Երկակի ստանդարտների տնազը

Երկակի ստանդարտների տնազը

Օրերս անսահման բավականություն ստացա՝ հեռուստատեսությամբ հետեւելով մի զարմանահրաշ պատանու մենահամերգին: Նրա արտասովոր գեղեցիկ ձայնը, նաեւ ջութակ նվագելու նրբազգացությունը, մեր ազգային հարուստ երգացանկը, բեմի վրա իրեն ազատ ու վստահ պահելու ունակությունն ուղղակի գերել էին դահլիճը: Այո, ամեն ինչ պարզապես հիանալի էր, բացի, ցավոք, մեկ հանգամանքից: Դա նրա ծնողների պարգեւած անսովոր անունն էր՝ Գրիշա, Գրիշա Ասատրյան:
Ճիշտ է, ակամա հիշեցի՝ իսկ մեր շրջապատում քի՞չ են նման անուններ՝ Կոլյա, Վանյա, Ռոմիկ, Սաշիկ, Ժորիկ, Վովա, Տոլյա… Բոլոր այդ անունները, բնականաբար, մոգոնել են ծնողները, նրանք, ովքեր, թույլ տվեք ասել, ոչ միայն հարազատ չեն մնում մեր ազգային ավանդույթներին՝ նախապատվությունը տալով օտարամոլությանը, այլեւ պարզապես մատնում, ի ցույց են դնում իրենց գավառականությունը: Այս եւ նման կարգի ռուսական անունները, ըստ էության, համարվում են եթե ոչ փողոցային, ապա հաստատ՝ բակային, որ 8-12 տարեկանները սովորաբար օգտագործում են միմյանց հետ փոխհարաբերություններում: Ոչ մի ռուսի անձնագրում երբեւէ չեք նկատի նման շեղված անուններ:

Ավաղ, եթե ամեն ինչ սահմանափակվեր լոկ անուններով. երբեմն հայրանուններն էլ են այսպես գրում՝ Վանյաեւիչ, Կոլյաեւիչ, Սաշիկովիչ, Վովաեւիչ… Քիչ չեն դեպքերը, երբ ընդհանրապես մեր մայրենի խոսքը շեղվում է պարզ տրամաբանական մտածելակերպից, երբ դժվարանում ես կողմնորոշվել՝ ո՞ր բառ-անվանումն է ճիշտ: Վերցնենք հասարակ բան՝ գերմաներենից կատարվող թարգմանությունները: Կարծես ընդունված կարգ է, որ, հակառակ ռուսերենի, գերմաներենից ei տառակազմությունը հայերեն գրվի այ, օրինակ՝ ոչ թե ռեյխստագ, այլ՝ ռայխստագ, ոչ թե գրոսմեյստեր, այլ՝ գրոսմայստեր, սակայն այս կանոնը մի տեսակ կիսատ է մնում: Դիցուք՝ գերմանական ծագում ունեցող աշխարհահռչակ ֆիզիկոսի ազգանունը, անհասկանալի պատճառով, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է գրվել Էյնշտեյն, այսինքն՝ բառացի այնպես, ինչպես ռուսերենում է: 

Ինչ վերաբերում է անգլերենից կատարվող թարգմանություններին, ապա այստեղ շատ բան մնում է անկատար. ռուսերենի նմանակումով: Ես լեզվաբան չեմ, սակայն բերեմ ասածս վկայող տարածված արտահայտությունների մի քանի օրինակ. գրում ու ասում ենք ոչ թե «դաբլ», այլ՝ «դուբլ», ոչ թե «հակի», այլ՝ «հոկեյ», ոչ թե «Թեքսաս», այլ՝ «Տեխաս», ոչ թե «Դիսնիլենդ», այլ՝ «Դիսնեյլենդ»: Այս ցուցակը, ինչ խոսք, շատ երկար է: Հարկ է նկատել, որ ռուսերենի հետ փոխհարաբերություններում նման հարցերում քիչ չեն այսօրինակ անհասկանալի մոտեցումները: Այսպես, ժամանակին ինչ-որ մեկի խելքին փչել է Մեքսիկայի մայրաքաղաքն անվանակոչել Մեխիկո, այսինքն՝ փոխել բառարմատը, եւ այս անվանումը տարածվել է նաեւ մեզ մոտ: Մինչդեռ իրենք՝ մեքսիկացիները, իրենց մայրաքաղաքն անվանում են Մեքսիկո: Ակամա հարց է ծագում՝ եթե մայրաքաղաքը Մեխիկո է, ապա ինչո՞ւ տեղի բնակիչներին ոչ թե մեխիկոցիներ են կոչում, ինչն անսովոր է հնչում, այլ՝ մեքսիկացիներ: Սա, գիտեք, հիշեցնում է ռուսական ծիծաղելի ասույթը․ «Не умеешь петь – не пей!»:

Չնայած այս ամենին, մենք շարունակում ենք կառչած մնալ երբեմն բացահայտ տխմարություններին: Որպես սպորտին մոտ կանգնած մարդու՝ ինձ զայրացնում է այն, որ մենք հեշտ ու հանգիստ հարազատացրել ենք «շախմատ» եզրույթը: Ոչ այնքան այն պատճառով, որ դա զուտ ռուսական անվանում է, այլ գլխավորապես այն բանի համար, որ այն որպես հայերեն ընկալելը պարզապես զավեշտ է, քանի որ նախեւառաջ կատարյալ անգրագիտություն է: Եվ սա այն դեպքում, երբ, ստիպված եմ շեշտել, բառարաններում նշված է իմաստուն խաղի զուտ հայկական անվանումը՝ ճատրակ, ինչն օգտագործվում է սփյուռքում: Ի դեպ, մեր հարեւան վրացիներն էլ մշտապես գործածում են գրեթե նույն անվանումը՝ ճադրակի, ավելին ասեմ՝ նրանք ազգայնացրել են ֆուտբոլից, թենիսից, բասկետբոլից սկսած բոլոր մարզաձեւերի անվանումները: 
Թացը չորից զատելն այնքան էլ բարդ գործ չէ: Սակայն երբ երկակի ստանդարտների առկայությունը խորը արմատներ է արձակում, լուրջ խնդիրներ են գոյանում, քանի որ նորմա-նմուշի նկատմամբ նման մոտեցումները մեր իրականությունը վերածում են տնազի:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ