Սլավոյ Ժիժեկ․ Ոչ հոլիվուդյան սցենար՝ կյանքի ու կորոնավիրուսի մասին

Սլավոյ Ժիժեկ․ Ոչ հոլիվուդյան սցենար՝ կյանքի ու կորոնավիրուսի մասին

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը կորոնավիրուսի համավարակից հետո։ Արդյո՞ք ապագան նման կլինի հոլիվուդյան ֆիլմերի հետապոկալիպտիկ սցենարի։ Թե՞ քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծումը հանրությունից պահանջում է այլ տրամաբանություն, քան աղետային մտածողության տրամաբանությունն է։ Ներկայացնում ենք սլովեն հանրահայտ փիլիսոփա, մշակութաբան ու հոգեվերլուծաբան Սլավոյ Ժիժեկի հոդվածներից մեկն այն մասին, թե մարդիկ ինչպես են ապրելու վարակակիր աշխարհում, որտեղ հարկադրված են լինելու ընտրություն կատարել համերաշխության ու շահութաբերության միջեւ։ Կորոնավիրուսի թեմային նվիրված նրա հոդվածաշարն առաջին անգամ լույս է տեսել այս տարվա գարնանը՝ առաջացնելով լայն արձագանք։  

Մենք հաճախ ենք լսում, թե ներկայի մեր փորձն իրական արտացոլումն է այն ամենի, ինչ մենք սովոր ենք տեսնել հոլիվուդյան հակաուտոպիաներում։ Այսպիսով, ինչպիսի՞ ֆիլմ ենք մենք հիմա դիտում։

Ամերիկացի բազմաթիվ ընկերներից հաղորդագրություն ստանալով այն մասին, որ զինախանութներն իրենց պաշարները վաճառել են շատ ավելի արագ, քան դեղատները, ես փորձեցի պատկերացնել գնորդների փաստարկները։ Հավանաբար, նրանք հանդիսանում են մարդկանց մի խումբ, որը բարեհաջող կերպով մեկուսացել է իր լավ սարքավորված տանը՝ զենքով պաշտպանելով տունը սոված ու վարակված ամբոխից, ինչպես կենդանի մեռյալների մասին ֆիլմերում է։ (Կարելի է պատկերացնել նաեւ սցենարի պակաս քաոսային տարբերակ․ էլիտները կփրկվեն իրենց ապաստարաններում, ինչպես Ռոլանդ Էմերիխի 2012 թվականի ֆիլմում է, որտեղ վերապրում են մի քանի հազար ընտրյալները՝ անձի համար 1 մլրդ դոլար մուտքավճարի պարագայում։)  

Կատաստրոֆիզմի այդ նույն ոճի մեջ մեկ այլ սցենար մտքումս ծնվեց այն ժամանակ, երբ կարդացի նորությունների հետեւյալ վերտառությունը․ «Մահապատիժն օրինականացրած պետությունները համառորեն առաջարկում են Covid-19-ի բուժառուների համար նշանակել պահուստային դեղամիջոցներ։ Առողջապահության ոլորտի առաջատար փորձագետները ստորագրում են նամակ, որտեղ գրված է, թե ծայրահեղ անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք օգտագործվում են մահաբեր ներարկումների ժամանակ, կարող են փրկել հարյուրավոր մարդկանց կյանքեր»։ Ես միանգամից հասկացա, որ խնդիրը բուժառուների տառապանքը թեթեւացնելն է եւ ոչ թե նրանց սպանելը։ Սակայն մի պահ հիշեցի «Կանաչ սոյլենթ» (1973) ֆիլմ-հակաուտոպիան, որտեղ գործողությունները տեղի են ունենում գերբնակեցված  հետապոկալիպտիկ երկրում, որտեղ այդքա՜ն դեգրադացված աշխարհում կյանքի հանդեպ նողկանք զգացող տարեց քաղաքացիներին ընտրության հնարավորություն է տրվում՝ «Աստծո տուն վերադառնալու»։ Կառավարական կլինիկայում նրանք զբաղեցնում են հարմարավետ տեղեր եւ նախաստեղծ բնության տեսարաններին հետեւելու ընթացքում աստիճանաբար ու առանց ցավի քնեցվում են։ Երբ ամերիկացի որոշ պահպանողականներ տնտեսությունը վերականգնելու եւ ամերիկյան կենսակերպը փրկելու նպատակով առաջարկում են զոհել նրանց կյանքը, ում տարիքը 70-ն անց է, արդյո՞ք այս ֆիլմում ցույց տրված տարբերակը «մարդասիրական» միջոց չէ՝ դա անելու համար։  

Սակայն մենք դեռեւս հեռու ենք դրանից։ Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, գերակա գաղափարն այն էր, թե դա կարճատեւ մղձավանջ է, որը կավարտվի տաք գարնան գալստյան հետ միաժամանակ, ինչպես, ռիմեյքի նման, տեղի է ունենում կարճատեւ գրոհների դեպքում (երկրաշարժ, պտտահողմ եւ այլն)։ Այդ սցենարի գործառույթն այն է, որ մենք սկսենք գնահատել հիասքանչ հասարակությունը, որտեղ ապրում ենք։ (Այս վարկածի ենթատեսակն է մարդկությունը վերջին րոպեին փրկող գիտնականների պատմությունը, երբ վերջիններս հայտնագործում են հաջողված դեղամիջոց կամ վարակի դեմ պատվաստանյութ, այսինքն՝ մեզանից շատերի թաքուն հույսը։)

Հիմա, երբ մենք ստիպված ենք խոստովանել, որ համաճարակները մեզ հետ կմնան անորոշ ժամանակով եւ խորապես կփոխեն մեր ամբողջ կյանքը, ի հայտ է գալիս ֆիլմի մեկ ուրիշ սցենար՝ հակաուտոպիայի անվան տակ քողարկված ուտոպիա։ Վերհիշեք Քեւին Քոսթների մասնակցությամբ 1997-ին նկարահանված «Փոստատարը» հետապոկալիպտիկ ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում 2013թ․-ին՝ մարդկային քաղաքակրթության վրա հսկայական ազդեցություն թողած եւ տեխնոլոգիաների մեծ մասը ոչնչացրած մի չճշգրտվող հետապոկալիպտիկ իրադարձությունից 15 տարի անց։ Սա մի պատմություն է անանուն թափառականի մասին, ով գտնում է ամերիկացի փոստային օպերատորի հին համազգեստ եւ սկսում է փոստը բաժանել ցաքուցրիվ գյուղերի միջեւ՝ ձեւացնելով, թե հանդես է գալիս «Վերականգնված Ամերիկայի Միացյալ Նահանգների» անունից։ Մյուսները սկսում են նրան ընդօրինակել, եւ աստիճանաբար, այդ խաղի շնորհիվ, վերստին ձեւավորվում է Միացյալ Նահանգների բազային ինստիտուցիոնալ ցանցը։ Ապոկալիպտիկ ավերածության զրոյական կետից սկիզբ առնող ուտոպիան հենց նույն Ամերիկան է, պարզապես՝ իր հետմոդեռնիստական ավելորդություններից մաքրված․ չափը պահպանող հասարակություն, որտեղ ամբողջությամբ վերականգնված են մեր կյանքի հիմնական արժեքները։ 

Այս բոլոր սցենարներում բացակայում է կորոնավիրուսի համաճարակին առնչվող մի տարօրինակ բան, այն է՝ դրա ոչ ապոկալիպտիկ բնույթը։ Սա ապոկալիպսիս չէ՝ մեր աշխարհի լիակատար ոչնչացման սովորական իմաստով, եւ, առավել եւս, սա ապոկալիպսիս չէ մինչ օրս թաքնված ինչ-որ ճշմարտության բացահայտման սկզբնական իմաստով։ Այո, մեր աշխարհը քանդվում է, պարզապես այդ գործընթացը շարունակվում է առանց ավարտի։ Երբ վարակվածների ու մահացածների թիվն աճում է, մեր լրատվամիջոցները մտորում են, թե մենք որքանով ենք հեռու լարվածության գագաթնակետից․ մենք արդեն այդ կետո՞ւմ ենք, թե՞ դա տեղի կունենա մեկ կամ երկու շաբաթ անց։ Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք համաճարակի գագաթնակետին, ասես այդ գագաթնակետին հաջորդելու է հետզհետե վերադարձը դեպի սովորական կյանք, մինչդեռ ճգնաժամը միայն երկարաձգվում է։ 

Թերեւս, մեզ անհրաժեշտ է համարձակություն ունենալ եւ համաձայնել այն իրողության հետ, որ մենք մնալու ենք վարակակիր աշխարհում, որին սպառնում են համաճարակներն ու շրջակա միջավայրի ավերածությունները։ Թերեւս, եթե նույնիսկ վարակի դեմ պատվաստանյութը հայտնաբերվի, մենք շարունակենք ապրել նոր համաճարակային կամ բնապահպանական աղետի սպառնալիքի տակ։ Հիմա մենք արթնանում ենք այն ցնորքներով, թե համաճարակը կգոլորշիանա ամառային տապի մեջ։ Գոյություն չունի իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ հստակ ծրագիր։ Միակ քննարկումը հիմա այն է, թե ինչպես հետզհետե թուլացնեն սահմանափակումները։ Երբ համաճարակը, վերջիվերջո, նահանջի, մենք կլինենք չափից դուրս հյուծված՝ դա վայելել կարողանալու համար։ Ինչպիսի՞ սցենար է սա ենթադրում։ Հետեւյալ տողերը ապրիլի սկզբին երեւացել են բրիտանական խոշոր օրաթերթերից մեկում՝ ընդհանուր գծերով նկարագրելով հավանական պատմությունը․ «Անհրաժեշտ է քննարկել արմատական բարեփոխումները՝ ամբողջովին վերանայելով վերջին չորս տասնամյակի քաղաքական ուղղվածությունը։ Կառավարությունները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան տնտեսության մեջ։ Նրանք պետք է պետական ծառայությունները դիտարկեն որպես ներդրումներ եւ ոչ թե որպես պարտականություններ, պետք է փնտրեն միջոցներ՝ աշխատաշուկաներն ավելի անվտանգ դարձնելու համար։ Բարիքների վերատեղաբաշխումը վերստին կլինի օրակարգում, տարեցների ու հարուստների արտոնությունները կդրվեն հարցականի տակ։ Քաղաքական նախաձեռնությունները, որոնք մինչեւ վերջերս համարվում էին էքսցենտրիկ, օրինակ՝ բազային շահույթը եւ հարստության համար հարկերը, պիտի լինեն համակցության մեջ»։ 

Սա բրիտանական լեյբորիստական մանիֆեստի վերաֆրազավորո՞ւմն է։ Ոչ, սա հատված է Financial Times-ի խմբագրականից։ Բիլ Գեյթսն այդ նույն ոգով կոչ է անում՝ «գլոբալ մոտեցում» ցուցաբերել այս հիվանդության հետ պայքարում, եւ նախազգուշացնում է, որ եթե վարակը սկսի ազատորեն տարածվել զարգացող երկրներում, ապա դա կարտացոլվի նաեւ ավելի հարուստ երկրների վրա եւ կախտահարի դրանք հետագա ալիքների դեպքում․ «Նույնիսկ եթե հարուստ երկրներին հաջողվի հաջորդող մի քանի ամիսների ընթացքում դանդաղեցնել հիվանդացությունը, Covid-19-ը, միեւնույն է, կարող է վերադառնալ, եթե համավարակը բավականաչափ լուրջ լինի այլ վայրերում։ Թերեւս, սա սոսկ ժամանակի խնդիր է, երբ մոլորակի մի մասը վարակում է մյուսին։ Ես կապիտալիզմի մեծ կողմնակիցն եմ, բայց որոշ շուկաներ համավարակի պայմաններում պարզապես չեն գործում ինչպես հարկն է, եւ կենսականորեն կարեւոր ապրանքների շուկան դրա վառ օրինակն է»։ 

Ողջունում եմ այս կանխատեսումներն ու առաջարկությունները՝ ում շուրթերից էլ որ լսվեն, բայց դրանք չափից դուրս համեստ են․ պահանջվում է շատ ավելին։ Բազային մակարդակի վրա մենք պիտի շրջանցենք շահութաբերության տրամաբանությունը եւ սկսենք մտածել հասարակության՝ հանուն սեփական կենսագործունեության շարունակության սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու մասին։ Մենք ունենք բավականաչափ ռեսուրս, խնդիրն այն է, որ այդ ռեսուրսը բաժանվի ուղղակիորեն՝ շուկայական տրամաբանությունից դուրս։ Առողջապահությունը, համաշխարհային բնապահպանությունը, սննդամթերքի արտադրությունն ու տեղաբաշխումը, ջրամատակարարումն ու էներգամատակարարումը, համացանցի ու հեռախոսների անխափան աշխատանքը՝ այս ամենը պիտի մնա, մնացյալը երկրորդական է։    

Սա ենթադրում է նաեւ պետությունների պարտավորությունն ու իրավունքը՝ մոբիլիզացնելու մարդկանց։ Նրանք հիմա խնդիր ունեն Ֆրանսիայում (եւ ոչ միայն Ֆրանսիայում)։ Հիմա գարնանային բանջարեղենի ու մրգերի բերքահավաքի ժամանակն է, եւ սովորաբար հազարավոր սեզոնային աշխատողներ գալիս են Իսպանիայից ու այլ երկրներից։ Բայց քանի որ սահմանները հիմա փակ են, ո՞վ պիտի դա անի։ Ֆրանսիան արդեն կամավորներ է փնտրում՝ օտարերկրյա բանվորներին փոխարինելու համար, բայց ի՞նչ կլինի, եթե բավականաչափ թվով մարդիկ չգտնվեն։ Սնունդն անհրաժեշտ է, հետեւաբար՝ արդյո՞ք ուղղակի մոբիլիզացիան կարող է լինել միակ միջոցը։ 

Ինչպես պարզ ու հստակ ասել է Ալենկա Զուպանչիչը (սլովեն հայտնի փիլիսոփա եւ հոգեվերլուծաբան՝ խմբ․), եթե համավարակի նկատմամբ վերաբերմունքը լիակատար համերաշխության պայմաններում կարող է հասցնել ավելի մեծ վնաս, քան բուն համավարակը, մի՞թե դա չի վկայում այն մասին, որ այդօրինակ համերաշխությանն աջակցել չկարողացող հասարակության ու տնտեսության մեջ ինչ-որ բան սարսափելիորեն սխալ է։ Ինչո՞ւ պիտի ընտրություն կատարես համերաշխության ու տնտեսության միջեւ։ Մի՞թե այդ այլընտրանքին տրված մեր պատասխանը չպիտի համընկնի «սո՞ւրճ, թե՞ թեյ, այո՛, խնդրեմ» ընտրությանը։ Կարեւոր չէ, թե մենք ինչպես կանվանենք մեզ անհրաժեշտ նոր հասարակարգը՝ կոմունի՞զմ, թե՞ համատեղ իմունիտետ (communism or co-immunism), ինչպես դա անում է Փիթեր Սլոթերդեյքը (կոլեկտիվ կազմակերպված իմունիտետ՝ վարակային գրոհների դեմ)․ էությունը մնում է նույնը։    

Այս իրականությունը չի հետեւի երեւակայական կինոսցենարներից ոչ մեկին, բայց մեզ ծայրահեղ անհրաժեշտ են նոր սցենարներ, նոր պատմություններ, որոնք կապահովեն յուրատեսակ կոգնիտիվ քարտեզագրում, ռեալիստական եւ, միաժամանակ, ոչ աղետային այն զգացողությունը, թե ո՛ր ուղղությամբ պիտի շարժվենք։ Մեզ պետք է հույսի հորիզոն։ Մեզ պետք է նոր հետհամավարակային Հոլիվուդ։ 

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ