Բանկերի պարագայում չի կարող լինել աստղաբաշխական թիվ․ ԿԲ խորհրդի անդամ

Բանկերի պարագայում չի կարող լինել աստղաբաշխական թիվ․ ԿԲ խորհրդի անդամ

Կենտրոնական բանկը մեկնարկել է «Իմ ֆինանսական միամսյակը» խորագրով ամենամյա ծրագիրը, որն արդեն թվով վեցերորդն է։ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը Hraparak.am-ին ասաց, որ ԿԲ-ն այս միջոցառումների ընթացքում յոթ թեմա է շոշափում՝ տնտեսական կարևոր ցուցանիշներ, բյուջեի պլանավորում, խնայողություն, պարտք, գնումներ, սպառողների շահերի պաշտպանություն և պաշտպանություն ֆինանսական խարդախություններից։ «Հնարավորինս աշխատում ենք, որ միջոցառումներին ընդգրկվածությունը մեծ լինի։ Մասնակցում են աշակերտներ, ուսանողներ, բնակչության բոլոր խավերից ներկայացուցիչներ, կազմակերպում ենք այցելություններ ֆինանսական կազմակերպություններ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գրասենյակներ»,-ասաց պարոն Դարբինյանը՝ նշելով, որ մարդիկ շահագրգռված են մասնակցել այս միջոցառումներին և հետաքրքրված են ֆինանսական ոլորտով։

Նկատեցինք, որ քաղաքացիներին այսօր հիմնականում շատ պարզ բան է հետաքրքրում՝ վարկերի տոկոսադրույքները, թե ինչո՞ւ են դրանք այդքան բարձր ու երբ են վերջապես դրանք իջնելու։ Հիմա ԿԲ-ն ի՞նչ քայլեր է  ձեռնարկում այդ ուղղությամբ։

«Վարկերի տոկոսադրույքների մասով, եթե Դուք հետևում եք այս տարիների դինամիկային, ապա կնկատեք, որ դրանք տարիների ընթացքում բավականին նվազել են։ Բայց նվազումն իր սահմանն ունի։ Չպետք է մոռանալ, որ բանկերի վարկային ռեսուրսների հիմանական աղբյուրը՝ 70 տոկոսից ավել, դրանք ավանդներն են։ Եթե միջին հաշվով դրամային ավանդները 8.5-9 տոկոս են, իսկ դոլարայինները՝ 3-5 տոկոս, դրան պետք է ավելացնել բանկերի ծախսերը, ռիսկերը՝ վարկերի չվերադարձման և այլն, ու կտեսնեք, որ էդ ռեսուրսները, որոնք կան վարկերի տոկոսների նվազման, էդքան մեծ չեն։ Ավելին ասեմ, զարգացած երկրներում սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ ավելի բարձր են, քան նույնիսկ մեզ մոտ»,- ասաց Արմենակ Դարբինյանը։

-Այսօր վարկային կազմակերպություններ կան, որոնք ավտովարկ են տրամադրում մոտ 60 տոկոսով, օրինակ՝  «Մոգոն», կամ բանկեր կան, որոնք վարկատեսակներ ունեն, որ քաղաքացու վրա անգամ մինչև 100 տոկոս են նստում, ու մարդիկ խաբվելով՝ վերցնում են այդ վարկերը։ ԿԲ-ն այս ամենի վրա ազդելու լծակ ունի՞։

-Տեսեք, Կենտրոնական բանկը ոչ միայն ֆինանսական համակարգի կարգավորող և վերահսկող է, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության գործառույթն ունի։ Եվ դա, բնականաբար, ոչ միայն ֆինանսական կրթման միջոցով է, այլ համապատասխան օրենսդրական, նորմատիվ ակտերի կարգավորմամբ։ Եվ հիմա մենք աշխատում ենք էդ նորմատիվ դաշտը հնարավորինս դարձնել սպառողների շահերից բխող։ Օրինակ՝ վերջին փոփոխություններն այնպիսին են, որ բանկերը հնարավորինս տրամադրեն այն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որպեսզի վարկառուն որոշում կայացնի` վերցնի, թե՝ ոչ։

-Կա՞ առավելագույն տոկոսադրույքի սահմանված շեմ, որից բարձր տոկոսադրույքով բանկերն իրավունք չունեն վարկ տրամադրելու։

-Իհարկե, այդպիսի սահման կա, դա 24 տոկոսն է, որ կարգավորումը կա, գոյություն ունի, բայց դա հիմնականում բանկերի պարագայում է, քանի որ բանկերի վերահսկողույթւոնը կարևորագույնն է Կենտրոնական բանկի համար ֆինանսական կայունության տեսանկյունից։

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ բանկերից ու վարկային կազմակերպություններից աստղաբաշխական տոկոսադրույքներով վարկեր են վերցնում։

-Բանկերի պարագայում չի կարող լինել աստղաբաշխական թիվ, և հիմա ԿԲ քաղաքականությունն է, որպեսզի փաստացի արդյունավետ տոկոսադրույքների վերաբերյալ ինֆորմացիան ստանա վարկառուն և նման կարգի աստղաբաշխական վարկերի տակ չընկնի։ Իսկ վարկային կազմակերպություններն այլ տիպի կազմակերպություններ են, դրանք համակարգաստեղծ ֆինանսական կազմակերպություններ չեն, որովհետև իրենք տրամադրում են իրենց սեփական մկիջոցները որպես վարկեր; Եվ էստեղ էլի մեր խնդիրն է բնակչությանը տեղյակ պահել, որ կան էսպիսի կազմակերպություններ, որոնք էս մասշտաբի, էս մեծության տոկոսադրույքներ են սահմանում, որովհետև, ի տարբերություն բանկերի, վարկային կազմակերպություններն ավելի արագ են ձևակերպում վարկերը, ավելի ճկուն են։

-Իսկ ԿԲ-ն չունի՞ վերահսկողական մեխանիզմ այդ կազմակերպությունների վրա, որ թույլ չտա նման մախինացիաներ։

-Դա մախինացիա չէ, դա շուկա է։ Այսինքն՝ շուկայի պայմաններում քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն, կարող են դիմել բանկերին, բանկերից ստանալ վարկը։

-Բայց ԿԲ-ի գործառույթը, ենթադրաբար, նաև այդ շուկան վերահսկելն է, որ նման իրավիճակ չլինի, որպեսզի քաղաքացիները չտուժեն։

-Էդպես էլ կա, ես ուղղակի ասում եմ, որ վարկային կազմակերպությունների դեպքում ԿԲ դերակատարումը․․․ Դա արդեն քաղաքացիների որոշումն է՝ որտեղից վարկ վերցնել։ Նրանք կարող են դիմել բանկերին, որտեղ տոկոսադրույքներն համեմատ ավելի ցածր են։

-Փաստորեն շուկան լիարժեք կարգավորված չէ, քանզի բանկերը դժվարությամբ են վարկ տալիս, իսկ վարային կազմակերպություներն էլ հեշտությամբ են տալիս, բայց հաճախ ծուղակն են գցում մարդկանց։ 

-Չէ, տեսեք, շուկայում ամեն ինչ կարգավորելը կնշանակի վերադարձ դեպի պլանային համակարգ։ Եթե շուկա է, կա առաջարկ և պահանաջարկ։ Մեր խնդիրն է, որ վարկային կազմակերպությունների պարագայում քաղաքացին տեղյակ լինի՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում։