Խոսքի ու տեքստի տարբերությունը, կամ` նրա խոսքը գործ չէ
Հայ հասարակությունը վերջին օրերին փորձում էր մարսել՝ ի՞նչ տեղի ունեցավ Սոչիում․ միջանցք իրո՞ք չի լինելու, եւ կարո՞ղ էր արդյոք փաստաթուղթն ավելի վատը կամ ավելի լավը լինել։ Նիկոլական զանգվածը սոցցանցերում «հրավառություն է անում»․ վարչապետը ո՜նց չափեց Ալիեւին հայացքով, ելույթով Ալիեւի պորտը տեղը դրեց եւ այլն։ Բայց ո՛չ «չափելը», ո՛չ էլ բանավոր խոսքն իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա են երկրի անունից ստորագրվող փաստաթղթերը, մանավանդ՝ եռակողմ հայտարարության մեջ արտացոլված չէր այն, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանն իր բանավոր խոսքում։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը եւս մի շարք հակասություններ է արձանագրել Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքում եւ եռակողմ հայտարարության տեքստի ձեւակերպումներով, եւ դա, ցավոք, մեր օգտին չէ։
«Այն, ինչ ասաց իր բանավոր խոսքում, տեղ չգտավ փաստաթղթում։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես իր խոսքն արել է ներքաղաքական նպատակներով՝ Հայաստանում, հայ հասարակության շրջանում իր հեղինակության համար, բայց չի կարողացել կամ չի պնդել, կամ բավարար վճռականություն չի ունեցել՝ պնդելու, որ իր ասածները տեղ գտնեն հայտարարության տեքստի մեջ։ Իսկ մեզ համար ակնհայտ է, որ կարեւորն արձանագրված փաստաթուղթն է եւ ոչ թե բանավոր խոսքը։ Բանավոր խոսքում ինչ ասես կարելի է ասել։ Այնպես որ, ես դա համարում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը կամ սխալը»։ Էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել պնդել, որ գոնե կոմունիկացիաների բացումը տեղի ունենա հայելային․ մենք՝ այդ ճանապարհը կամ միջանցքը, նրանք՝ նույն սկզբունքով՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածը։
Բաղդասարյանը թվարկում է, թե ինչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, որ չարեց․ «Նա պիտի ասեր, որ դելիմիտացիայից առաջ պիտի ադրբեջանական ուժերը դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, եւ դա պիտի փաստաթղթում արձանագրվեր։ Ինքը բանավոր խոսքում ասաց, բայց դա փաստաթղթում չերեւաց»։ Բաղդասարյանն արձանագրում է, որ Վլադիմիր Պուտինի կողմից, այնուամենայնիվ, հնչել է «միջանցք» բառը, եւ դա նրան մտահոգում է։ «Ճիշտ է՝ ասաց «տնտեսական միջանցք», բայց մենք պիտի հստակ իմանանք, թե ինչ է նշանակում «տնտեսական միջանցք»-ը, ինչ իրավական հիմնավորում կարող է ունենալ այն»։
Կարծիքներ