Փաշինյանի հետ մի ամբողջ պետական ապարատ է շրջում

Փաշինյանի հետ մի ամբողջ պետական ապարատ է շրջում

Արձակուրդում գտնվող վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի շրջանակներում մի ամբողջ պետական ապարատ է շրջում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկանության վեցերորդ, յոթերորդ վարչության աշխատակիցներ, ոստիկանության զորքեր՝ ավտոբուսներով, անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, լուսաբանողներ, պետական եւ ՏԻՄ պաշտոնյաներ։ Այս ամենը՝ մեկ մարդու քարոզարշավն անխափան անցկացնելու համար։ Ուժայիններից բացի, Փաշինյանի հետ են շրջում նաեւ կառավարության լրատվական ծառայության աշխատակիցները՝ վարչության պետ, լուսանկարիչ եւ այլք։ Այսինքն՝ վարչական ռեսուրսն ու ամբողջ պետական ապարատը արձակուրդում գտնվող թեկնածուի օգտին է ծառայեցվում՝ անթաքույց եւ առանց օրենքի տառը պահպանելու։ 

Կիրակի օրը Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ էլ էր նույն վիճակը՝ ուժայիններից բացի, Փաշինյանին ուղեկցում էին նաեւ տարբեր պաշտոնյաներ եւ կառավարության լրատվականի աշխատակիցները։ Կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հարցին, թե ինչ հիմքով են մասնակցում Փաշինյանի քարոզարշավին, ասաց, թե իրենք էլ են արձակուրդում, ուստի ազատ են՝ տնօրինելու իրենց ժամանակը։

«Ով հիմա իր հետ շրջում է, ինքը գտնվում է արձակուրդում, յուրաքանչյուրն իր՝ արձակուրդում գտնվելու ժամանակ ինքը գիտի, թե ինչպես տնօրինի իր ժամանակը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Հարցին՝ երբ ինքը մասնակցում է այդ հանրահավաքներին, որեւէ աշխատանք կատարո՞ւմ է, որեւէ բան գրո՞ւմ է, Խաչատրյանն ասաց՝ որեւէ բան չի գրել, կոնկրետ կիրակի օրն ուղղակի գնացել, մասնակցել է, հաջորդ օրը, օրինակ, չի գնացել։ Նա նաեւ նշեց, որ ինքն արձակուրդում չէ, այդ օրը կիրակի էր, դրա համար էր գնացել։ Իսկ մյուսներն արձակուրդում են։ Ինչ վերաբերում է ոստիկանական մեքենաներին եւ ՊՊԾ աշխատակիցներին, որոնք այս օրերին զբաղված են բացառապես Փաշինյանի քարոզարշավով, Խաչատրյանը հորդորեց նրանց մասով դիմել համապատասխան կառույցներին։

«Մեր մասով կարող եմ ասել, որ որեւէ պետական մեքենա չի օգտագործվում»,- ասաց նա։
Այդ դեպքում ի՞նչ է անում Փաշինյանի քարոզարշավին կառավարության լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, որը քարոզարշավի առաջին օրվանից լուսանկարում է Փաշինյանի այցերը, եւ որոշ կադրերում նրա աշխատանքը երեւում է, հետո այդ լուսանկարները տարածում են համացանցում, ուղարկում ԶԼՄ-ներին։ Եվ այդ աշխատանքն էլ իրականացնում է կառավարության գույքը համարվող լուսանկարչական տեխնիկայով։

«Ասում եմ՝ արձակուրդում է գտնվում, արձակուրդի շրջանակներում իրավունք ունի ինչով ցանկանում է՝ զբաղվել»,- կրկնեց նա։ Թե երբվանից է արձակուրդում, Խաչատրյանն ասաց՝ քարոզարշավի մեկնարկից երկշաբաթյա արձակուրդ է վերցրել։ Այսինքն՝ պարզ է, որ նա եւ մյուսներն արձակուրդ վերցրել են, որպեսզի արձակուրդի անվան տակ, բայց պետության միջոցներով սպասարկեն Փաշինյանին։ Իսկ կարո՞ղ է կառավարության լուսանկարիչն այդ իրավունքն իրացնել ու, ասենք, մասնակցել Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի կամ Տիգրան Արզաքանցյանի հրավիրած հանրահավաքներին։ «Ոչ մի բան չեմ բացառում»,- ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը։
 Նշենք, որ այս պրակտիկան միշտ է գործել՝ նախկին իշխանությունների օրոք էլ են կառավարության աշխատակիցները քարոզարշավի օրերին արձակուրդ վերցրել, որ ե՛ւ ծառայեն օրվա իշխանությանը, ե՛ւ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։