«Հրապարակ». Մարդկանց ծանոթներն ու մտերիմները նույն թիմի մեջ են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը

«Հրապարակ». Մարդկանց ծանոթներն ու մտերիմները նույն թիմի մեջ են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը

Իջեւանում համայնքը խոշորացվում է, քանի որ այնտեղ «պետք» է քաղաքապետ ընտրվի վարչապետի քավորը՝ Հայկ Ղալումյանը, իսկ, ահա, Ձեր հյուրանոցը խոշորացույցով ստուգում են, Ձեր գյուղապետ եղբոր նկատմամբ քրգործ է հարուցվում, դա «հավասարը` հավասարների մեջ» սկզբունքի կիրառում չէ՞․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանին։ «Ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին՝ քաղաքական թիմը եկել է կառավարման, եւ ես ձեր նման ցավոտ չեմ տանում այդ պրոցեսը. մարդկանց ծանոթներն ու մտերիմները նույն թիմի մեջ են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը»:

Բա ինչո՞ւ էր «թիմը» անցյալում համաշխարհային հանցագործություն համարում նման երեւույթները։ «Տեսեք` մարդիկ 10 տարի պայքարել են, կարողացել են իրականացնել հեղափոխություն, թիմի մեջ եղել են թիմի առաջնորդի ազգական-մտերիմները, հիմա ինչ` նրանց ասի` թողեք-գնացե՞ք, դուք էլ թիմի անդամ չե՞ք»: Չէ, թող ասի` համեստ նստեք տեղներդ, քանի որ ես հիմա այնպիսի պաշտոն եմ զբաղեցնում, որ դուք` սիրելի «համազասպներ, ձեզ պիտի համազուսպ պահեք»։ «Պետք է երկու բանի վրա հենվել. առաջինը` վստահություն, երկրորդը` պրոֆեսիոնալիզմ։ Կոնկրետ Իջեւանի դեպքում երկուսն էլ կա»: