Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակնկալենք

Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակնկալենք

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․

«Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ հայտնեց, որ թույլատրում է «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս
փայաբաժնի ձեռքբերումը։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն նաեւ պարտավորվել է առնվազն 6 ամսվա ընթացքում
աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10
տոկոսը) չիրականացնել: Աշխատակիցների մասով հարկ եղած դեպքում առանձին կանդրադառնամ։

Իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ դեռեւս մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի այն մասին, որ հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների վերաբերյալ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն եւ հանրությունը պետք է իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվում այդ գործարքը: «Թիմ» ՍՊԸ-ն ինձ պատասխանում նշեց, որ խոսքը ֆինանսավարկային միջոցների մասին է։

Ուրեմն, ինչպես արդեն հայտնել էի, գործարքի հնարավոր գինը շուրջ 60 մլն դոլար է, որի վերաբերյալ «Թիմ»-ը ներկայացրել է բանկի կողմից ֆինանսավորման հաստատումը «ՎԵՈՆ»-ին։ Հնարավոր ֆինանսավորողը Արդշինբանկն է, սակայն բանկի անունը երկրորդական է։ Անհրաժեշտ է ֆինանսական երաշխիքների մասին խոսենք նորմատիվ կարգավորումների տեսանկյունից։
ՀՀ-ում Ֆինանանսական կազմակերպությունները փոխառություն տրամադրելիս մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափ ունեն. գործընթաց, որը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից։ Տվյալ դեպքում Արդշինբանկի կողմից, «Թիմ» ՍՊԸ-ին տրամադրող վարկը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 20%-ը։

Փոխառուի ռիսկ ասելով նկատի ունենք բանկի նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները՝ վարկ, ակրեդիտիվ, երաշխիք եւ այլ չմարված պարտավորություններ։

Այսպես, 31.03.2020-ի դրությամբ Արդշինբանկի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 77.5 մլրդ դրամ։ Նշված նորմատիվը մարտի դրությամբ կազմել է 17.47%։ Այսինքն մարտի վերջի դրությամբ մեկ փոխառուին եւ նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի գումարի չափը կազմել է 13,54 մլրդ դրամ։

Այժմ, կոնվերտացրեք 60,000,000 դոլարը դրամի ու փորձենք հասկանալ՝ ո՞ր «նորմատիվներով» է այս գործարքը կարգավորվում, քանզի եղած թվերի համադրությամբ այն էապես գերազանցում է ԿԲ սահմանվածներին։ Արդյոք այդ «նորմատիվները» ենթադրում են որեւէ «բարերարի» երաշխիք կամ պետական պաշտոնյայի «բարի կամք»։

Վերջապես մենք պետք է իմանանք ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը։ Ժամանակին ինչ արվել, արվել է… ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակընկալենք»։