Եթե որակը պետք է վատ լինի, այս շենքը ո՞ւմ է պետք

Եթե որակը պետք է վատ լինի, այս շենքը ո՞ւմ է պետք

Շարունակվում են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարացրույցները։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 30 հոգի։ Թեկնածուներից Մամիկոն Չատինյանը նշեց, որ ռադիոյի հետ վաղուցվա կապ ունի, նույնիսկ տեխնիկական մասին վերաբերող մանրամասներ գիտի, որոնք մյուսներին հայտնի չեն․ 

« Ես այս շենքում եղել եմ 1967 թվականին, երբ դեռ 2-րդ կուրսի ուսանող էի ռադիոհաղորդումների ֆոնդային ձայնագրությունների բաժնում։ Այնուհետև 1970 թվականից հեռուստատեսությունում եմ աշխատել, ունեցել եմ ռադիոյում բաժին՝ 20 հոգի աշխատողներով և հեռուստատեսությունում 60 հոգի։ Այսինքն՝ ծանոթ է այս բանագավառը ինձ, այնուհետև ես այստեղ 10 տարի արել եմ «Կռունկ» փառատոնը, բացի այդ առաջին անկախ հեռուստատեսությունը հայաստանում ես եմ հիմնադրել՝ «Գործարար մարդիկ», որի հաղորդումները 10 տարի Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվել են, մենք պատրաստում էինք, տալիս էինք եթեր, և որպեսզի մեր հաղորդումների որակը տարբերվերի Հանրային հեռուստատեսության որակից, մենք ռադիոյում գրում էինք հաղորդավարներին՝ Սուրեն Պետրոսյան և Զեմֆիրա Գևորգյան , այիսնք՝ այս շենքի ամեն ինչին ծանոթ եմ։ Նույնիսկ ծանոթ եմ, որ այս ստուդիայի ապարատուրաները, որոնց մասին ես խոսում էի, որ դրանց մասին ոչ ոք չի ասի, որովհետև ոչ ոք չի իմանում, 80-ական թվականների տեխնիկան է։ Շենքը գեղեցիկ վերանորգված է, ես ուրախացա, որ տեսա, որ այսպիսի փայլուն շենք է, բայց այս շենքը պահողը ռադիոն է։ Այսինքն՝ ռադիոյի հաղորդումների որակը եթե պետք է վատ լինի, այս շենքը ո՞ւմ է պետք։ Ամենաթարմ ապարատուրան 2004 թվականի է, իսկ ստուդիայի միկրոֆոնները, ականջակալները, ձայնային վահանակները և համակարգիչները 80- ական թվականների են»։

- Հարցազրույցի ժամանակ բանավեճ եղավ, Դուք պնդում էիք, որ 10 հազար դոլարով կարելի է փոխել միկրոֆոնները, հանձնաժողովի անդամները չհամաձայնեցին Ձեզ հետ ։

- Ստուդիաների համար ամենաթանկ միկրոֆոնը կարելի է առնել հազար դոլարով, բայց դինամիկ միկրոֆոնները ավելի էժան են, եթե դրսից բերվեն, դրանք մեծ գումարներ չեն, կարելի է անել։

Լրագրող Զարուհի Հովհաննիսյանն էլ նշեց, որ հանձնաժողովի կազմում գենդերային դիզբալանս կար, որն իր համար այնքան էլ հարմարավետ չէր․

«Իմ առաջին տպավորությունը այն է լինում, երբ մտնում եմ հարցազրույցի, միայն տղամարդիկ են լինում։ Դա եղել է, թե՛ քաղաքական թիմերի հետ առնչվելիս, թե՛ նմանատիպ հարցազրույցների ժամանակ։ Առաջին տպավորությունս դա է, որ մի կին պետք է նստի և հաշվետու լինի տղամարդկանց առջև, մի փոքր գենդերային դիզբալանս կար, որը ինձ համար այնքան էլ հարմարավետ չէր։ Հարցերը ամբողջովին համապատասխանում էին տվյալ պաշտնին հավակնող մարդուն տրվող հարցերին, թե ինչպես է մարդը պատկերացնում ժամանակակակից ռադիոն, ինչ բացեր է նկատում, որոնք կուզեր լրացնել»։


«Հրապարակի» հետ զրույցում Հովհաննիսյանն նշեց, որ Հանրային ռադիոյում մարդու իրավունքների վերաբերյալ կրթության պակաս կա, ինչը ռադիունկնդիրներին դինամիկ զարգացող հասարակության պարագայում անհրաժեշտ է, ուստի պետք է այդ կրթության բացը լրացնի ռադիոն՝ հաղորդումների միջոցով․

« Ես հենց դրա մասին խոսեցի, որ հանրային ռադիոն պետք է կոչված լինի հանրային խնդիրների բաձրացձայնմանը, որը մենք չենք տեսնում։ Ավելի շատ լրահոսը վերաբերում է պետական գործիչների առօրյայի լուսաբանմանը, քան հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը։ Երկրորդ խնդիրը, որ ինձ համար ամենակարևորն է, և հանրային ռադիոն այդ բացը չի լրացնում, մարդու իրավունքների կրթություն է։ Այդ ոլորտը շատ կարևոր է հատկապես դինամիկ զարգացող հասարակության պարագայում, փոփոխությունների պարագայում, երբ մարդը, որը չգիտի իր իրավունքներն ու հնարավորությունները, մնում է անպաշտպան համակարգի առջև։  Ես կարծում եմ, որ ռադիոն պետք է այդ բացը լրացնի հենց հաղորդումներով, որովհետև հենց խոցելի խմբերն են ամենաշատը լսում ռադիո, որոնք, օրինակ, գտնվում են քաղաքային տրանսպորտում, գտնվում են տաքսիներում  կամ տանն են։ Միացնում են ռադիո, և շատ լավ կլիներ, որ ռադիոն լրացներ մարդու իրավունքների բացը, որը որևէ տեղ՝ նույնիսկ կրթական համակարգում դեռևս այնպիսին չէ, որը կարելի է ակնկալել»։