«Ծանր ապտակ» կստանաք. Խամենեին զգուշացնում է Թրամփին

«Ծանր ապտակ» կստանաք. Խամենեին զգուշացնում է Թրամփին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով «վնասում է Իրանի ժողովրդին»։

«Նրանք (ամերիկացիները) պետք է իմանան, որ մենք երբեք չենք նախաձեռնել հակամարտությունը, բայց յուրաքանչյուր ոք, ով վնասում է [Իրանին], ծանր ապտակ է ստանալու», - ասել է Խամենեին իրանական 1404 թվականի Նոր տարվա առաջին օրվա իր ուղերձում։

Մարտի 19-ին Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խամենեին ուղղված իր նամակում երկու ամիս ժամանակ է տվել Թեհրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար։

Մարտի 7-ին Թրամփը նշել էր, որ Խամենեիին ուղերձ է հղել՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով Ամերիկայի նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։