Հակառուսական արշավ տարվող պետություններում Սորոսի գրասենյակներն ընդլայնվում են

Հակառուսական արշավ տարվող պետություններում Սորոսի գրասենյակներն ընդլայնվում են

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

- Ուրբաթ օրը տեղեկացանք, որ Բաց հասարակության հիմնադրամը` նույն՝ Սորոսի գրասենյակը, պայմանականորեն դադարեցնում է գործունեությունը Հայաստանում: Հայտարարության մեջ ասվում է, որ գրասենյակը հանդես է գալու այլ անվանումով, 2025 թվականից սկսած՝ ստանալու է ֆինանսական աջակցություն այլ աղբյուրներից, սակայն աշխատանքները շարունակելու է: Դուք մշտապես սորոսականների հետ կապված թեմաներում ակտիվ եք եղել՝ այդ մասին գրառումներ եք անում: Ձեր կարծիքով` այս փոփոխությունն ի՞նչ է նշանակում:

- Քանի որ «Բաց հասարակություններ» կազմակերպությունը շատ վարկաբեկված է, ես կարծում եմ, որ փոխվում է միայն նրանց ռազմավարությունը, մնացյալ ամեն ինչ մնում է նույնը, ավելին` սա արվում է, որպեսզի նրանք նոր թափով աշխատեն: Պետք է լինեն փոփոխություններ, որպեսզի իրենց վարկանիշը վերականգնվի:

- Ի՞նչ եք կարծում` Սորոսի գրասենյակի գործունեության ծավալները չե՞ն փոխվի: Կանանց իրավունքներ, հաշմանդամներ եւ այլն, կմնա՞ն նրանց տեսադաշտում, թե՞ Ջորջ Սորոսին Հայաստանն այլեւս հետաքրքիր չէ, գուցե իր նպատակին արդեն հասել է….

- Սորոսի նպատակներն իր վերջին հոդվածում արտահայտված են: Այն Ռուսաստանին տապալելն է: Հոդվածում գրում է, որ Եվրամիությունը պետք է Թուրքիային օգնություն ցուցաբերի: Ջորջ Սորոսի նպատակը ոչ թե այն գաղափարներն են, որոնց վրա ծախսում է ահռելի գումարներ, այլ այն է, որ տվյալ գաղափարների միջոցով կարողանա վերջնականապես փլուզել ռուսական կայսրությունը: Հայաստանում քանի դեռ կա ռուսական ռազմաբազա, իսկ Արցախում էլ կան ռուս խաղաղապահներ, վերջապես՝ քանի դեռ Վլադիմիր Պուտինն է Ռուսաստանի Դաշնության նախագահը, սորոսականները շարունակելու են իրենց գործունեությունը: Հայաստանում նրանց գործունեությունը գուցե դադարի այն ժամանակ, երբ ռուսական ռազմաբազան հանվի այստեղից, եւ գերիշխի թուրքական ազդեցությունը, այսինքն` Հայաստանը կդառնա Թուրքիա: Կանանց իրավունքներ, ֆինանսներ լրատվամիջոցներին՝ սրանք իրականացվում են սորոսական «զինվորներ» ստեղծելու նպատակով, որոնք էլ կօգնեն Սորոսին` իրականացնելով մի շարք հակառուսական ծրագրեր: Օրինակ` կանանց իրավունքների մասին խոսենք: Մարդը զբաղվում է կանանց իրավունքներով, բայց պարտադիր ռուսաֆոբ է: Մնացյալ իրավունքներով զբաղվողները եւս` պարտադիր, ռուսաֆոբ պետք է լինեն: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս է լինում, որ նրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ անելով են զբաղվում, քան, ասենք, զբաղվում են մարդու իրավունքներով: Ինչո՞ւ պետք է կանանց իրավունքը զուգորդվի ռուսաֆոբությամբ:

- Զոհված զինծառայողների մայրերը Եռաբլուրում՝ սեպտեմբերի 27-ին, ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին, սակայն այդ նույն՝ կանանց իրավունքներով զբաղվողները դա չնկատեցին, լավագույն դեպքում՝ ֆեյսբուքյան մի ձեւական գրառում արեցին ոմանք՝ իբրեւ անտարբեր չեն….

- Այո, այդպես է, որովհետեւ ռուսական ռազմաբազայի ներկայությունն ուղիղ կապ ունի Արցախի հետ, ուստի այն հարցերում, որտեղ կինը զբաղվում է Արցախի պաշտպանությամբ, այդ կինն ու նրա իրավունքները չեն պաշտպանվում: Սորոսականները կանանց իրավունքներն ընտրովի են պաշտպանում: Ցույցերի ժամանակ էլ բազմիցս տեսել ենք, թե կանայք ինչպես են բռնության ենթարկվում: Նույնը կարելի է ասել քաղբանտարկյալների մասին: Դատարանի դահլիճում մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը: Առանձնապես սորոսականները ոչինչ չասացին այդ դեպքի մասին: 2018 թվականից սկսած՝ ամեն օր նոր քաղբանտարկյալներ են Հայաստանում ավելանում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքը վերցնենք կամ, ասենք՝ Յուրի Խաչատուրովի, կամ՝ Հրայր Թովմասյանի դեմ գործը, նրա ընտանիքի վրա ԱԱԾ ուղարկելը եւ այլն: Սրանք բոլորն ապօրինություններ են` հակաժողովրդավարական ապօրինություններ: Խախտվել եւ խախտվում են մարդու իրավունքներ, սակայն դրանց մասին բարձրաձայնվում է ընտրովի: Նրանք, ովքեր Արցախի համար մտահոգ են, նույն Ռոբերտ Քոչարյանը մեծ ներդրում ունի Արցախի հաղթանակի հարցում, բայց ի՞նչ եղավ: Գործեր սարքեցին, մարդկանց փակի տակ պահեցին, եւ ոմանք անգամ ուրախանում էին: Ի՞նչ է ստացվում, որ այդ իրավապաշտպան կոչեցյալների առաջ քաշած գաղափարները չեն իրագործվում: Ջորջ Սորոսի վերջին հայտնի հոդվածը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Շատ մտահոգ քաղաքացիներ ստորագրահավաքի տեսքով իրենց կարծիքն արտահայտել են այդ մասին, փաստերով խոսել են, որ այդ մարդիկ ոչ մի կապ չունեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ, եւ պետք է կասկածի տակ առնել նրանց գործունեությունը:

- Սորոսականները պնդում են, թե Էրդողանն ու Ալիեւը Ջորջ Սորոսի թշնամիներն են: Վերջերս էլ մի հանդիպման ժամանակ Էրդողանը մատնացույց էր արել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին՝ ասելով, թե նա սորոսական է, չմոտենաք նրան, հարցերին չպատասխանեք: Ի՞նչ է սա նշանակում, այդ դեպքում….

- Նախ ասեմ, որ Թուրքիայից Սորոսի գրասենյակն ինքնակամ է հեռացել, այլ ոչ թե հեռացվել է: Ինչ վերաբերում է Ջորջ Սորոսի հոդվածին, որտեղ նա խոսում է անթաքույց Թուրքիային աջակցելու մասին, միանշանակ է: Մարդն իր ստորագրությամբ հոդված է հրապարակում, ի՞նչ կարող են անել սորոսականները, ինչպե՞ս են հերքում իրեղեն ապացույցը: Ադրբեջանի հանդեպ եւս կա հետաքրքրություն: Ադրբեջանն ինքնիշխան է, Սորոսի կողմից ցանկալի կլիներ համաշխարհային կապիտալի ներկայացուցիչների ներկայությունը, բայց Ալիեւը, դա հասկանալով, Բաց հասարակությունների հիմնադրամը հեռացրել է Ադրբեջանից: Հակառուսական արշավ տարվող պետություններում Սորոսի գրասենյակներն ընդլայնվում են։