Կայացել է Արամ Ա Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը (լուսանկարներ) 

Կայացել է Արամ Ա Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը (լուսանկարներ) 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում։ Տեղեկությունը հայտնում է Vatican News–ը։

Արամ Ա-ն Հռոմ է մեկնել Սուրբ աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով` «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու: Ելույթ են ունեցել Սուրբ աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Դասախոսության ավարտից հետո ներկաները հարցեր են ուղղել Արամ Ա–ին Միջին Արևելքի կացության, միջեկեղեցական հարաբերությունների և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Արամ Ա-ի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տևել է 30 րոպե, որի ժամանակ տեղի է ունեցել երկու եկեղեցապետների առանձնազրույցը։

Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ:
Արամ Ա կաթողիկոսին ուղեկցել են կաթողիկոսարանի Միջին Արևելքի միջեկեղեցական և քրիստոնեա–իսլամական հարաբերությունների բաժանմունքի վարիչ Սարգիս վարդապետ Աբրահամյանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը։
Հանդիպման ավարտին կողմերը նվերներ են փոխանակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կաթողիկոսության մամուլի ծառայությունը հայտնել էր` Արամ Ա–ն մեկօրյա այցով է մեկնելու Վատիկան։