Կորսված Զանգվի ձորը

Կորսված Զանգվի ձորը

«Հին Երեւանում» Երվանդ Շահազիզը ամառվա տապից պաշտպանվելու համար Զանգվի ձորում, գետափին, թավ ծառուտների ու կանաչ թփերի ստվերում տանուտերերի ու քաղաքաբնակների զովանալու, նաեւ ձկնորսությամբ զբաղվելու, մինչեւ իսկ գետով նավարկելու մասին տեղեկություններ է հաղորդում: Եվ ոչ միայն Շահազիզը. Մահարին, Չարենցը, Մկրտիչ Արմենը, Բակունցը սիրում էին ձոր իջնել, հանգստանալ ու կտրվել քաղաքի առօրյայից: Ձոր իջնելը երեւանցիների համար իրականում բակից բակ տեղափոխվելն է, փոքր կենտրոնի, Արաբկիրի, Քանաքեռ-ՀԷԿ-ի, Դավթաշենի բնակիչների համար ձոր իջնելն աչք թարթելու պես բան է, 5-6 րոպե, այն էլ՝ զբոսնելով, եւ, ահա՝ հայտնվում ես գետափը եզերող, տեղ-տեղ ամբողջովին քայքայված ասֆալտով ձորի գլխավոր ճանապարհին, որի մի հատվածը Դավթաշենի կամրջից ձգվում է մինչեւ «Կիեւյան», իսկ քիչ այն կողմ «Հաղթանակն» է, որին մերձ՝ Երեւանի հնագույն Խոջա-փլավի կամ Կարմիր կամուրջը: 

Եվ ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաեւ տեղաբնակներն այս երթուղով կարող էին Երեւանի մեկ այլ կողմը հայտնաբերել՝ կամուրջ առ կամուրջ ծանոթանալով պատմական շրջափուլերում հայ ժողովրդի, Երեւան քաղաքի պատմության, հին հուշարձանների, միլիոնավոր տարիներ առաջ ձեւավորված քարայրների, տեղի ունեցած դեպքերի հետաքրքիր մանրամասներին ու առանձնահատկություններին՝ միաժամանակ վայելելով ձորի ողջ գեղեցկությունը, բուսական, կենդանական աշխարհի զգալի ներկայությունը, որն ի վերջո հնարավորություն կտա վերստին բացահայտելու, ճանաչելու հայրենի բնությունն ու թերեւս ամենաէականը՝ այս ամենով վերջնականապես արժեւորելու բնությամբ համակված հանրային տարածքների անգնահատելի կարեւորությունը բոլորիս կյանքում: Բայց այս պահին սրանք ուղղակի երազանքներ են թվում, որոնք միգուցե կյանքի կկոչվեն ապագայում, որը շոշափելիորեն կպատկանի ավելի իմացական, հոգատար, մարմնի արտաքին ու ներքին պահանջներին ականջալուր սերունդներին: 

Ինչ խոսք, սա ամենադավաճանական միտքն է թվում, այսօրինակ մտքերը պատենավորել անրջային, ինչ-որ մշուշոտ ապագայի մեջ` նշանակում է դարձյալ հրաժարվել պատասխանատվությունից, դարձյալ իսպառ ոչնչացման վտանգի տակ դնել եղածն ու պահպանվածը: Տարիների ընթացքում Զանգվի ձորն օկուպացվել է ռեստորանային համալիրներով, պարզապես հերձատվել է քաղաքից, բնությունն ապականվել է, թաղվել կեղտի, ժահի, կոյուղաջրերի, ծանր մետաղների, պլաստիկ շշերի, պոլիէթիլենային տոպրակների մեջ: Ապականվել է ու շարունակում է ապականվել՝ նույն եռանդով: Սրա մասին, ցավոք, թութակելու հանգույն, Զանգվի ձորում ռեստորանային համալիրների «միֆական կերուխումերի», ապա գիշերային հրավառության «տրաքտրաքոցների» մասին գրեթե ամեն տարի բարձրաձայնվում է հոդվածներով, ռեպորտաժներով, գրառումներով: Նույն եռանդով ոչինչ չի փոխվում: Զանգվի ձորն իսկապես կորուսյալ է՝ մի քանի ձկնորս, կիրակնօրյա վաղ զբոսանքի ելած մի քանի մարդ, մարզվող մի քանի խումբ ու ձորը հատող ընթացուղի, որը նույնպես ժամանակի ընթացքում կարելի է եւ մասնատել՝ վերածել կապիտալի: Այսքանը: