Թատրոնի կոլեկտիվի համար անակնկալ չէր իմ նշանակումը

Թատրոնի կոլեկտիվի համար անակնկալ չէր իմ նշանակումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին՝ ԿԳՄՍ նախարարությունում:  

Ընտրությունը տեղի է ունեցել 2 փուլով՝ բանավոր (հարցազրույց) եւ գրավոր (թեստային), որին մասնակցել են 3 հոգի․ Վարդան Գրիգորյանը՝ մշակույթի նախարարության նախկին աշխատակից, Յուրի Իգիթխանյանը՝ ռուսական թատրոնի տնօրենի նախկին ԺՊ, եւ Մարիաննա Մխիթարյանը, ով վերջին 6 ամիսներին զբաղեցնում էր ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ-ի պարտականությունները․ «Կարող եմ ասել, նաեւ հպարտանալ, որ թե՛ Յուրայի, թե՛ Վարդանի հետ գտնվում եմ շատ ջերմ հարաբերությունների մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց նորանշանակ տնօրենն ու հավելեց, որ թատրոնի առաջնային ու կարեւոր խնդիրներից մեկը լուսաձայնային տեխնիկայի վերազինումն է, որովհետեւ այն գտնվում է վատ վիճակում․ «Մեր գործընկերների հետ, որոնց համաձայնությունն արդեն ունենք, հասել ենք թղթաբանության փուլին, եւ եթե ամեն ինչ հաջողվի, աշնանն արդեն թատրոնը կունենա նոր լուսաձայնային հնարավորություններ, ինչն ավելի հետաքրքիր կդարձնի հանդիսատեսի համար ներկայացումներ դիտելը, նաեւ դերասանների աշխատանքն ավելի լուսավորված կլինի ամենաուղիղ իմաստով՝ ընդգծելով իրենց տաղանդն ու շնորհքը։ Կան վերազինման այլ հարցեր եւս, որովհետեւ թատրոնն իրոք ունի վերանորոգման խնդիր, նաեւ՝ աթոռների հարցը, որոնք ինձնից մեծ են իրենց տարիքով, ինչը ճիշտ չէ»։ 

Մխիթարյանը նկատում է՝ թատրոնի կոլեկտիվի համար, ըստ էության, անակնկալ չէր իր նշանակումը։ «Շատ գործնական եւ հարգալից հարաբերություններ ունենք»,- ասում է նա ու հավելում, որ անցյալ 6 ամիսների ընթացքում թատրոնում սահմանել է ելույթավճարներ, 3-րդ ներկայացումից հետո ցանկացած դերասան, ըստ իր կարգի, ստանում է ելույթավճար։
Այս տարի մի շարք թատրոններ ամանորյա օրերին ներկայացումներ խաղացին հանդիսատեսի համար, որոնց թվում էր նաեւ ռուսական թատրոնը։ Մխիթարյանն անկեղծանում է՝ չի պատկերացրել, որ հունվարի 2-ին հանդիսատես կունենան թատրոնում․ «Չնայած փոքր դահլիճն էր, բայց մենք ստիպված էինք ներկայացումներ նշանակել նաեւ հունվարի 4-ին, 7-ին։ Եթե իմանայինք, որ այդպիսի հետաքրքրվածություն կառաջանա, մեծ դահլիճում ներկայացումներ կխաղայինք։ Բայց դա դրդեց մեզ, որպեսզի փոքր դահլիճը մեծացնենք եւ դարձնենք ավելի գրավիչ, որովհետեւ հիմա գրեթե բոլոր թատրոններն ունեն 2-րդ բեմ՝ ավելի կամերային ու փորձարարական ներկայացումների համար։ Ճարտարապետի հետ այդ նախագիծն արդեն արվում է, կազմվում է նախահաշիվը, այսինքն՝ գործընթացն ընթացքի մեջ է»։

Ինչ վերաբերում է խաղացանկին եւ նոր ներկայացումներին, ապա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ունեցել են 5 առաջնախաղ։ «Էքստրեմալ ռեժիմով էինք աշխատում, բայց հաջողեցինք։ Իսկ մեր նոր առաջնախաղը կլինի փետրվարի 28-ին եւ 29-ին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է «Քաջ Նազարը»»,- ասում է տնօրենն ու հավելում, որ թատրոնի խաղացանկը միասին են որոշում․ «Ընդհանրապես, ունենք ջերմ եւ գործնական փոխհարաբերություններ»։    

Ռուսական թատրոնն այժմ ունի նաեւ լուսանկարիչ եւ դիզայներ, որոնց օգնությամբ փորձում են ավելի գրավիչ եւ հետաքրքիր դարձնել թատրոնի ազդագրերը, լուսանկարները, կազմակերպել ճիշտ փիառ, ինչը նույնպես հանդիսատես է բերում․ «Հիմա քննարկում ենք, օրինակ, քուառ կոդերի տեղադրումն աֆիշների ու բաներների վրա, որպեսզի ցանկացած մարդ միանգամից կարողանա հեռախոսով մտնել եւ գնել տոմս։ Ընդհանրապես, թատրոնների խնդիրն էր, որ տոմսերի վաճառքի հարցում լիազորները շատ մեծ դերակատարում ունեին, որովհետեւ վերցնում էին տոմսերը եւ ստիպում մարդկանց գալ թատրոն, հիմա արդեն այլ է։ Ժամանակը փոխվեց, մոտեցումներ փոխվեցին, եւ հիմա ամեն ինչ արվում է օնլայն վաճառքների միջոցով։ Մեր թատրոնն ունի կայք, որտեղից նույնպես հանդիսատեսը կարող է տոմս ձեռք բերել»։