Բաքվի թունավոր արտանետումներն ընդդեմ միջազգային միջնորդների և Հայաստանի

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևն արտատարածաշրջանային դերակատարներին զգուշացրել է զերծ մնալ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության օբյեկտի վերածելու փորձերից՝ ասելով, որ նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հասնելուն։
«Որոշ արտատարածաշրջանային երկրների փորձերը՝ Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության և առճակատման օբյեկտի, այդ թվում՝ զինելով Հայաստանին և խրախուսելով նրա ատելության քարոզչությունը, չեն ծառայում խաղաղությանը, հաշտեցմանը և ներառական զարգացմանը», - ասել է Ալիևը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նյույորքյան բաց քննարկումների ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու հիմնական խոչընդոտները վերացվել են։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ Բաքուն Երևանից ակնկալում է խստորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և մասնակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին։
«Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և պահպանմանը»,- հավելել է ՄԱԿ-ում ադրբեջանցի դիվանագետը։
Կարծիքներ