Հանդիպումը չի կայանում, որովհետև ռուսներն ու թուրքերը չե՞ն պայմանավորվում

Հանդիպումը չի կայանում, որովհետև ռուսներն ու թուրքերը չե՞ն պայմանավորվում

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.ամ-ին այսօր կարծիք էր հայտնել, որ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, տապալված է։ «Եվ ներկայումս անհասկանալի է, թե երբ նրանք կկարողանան հանդիպել: Բացի այդ, Օվերչուկի առաքելությունը եղավ Երևանում և Բաքվում, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը պայմաններ է դնում Զանգեզուրի միջանցքի հարցով: Այստեղ տարաձայնություններ կան, Երևանը կարծում է նաև, որ հյուսիսային երթուղին պետք է բացվի: Համաձայնության չեն կարողանում գալ: Սա՝ առաջին: Երկրորդ՝ տեղեկատվություն եղավ Փարիզից, որ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳՆ միջնորդությամբ հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, խոսքը ԵԱՀԿ ՄԽ վերագործարկման մասին է: Սա կողմերի միջև երկրորդ հարթակն է: Կա ձևաչափ Մոսկվա-Երևան-Բաքու և երկրորդ ձևաչափը, որն ունի իր օրակարգը և այնտեղ դրված է Ղարաբաղի կարգավիճակի հարցը», -պատճառների մասին ասել էր Տարասովը։ Նաեւ նշել էր՝ զուգահեռ երկու գործընթաց է ընթանում՝ ԵԱՀԿ ՄԽ և եռյակ և 2-րդ՝ Հայաստանը մանևրում է: «Ինձ մոտ տպավորություն է, որ այդ հանդիպումը տապալել է հայկական կողմը, որպեսզի հայտնվի երկրորդ հարթակը, որտեղ Ֆրանսիան մոդերատորի դեր է ստանձնելու: Բաքուն և Երևանը չգտան ընդհանուր լուծումներ, կարելի է այսպես ասել»,- ավելացրել էր Տարասովը:

Մինչդեռ, մեր վերլուծաբաններից մեկը կարծիք հայտնեց, որ պատճառը ռուսների և թուրք-ադրբեջանական տանդեմի հակասություններն են․ռուսական կողմն ուզում է, որպեսզի մեր երկրի տարածքում «Զանգեզուրի միջանցքը» վերահսկի բացառապես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, թուրքերը չեն համաձայնում։ Այն հարցին, թե «ինչու՞ այնուամենայնիվ եռակողմ հանդիպումը չի կայանում, որի մասին ՌԴ-ն խոսել է պաշտոնական մակարդակով», իսրայելցի վերլուծաբան, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը մեզ պատասխանեց․ «Չմոռանանք, որ այդ եռակողմ հանդիպումը կազմակերպում է ռուսական կողմը։ Իսկ որևէ հանդիպման կողմերը գնում են քիչ թե շատ պայմանավորված։ Եթե ես, օրինակ, լինելով կազմակերպիչ, տեսնեի, որ չկա պայմանավորվածություն, նման հանդիպում չէի կազմակերպի, քանի որ դա կլիներ իմ սխալը, իմ սխալ հաշվարկը»,-ասաց Ցինկերը։ Նա նշեց, որ ադրբեջանական լկտի և արկածախնդրական տոնայնությունն արդեն սկսել է կամաց-կամաց վերաբերել նաև ռուսական կողմին, որը գուցե մտավախություննե՞ր ունի, որ 4 տարի հետո իրենց Արցախում մնալու մանդատը չի լինելու։ Ակնհայտ է, որ նրանք ուզում են Արցախը` ոչ միայն առանց հայ բնակչության, այլև առանց ռուս խաղաղապահների։ 

Հ․Գ․ Մոսկովյան նոյեմբերյան հանդիպման և օրակարգի կետերի մասին մեր հարցերին լրագրող Թաթուլ Հակոբյանը հրաժարվեց պատասխանել: Մենք հետաքրքրվում էինք, թե ինչու հանդիպումը տեղի չունեցավ եւ իր գաղտնազերծած փաստաթղթերը չստորագրվեցին։ «Մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց նա: Իսկ հյդ հոդվածը, ինչպես հիշում ենք, տպագրվել էր Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հիմնադրած Aliq.ge կայքում։ Հարցն ուղղեցինք նաեւ Արսեն Խառատյանին` ինչու այդ հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի չունեցավ, նա իր հերթին առաջարկեց ուղղել հոդվածի հեղինակին։