին Բրայան պուրակում ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»։ Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելինիի «Պուրիտաններ» օպերան՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ բացօթյա համերգային ներկայացումների այս նախագծերը հաջողություն ունեցան՝ վերականգնելով նաեւ Նյու Յորքի քաղաքային օպերայի լավագույն ավանդույթները։ Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսն էլ մեծ բավականությամբ է այցելում այսօրինակ համերգներին։ Կարծում եմ՝ մենք մեր առջեւ դրված խնդիրը կարողացանք իրագործել՝ բացելով նոր ստեղծագործական նախագծերի դուռ։ Այսօրինակ համերգ-ներկայացումները հատկապես ամառային ամիսներին մեծ պահանջարկ ունեն, եւ մենք այն կդարձնենք պարբերական։

- Իսկ Հայաստանի հետ կապված՝ ստեղծագործական պլաններ ունե՞ք:  

- Հայաստանը մշտապես իմ ամենօրյա ուշադրության դիտակետում է։ Ես աշխարհի որ կետում էլ աշխատեմ, ապրեմ, միեւնույն է՝ Հայաստանն այլեւս իմ սրտում եւ հոգում է, եւ ոչինչ չի կարող բաժանել իմ հայրենիքից, ընկերներից, հարազատներից։ Բնականաբար, այս ընթացքում ես սերտորեն շարունակում եմ կապ պահել հայաստանյան շատ արտիստների հետ, նրանցից շատերի հետ արդեն իրականացրել ենք տարբեր նախագծեր, բազմաթիվ ծրագրեր կան, ես մշտապես ցանկացած նոր նախագծում աչքիս առաջ ունեմ հայ արտիստներին նույնպես։ Ասել եմ բազմիցս, որ մենք հայրենիքում ունենք մեծաթիվ տաղանդաշատ արտիստներ, որոնց պետք է հնարավորության սահմաններում մշտապես աջակցել, նպաստել նրանց մասնագիտական աճին։