Քաղաքական էքսցենտրիզմի անվիճելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է

Քաղաքական էքսցենտրիզմի անվիճելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է՝

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսՑԵՆՏՐԻԶՄ. տարերայնություն, քաոսայինություն, անկանխատեսելիություն, ռեակցիոնիզմ, հուզականություն և հոգեկան անհավասարակշռություն։

Սրանք այն բնութագրիչներն են, որոնցից պետք է զերծ մնան պետական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները և որոնք անհամատեղելի են պետության բարձրագույն իշխանության հետ։

Քաղաքական էքսՑԵՆՏՐԻԶՄԻ անվիճելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, ով իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում ցուցաբերում է պետության ղեկավարին ոչ վայել հուզականություն, ժեստիկուլյացիա, բառամթերք, իսկ գործողություններում և որոշումներում ընդգծված տարերայնություն և անկանխատեսելիություն։

Իր էքսՑԵՆՏՐԻԶՄՈՎ Փաշինյանին զիջում է Արսեն Թորոսյանը, ով բացի տարօրինակ հուզականությունից աչքի է ընկնում նաև լկտի ցինիզմով, ինչն առկա համաճարակի պայմաններում ուղղակի անթույլատրելի է։

Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել ամբողջ Կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավական համակարգի վրա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պետության կառավարման որակի և արդյունավետության շեշտակի անկման։

Քաղաքական էքսՑԵՆՏՐԻԶՄԻ հակակշիռը քաղաքական ՑԵՆՏՐԻԶՄՆ է, որի հիմքում դրված են մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, կայունությունն ու կանխատեսելիությունը, վստահելիությունն ու որոշակիությունը, լրջությունն ու սոլիդությունը։

Հայաստանի հաջորդ կառավարության ձևավորման հիմքում պետք է դրվի քաղաքական ՑԵՆՏՐԻԶՄԸ, որն իր բնութագրիչ հատկանիշներով ի զորու կլինի վերացնել թույլատրելի բոլոր սահմաններն անցած հուզականությունը, ատելության ու թշնամության միջավայրը, իսկ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով բարձրացնել պետության կառավարման որակն ու պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը։