Իշխանությունն ու ընդդիմությունը թող որոշեն անելիքները

Այսօր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով արդեն 40 օր բլոկադայի մեջ հայտնված Արցախի մասին, ասաց, որ ամեն բան ակնհայտ է և երկար-բարակ խոսելն անիմաստ է.
«Մարդիկ այնքան շատ են խոսում, որ ես տարբեր կարծիքներ լսելով բավարարված եմ: Դուք խոսեք իշխանության և ընդդիմության հետ, իշխանությունն ու ընդդիմությունը թող որոշեն անելիքները, ես ասելու բան չունեմ», - ասաց Վազգեն Մանուկյանը:
Մենք նախկին վարչապետին հիշեցրինք, որ ինքը ևս ընդդիմության ներկայացուցիչ է, ավելին` 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո հենց ինքն էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն, հենց ինքն էր խոստանում Հայաստանն աղետից փրկել:
Վազգեն Մանուկյանը մեր հիշեցումները լսելով հետաքրքրվեց` սա հա՞րց էր, թե՞ դիտողություն, ապա հավելեց, որ հիմա զբաղված է և երկար խոսել չի կարող:
Վազգեն Մանուկյանին հիշեցրինք նաև, որ ինքը Ղարաբաղ կոմիտեի անդամ է և այն քչերից է, ով կանգնած է եղել Արցախի ազատագրման ակունքներում, սակայն նախկին վարչապետը համառորեն ասաց, որ հարցը միայն իշխանության և ընդդիմության քննարկման տիրույթում է:
Կարծիքներ