Վերծանելով Նիկոլ Փաշինյանի «ներողություն» ծածկագիրը․ Հակոբ Սողոմոնյան

Վերծանելով Նիկոլ Փաշինյանի «ներողություն» ծածկագիրը․ Հակոբ Սողոմոնյան

Հակոբ Սողոմոնյան

Վերծանելով Նիկոլ Փաշինյանի «ներողություն» ծածկագիրը

Նիկոլ Փաշինյանը պղծում է բառը, 
ապականում, այլասերում, նենգափոխում
ու դարձնում 
իր նման սուտ ու կեղծ, իր նման արգահատելի։
Հիմա փորձության է ենթարկվում «բարեկեցությունը»։
Այս բառը մենք դեռ շատ կլսենք, 
դեռ կտեսնենք իբրև կերպափոխում ու փոխակերպուկ 
և կխղճանք նրան։
Բայց ամեն ինչի սկիզբ դրեց 
մեկ այլ՝
«ներողություն» բառի փորձությունը։

Անկեղծ՝ ինձնից սովորաբար շատ ժամանակ ու տառապագին ջանք է պահանջվում Նիկոլ Փաշինյանի ասածները կամ գրածները լսելու կամ կարդալու համար (տհաճագույն զբաղմունք է, և հավանաբար շատերի համար է այդպես), բայց երբեմն ուղղակի պարտավորված եմ զգում անդրադառնալ դրանց, որովհետև գիտեմ, որ նրա խոսքերի տակ սովորաբար խորունկ նենգություն ու դավ է թաքնված, որոնք պիտի վերծանել և դնել ի ցույց։
Ընդհանրապես, ուշադիր լինելիս տեսանելի է, որ նրա գրեթե բոլոր խոսքերը, հրապարակային ելույթներն ու գրությունները ծածկագրեր են, որոնցով նա ինչ-որ նենգապատիր ու դավադիր միտք ու գաղափար է սղղացնում, բայց երբեմն էլ պարզապես բաց տեքստով թմբկահարում է դրանք, նույնիսկ հենց այդպիսի ծածկագիր բաց տեքստով էլ տեղեկություններ հաղորդում թշնամուն (հիշենք քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ռուսական հեռուստաալիքներից մեկով հաղորդած տեղեկությունը հայկական զորքերի հակահարձակման մասին կամ Արցախի տեղահանության ժամանակ արած հայտարարությունը, որ հայկական զորքերը չեն միջամտելու ադրբեջանցիների հարձակմանը կամ Ռուբեն Վարդանյանի մասին վերջերս արված ակնարկը, որն այլ բան չէր, քան բացահայտ ու նենգադավ մատնություն և հուշում թշնամուն)։

Հիմա էլ մի նոր դավ ու նենգություն է հղացել․ «ներողություն» է խնդրում հայ ժողովրդից՝ «համոզմունք հայտնելով», թե իբր հայ ժողովուրդը որպես միակ ու անբեկանելի կենսահայեցողություն ու կենսակերպ վաղուց ընտրել է «բարեկեցությունը», իսկ «տարբեր ժամանակների կառավարողները» նրան այլ կյանք են պարտադրել, ուստի ինքը դրա համար իր բաժին «ներողությունն» է խնդրում։

Իհարկե, նա այստեղ էլ ճարպկորեն խաղացնում է «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանին» հակադրելու մտացածին և իրականում դավադիր թեզը, նաև «Պատմական Հայաստանին» վերագրում հնարովի, երկրորդական ու հազարերորդական, վտանգավոր ու կասկածելի հատկանիշներ, իսկ «բարեկեցություն» ասվածի մեջ «լավ ապրուստ»ը խաբեաբար պաճուճազարդում է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են «ազատությունը, անվտանգությունը և արդարությունը», որոնք իր շուրթերով այլ բան չեն, քան բուտաֆորիա, ծպտանք, որովհետև նրա ստեղծած «Իրական Հայաստանում», ինչպես տեսնում ենք, դրանցից ոչ մեկը ոչ միայն գոյություն չունի, այլև չի էլ լինելու, որովհետև այդ ամենը նրա գործունեության ո՛չ առանցքն են, ո՛չ նպատակը, ուստի դրանք ուղղակի պիտի անտեսել ու մի կողմ նետել իբրև նրա կողմից սովորական դարձած սուտ և նրա հրամցրած «բարեկեցությունը» ընկալել իբրև սոսկ «լավ ապրուստ»։

Արդ, ո՞րն է այս «ներողության» մեջ ծածկագրված բուն դավն ու նենգությունը։
Իհարկե, այն, ինչպես նրա գրեթե բոլոր ծածկագրերը, մի քանի շերտ ու հասցեատեր ունի։
Պայմանականորեն առաջին շերտ կարելի է համարել նախընտրական քարոզարշավի նշանաբան՝ «լավ ապրուստ»ի խոստում («ազատություն, արդարություն, անվտանգություն»ը, ինչպես ասվեց, պիտի մի կողմ նետել)՝ ուղղված ընտրազանգվածին։

Նույն կերպ երկրորդ շերտ կարելի է համարել ծածկագրի մեջ թաքնված հաղորդագրություն առ այն, որ հայ ժողովրդի համար ամենակարևորը «լավ ապրուստ»ն է, և սրա հասցեատերը թշնամին է, տարածաշրջանային ու միջազգային խաղացողները (իմա՝ խաղանենգները), որոնց այս կերպ և տառացիորեն սողանցքներ ու կռվաններ են հուշվում (լավ ապրուստ խոստացիր հային, ու նրա հետ կարող ես անել ինչ ուզես)։

Երրորդ շերտը իր նպատակները ժողովրդի ցանկությանը վերագրելն է («մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը»), հնարք, որը նա կիրառում է բազմիցս ու ճարպկորեն․ նախ շրջանառության մեջ է դնում որևէ գաղափար կամ նպատակ, հետո այն վերագրում ժողովրդին, հետո էլ հայտարարում, իբր ժողովուրդն է դա ուզում, ինքը ընդամենը կատարում է ժողովրդի ցանկությունը, իսկ հասցեատերն այս դեպքում ոչ միայն այսօրվա հայ ժողովուրդն է, այլև սերունդներն ու պատմությունը։

Չորրորդ շերտը իր պարտության և ձախողումների մեղքը ժողովրդի «գրպանը» գցելն է։ Գիտենք, չէ՞, որ բոլորը մեղավոր են՝ իրենից բացի («ես ի՞նչ անեմ, դուք ուզեցիք՝ ես արեցի»)։ Այս հնարքը նույնպես նա կիրառում է բազմիցս ու ճարպկորեն, իսկ սրա հասցեատերը նույնպես ոչ միայն այսօրվա հայ ժողովուրդն է, այլև սերունդներն ու պատմությունը։

Հինգերորդ շերտը մերկ նյութապաշտության փողհարումն է՝ ի հակադրություն «բարեկեցության» այլևայլ բաղադրիչների (դարձյալ ու վերստին մատնացույց անենք, որ «լավ ապրուստ»ը ըստ կարևորության թվարկումով նա վեր է դասում ազատությունից, արդարությունից, անվտանգությունից), իսկ հասցեատերը քաղքենին է, նյութամոլ սպառողական հասարակության «հերոսը», «բեռնաթափված» (Արցախի բեռից, պատմական Հայաստանի բեռից, Արարատ լեռան ու այլ բեռներից ազատված) հայ մարդը՝ տեսակ, ինչպիսին նա ուզում է դարձնել ու վերածել ողջ հայ ժողովրդին՝ խոտաճարակների մի բազմություն դաստիարակել անձնական օրինակ ցուցանելով (ինչպես «Ոսկե ցլիկի» Արմեն Խոստիկյանի հերոսը հորթերին անձնական օրինակով խոտ ուտել սովորեցնելիս), տանը աջապսանդալ եփելով, բայց երկրում աջապսանդալ սարքելով, կռապաշտների մի ամբոխ ձևավորելով ու իրեն կուռք կարգելով։

Եվ, վերջապես, «Ներողություն» ծածկագրի վեցերորդ շերտը խորին արհամարհանքն է հայ ժողովրդի նկատմամբ, որը, ըստ նրա համոզմունքի, «լավ ապրուստ»-ից բացի այլ արժեք, հավատամք ու երազանք չունի և չպիտի ունենա։ Իսկ այդպիսի ժողովուրդը, աշխարհի բոլոր ժողովուրդների, ժողովրդավար կամ բռնապետ առաջնորդների համոզմամբ, իրոք արժանի է արհամարհանքի։ Ու հարկ է ենթադրել, որ այս շերտի բուն հասցեատերը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ ինքն է, ինքը, որովհետև այդպիսով նա ինքն իրեն հաճույք է պատճառում։

Ինչևէ, եթե շարունակենք վերծանել, այլ իմաստներ ու հասցեատերեր էլ կգտնենք, բայց կարծեմ արդեն պատկերացում տվեցինք առ այն, որ Նիկոլ Փաշինյանը բնավ էլ ներողություն չի խնդրում, ընդհակառակը, իրականում մեղադրում է և հող նախապատրաստում այլևայլ դավերի համար։ Եվ քանի որ այդ ամենը հասկանալի է արդեն, կարելի է դադարեցնել այս ծածկագրի վերծանումի տհաճ գործողությունը և բավարարվել այսքանով։

Ավելացնեմ միայն, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ իմ ու շատ շատերի պատկերացմամբ «բարեկեցություն» հասկացությունը, երևույթը, բառը պիտի ընկալել իբրև «բարի կեցություն» և ոչ այլ բան, ոչ այլ կերպ։
Իսկ արդյո՞ք բարի կեցություն է բերում Նիկոլ Փաշինյանն իր կեցությամբ, իր բարեկեցությամբ և բարեկեցության իր պատկերացմամբ․ ո՛չ և երիցս ո՛չ։

Վկա՝ իրական Հայաստանը։