Ժամանակի համառոտ պատմությունը

Ժամանակի համառոտ պատմությունը
Ստեֆըն Հոքինգ

Մեր ժամանակների մեծագույն ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Ստեֆըն Հոքինգի (1942-2018) «Ժամանակի համառոտ պատմությունը» գիտահանրամատչելի գիրքը (հայերեն լույս է տեսել 2001 թվականին, Երեւան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 212 էջ, թարգմանությունը անգլերենից՝ Տիրան Քրմոյանի, Աննա Մխիթարյանի) անպայման կարեւոր է, նույնիսկ պարտադիր է ներգրավել կրթական ծրագրերում, իսկ գրքի ընթերցումն ու հետազոտումը հետայսու պիտի ընտելական դառնա ոչ միայն լոկ գիտության պատմությամբ, գիտության նոր նվաճումներով հետաքրքրվողների, այլեւ հանրության լայն շրջանակների համար:
«Ժամանակի համառոտ պատմությունը» միջազգային բեսթսելեր է, հրատարակվել է «Bantam Dell Publishing Group» հրատարակչության կողմից՝ 1988 թվականին, վաճառվել է միլիոնավոր օրինակներով, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Գիրքը շարունակ վերահրատարակվում է, գրավում ընթերցողների սրտերը, ներազդում ինչպես գիտության, այնպես էլ մշակույթի եւ հումանիտար մասնագիտությունների վրա: Հոքինգը ներածությունում գրում է․ «Ընդհանրապես, կյանքում բախտավոր եմ եղել, բացի այն դժբախտությունից, որ հիվանդացա ԱԿՍ-ով կամ շարժիչ նեյրոնների ախտահարմամբ: Այն հոգածու վերաբերմունքը, որով իմ կինը՝ Ջեյնը, եւ իմ երեխաները՝ Ռոբերտը, Լյուսին ու Թիմմին, շրջապատում են ինձ, հնարավոր դարձրեց, որպեսզի ես բավականին բնականոն մի կյանք վարեմ եւ հաջողակ կարիերա ունենամ։ Երջանիկ եմ նաեւ, որ մասնագիտացել եմ տեսական ֆիզիկայի բնագավառում, որովհետեւ այն զուտ մտավոր աշխատանք է։ Այսպիսով, իմ ֆիզիկական անկարողությունը լուրջ արգելք չի եղել։ Իսկ իմ գիտական գործընկերները, առանց բացառության, շատ օգտակար են եղել ինձ» (էջ 9):
Գիրքը բաղկացած է ներածությունից, նախաբանից, որը հեղինակել է եւս մի անվանի աստղագետ, աստղաքիմիկոս, տասնյակ գիտահանրամատչելի գրքերի, «Տիեզերք. անձնական թռիչք» նշանավոր հեռուստասերիալի հեղինակ Կարլ Սագանը, 11 գլխից, ապա, իբրեւ լրացում՝ «Ալբերտ Էյնշտեյն», «Գալիլեո Գալիլեյ», «Իսահակ Նյուտոն», «Բառարան», «Ցուցիչ» հավելվածից: Վերջում գիրքը փակվում է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի շնորհակալական հակիրճ խոսքով։ Ահա մի հատված․ «Այս հրաշալի գրքի թարգմանության գաղափարն առաջացել է շատ վաղուց եւ նախապատրաստվել լուսահոգի Տիրան Քրմոյանի նախաձեռնությամբ: Սակայն մեր ժամանակներին բնորոշ դժվարությունների պատճառով գիրքը հնարավոր եղավ լույս ընծայել բավականին ուշացումով: Մասնագիտությամբ լինելով ոչ տիեզերագետ կամ աստղագետ, այլ ֆիզքիմիկոս՝ Քրմոյանը լրջորեն աշխատեց, եւ նրա անհրաժեշտ մեկնաբանություններով ու բացատրություններով՝ թարգմանությունը դարձավ առավել մատչելի ու լիարժեք» (էջ 212): 
Արդարեւ, Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմությունն» ասես տիեզերքի, տարածության ու ժամանակի մասին ընթերցվող մի աննախընթաց վեպ լինի, անշուշտ՝ բաղադրյալ, բայցեւայնպես, Հոքինգի մտածողական ու պատմողական տաղանդի շնորհիվ՝ դյուրըմբռնելի եւ խորը: