«Հայկական երազանք»` «Ամերիկյան երազանքի» մոդելով

«Հայկական երազանք»` «Ամերիկյան երազանքի» մոդելով

Բավական հետաքրքիր էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ «Հայրենիքի» ճամբարական երիտասարդների հետ խարույկի շուրջ, Սեւանի ափին տեղի ունեցած հանդիպում-զրույցը։ Հատկապես ուշագրավ էին Արթուր Վանեցյանի խոսքի հետեւյալ հատվածները․ «Մարդ պետք է միշտ ձգտի լավ ապրել, բայց իշխանությունները փորձել են մարդկանց համոզել, որ հարուստ լինելը վատ է, և եթե մարդը հարուստ է, ուրեմն հանցագործ է, բայց չպետք է մեղավորներ փնտրել, պետք է աշխատել, նպատակ դնել ու առաջ գնալ», եւ «Հիմա մի նպատակ ունեմ, որին միասին ենք հասնելու՝ ունենալ ուժեղ, լավ Հայաստան և քաղաքացիներ, որոնց խաբելն անհնարին է: Իշխանությունը ոչ թե վայելք է, մեքենաներ, առանձնատներ, այլ, առաջին հերթին, պատասխանատվություն, որը պետք է կարողանալ հասկանալ, կրել: Եթե մենք կարողանանք ձևավորել համընդհանուր ազգային երազանք, ազգային գաղափար, մենք դրա շուրջ միշտ հավաքվելու ենք: Մենք պարտավոր ենք ապրել ու մեզ հետ ապրեցնել ողջ հայ ազգին»։

Ըստ էության, քաղաքական գործիչը բարձրացնում է բավական հետաքրքիր հարցերի շարք, որոնք, սկսվելով սոցիալական բարեկեցության տիրույթից, հասնում են մինչեւ ազգային երազանքի հարթություն։ Ակամա հիշում ես ողջ աշխարհում հայտնի «ամերիկյան երազանք» արտահայտությունը։ Երեւի թե Միացյալ Նահանգներն այսօր աշխարհի թիվ մեկ գերտերությունը չէր լինի, եթե յուրաքանչյուր ամերիկացու սրտում դեռ վաղ մանկության տարիներից ձեւավորված չլիներ իր ամերիկյան երազանքը։ Իհարկե, այն, ընդհանուր առմամբ, սահմանելի է․ դասական առումով «ամերիկյան երազանքը» կամ American Dream-ն այն կենսական իդեալներն են, որոնց եւ նյութական, եւ ոչ նյութական առումով դավանում են ԱՄՆ բնակիչները։ Վիլյամ Սեֆեյրայի «Քաղաքագիտական բառարանում» «Ամերիկյան երազանքը» սահմանվում է որպես ազատության եւ հնարավորությունների այն իդելաը, որոնք ձեւակերպվել են Ամերիկայի «հիմնադիր հայրերի» կողմից։ Այն ամերիկյան ժողովրդի հոգեւոր ուժն է, եւ եթե ամերիկյան համակարգն ամերիկյան քաղաքականության կմախքն է, ապա «ամերիկյան երաժշտությունը նրա հոգին է»։ Ի դեպ, այն երբեք 100 տոկոս ճշգրտությամբ չի սահմանվել ու չի կարող սահմանվել, այն պարզ պատճառով, որ ընդհանուր իդեալների, ազատությունների, արժեքների եւ հնարավորությունների բացած տարածքում յուրաքանչյուր ամերիկացի ունի իր երազանքը։

Գալով Արթուր Վանեցյանի խոսքին, փորձենք հասկանալ` իսկ ո՞րն է այդ դեպքում լինելու «հայկական երազանքը», կամ` առհասարակ «հայկական երազանք» ունենալու հնարավորություններ կա՞ն, թե՞ չկան։ «Հայկական երազանք» կարող է լինել, իհարկե, հզոր ու կենսունակ, բարեկեցիկ ու բարգավաճող Հայաստան ունենալը, կարող է «հայկական երազանք» լինել նաեւ Արցախի իրական անկախության ճանաչումը կամ պարզապես լավ ապրելու ցանկությունը, կամ հայեցի հասարակություն և կամ էլ արեւմտյան մոդելի հասարակություն ունենալը։ Բոլոր դեպքերում, հասկանալի եւ ընդունելի են բոլոր տարբերակներն էլ։ Սակայն խնդիրն այստեղ, որքան էլ յուրաքանչյուրիս «հայկական երազանքը» լինի տարբեր մյուսի «հայկական երազանքից», խնդիրը ոչ այնքան այդ տարբերություններն են, որքան այն, որ այդ «հայկական երազանքների» բազմազանության մեջ չկա ձեւավորված կամ, ավելի ճիշտ՝ հաստատված կոնսենսուս։ Ավելի կոնկրետ, մենք դեռ չենք գտել այն ճանապարհը, որով հնարավոր լինի ունենալ եւ հզոր Հայաստան, եւ իրապես անկախ Արցախ, եւ բարեկեցիկ կյանք, եւ ավանդականն ու արեւմտյանը համատեղված հասարակություն, եւ բարգավաճող երկիր իր՝ ըստ գույքային դրության դասակարգներով հանդերձ։

1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ, մենք ինչ-որ հանրային կոնսենսուս՝ լավ կամ վատ, ունեցանք, որի անունն էր ղարաբաղյան կարգավորման հարց։ Մոտ երեսուն տարի ապրեցինք այդ կոնսենսուսով, դիմացանք եւ տոկացինք երեք երկարուձիգ տասամյակներ․ երկու պատերազմ, ապրիլյան քառօրյա սրացում, սոցիալ-տնտեսական բարդ վիճակ, բլոկադա եւ այլն, սակայն անցյալ տարվա աշնանից սկսած` այդ կոնսենսուսը փլուզվեց, այդ կոնսենսուսի վրա կառուցված ողջ շինությունը, պարզվեց, կավե ոտքերով հսկա էր ու փուլ եկավ հենց մեր գլխին, ու հիմա մենք ոչ այնքան «հայկական երազանքի» կարիք ունենք, որքան, թերեւս, նոր կենսենսուսի, բայց արդեն թելադրված ժամանակակից աշխարհի, ժամանակակից աշխարհաքաղաքականության ստեղծած իրականության կողմից, խիստ պրագմատիկ եւ իրատեսական՝ նախորդ կոնսենսուսի ցավալի փլուզումից դասեր քաղած։

Եթե կարողանանք հասնել նման կոնսենսուսի ձեւավորմանը, կապ չունի` դրան հասցնողը կլինի Արթուր Վանեցյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե, օրինակ, հասարակ կոշկակար Օնես պապը՝ իրենց շենքի բակի կոշիկի բուդկայում՝ իր պես ծերունիներին գլխին հավաքած` քաղաքականությունից խոսելով, կարեւորը դրան հասնելն է, քանի որ հակառակ պարագայում կարող են սպառվել հասարակության, ժողովրդի կենսական ուժերը եւ ընդհանուր կենսունակությունը։

Կարեն Ենգիբարյան