Հրաժարականի պահանջը ճիշտ է, վրիպումները՝ ակնհայտ, ահռելի փողեր են վատնել

Հրաժարականի պահանջը ճիշտ է, վրիպումները՝ ակնհայտ, ահռելի փողեր են վատնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ երկար ժամանակ է՝ անառողջ մթնոլորտ է տիրում։ Ինչպես հայտնի է, «Հայաստանի առաջին ճակատ» (FAF) երկրպագուների շարժումը Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մրցելույթներից հետո պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Շարժումը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների ժամանակ տարատեսակ բողոքի ակցիաներ է իրականացրել։ Մի շարք ակումբներ եւ ֆուտբոլային աշխարհում հայտնի անձինք միացել են հրաժարականի այդ պահանջին: Միաժամանակ, այդ ակցիաներից հետո մի շարք ֆուտբոլային ակումբներ եւ տարբեր ՀԿ-ներ էլ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել եւ աջակցություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը, որը ՀՖՖ-ն ղեկավարել է 1998-2002 թթ․, անդրադառնալով ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, նկատեց, որ «ֆաների» կոնֆլիկտը ֆեդերացիայի հետ ավելի շատ ակումբների եւ ՀՖՖ ղեկավարության կոնֆլիկտի շարունակությունն է․ «Բոլոր պարագաներում ես ցավ եմ ապրում հայկական ֆուտբոլի համար, որովհետեւ այդ ամեն ինչից տուժում են հայկական ֆուտբոլը եւ հայ ֆուտբոլասերը, որին ադրենալին է պետք»։
ՀՖՖ նախկին նախագահն ասում է՝ մանրամասների մեջ չի ուզում խորանալ, բայց ընդգծում է՝ կոնֆլիկտի մեղավորը Ֆուտբոլի ֆեդերացիան է ու դրա ղեկավարությունը։ «Ի սկզբանե ֆուտբոլային իշխանություն ձեւավորելու գործընթացը ճիշտ չէր, որովհետեւ Մելիքբեկյանին ոչ թե ֆուտբոլային հասարակությունն ընտրեց, այլ Արմեն Նիկողոսյանը՝ իր տեղակալը Մելիքբեկյանին նշանակեց։ Սա կազուս է, բայց՝ իրականություն։ Նույնիսկ ամենակարող եւ կոմպետենտ ֆեդերացիայի ղեկավարության պարագայում ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը քիչ է՝ հայկական ֆուտբոլում նորմալ մթնոլորտ ստեղծելու համար։ Հայկական ֆուտբոլում առաջին հերթին ոչ թե իշխանության կռիվ պետք է լինի, այլ նորին մեծություն ֆուտբոլի ապագան լավ տեսնելու ցանկությունը պետք է գերիշխի բոլորի կողմից։ Իսկ դա կլինի այն դեպքում, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ միասին կարեւորվի ակումբների նախագահների դերը հայկական ֆուտբոլում»,- ասում է Աբրահամյանն ու նշում, որ ֆուտբոլային ակումբների նախագահների դերը ո՛չ պետք է գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել։

«Նման պարագաներում, երբ հետեւում եմ այս կոնֆլիկտին, տեսնում եմ, որ թերագնահատվում է ակումբների նախագահների դերը։ Ակումբի նախագահն էլ պետք է նույն պատասխանատվությունը կրի հայկական ֆուտբոլի համար, ինչպես ֆեդերացիայի նախագահը, եւ ըստ արժանվույն իր տեղը գրավի այս ողջ շղթայի մեջ։ Ոչ թե Արմեն Նիկողոսյանի չարաբաստիկ՝ «ով ում կկզացնի» հայտնի տերմինով պետք է գործեն այդ հարաբերությունները, այլ՝ գործընկերային, լինի հարգանք ակումբի նախագահների նկատմամբ, որովհետեւ սոցիալապես անապահով այս երկրում ակումբի նախագահների դերը կրկնակի, եռակի անգամ ավելի կարեւորվում է։ Սա չի նշանակում, որ նրանք պետք է թելադրող լինեն` ոչ, ուղղակի պետք է լինի ֆուտբոլային ընտանիք, որը չի ստեղծվում, որովհետեւ իշխանության համար անիմաստ պատերազմ ու կռիվ է, իսկ ակումբի նախագահների հետ կենցաղային մակարդակի հարաբերություններ են։ Այդպես չի կարելի, հզոր անհատներ են ակումբի նախագահները։ Նրանց պետք է հարգել, նրանք էլ իրենց հերթին իրենց պատասխանատվությունը կրեն հայկական ֆուտբոլի համար»,- ասում է զրուցակիցս։

Ս․ Աբրահամյանը չի հիշում, թե հայկական ֆուտբոլում երբ է այս կարգի անհաշտ մթնոլորտ եղել․ «Այդ անհաշտությունը նաեւ ֆեդերացիայի ղեկավարության թերարժեքության բարդույթի դրսեւորում է՝ ակումբի նախագահների հետ, ես Ձեզ հավատացնում եմ` ոչ մի ժամանակ իշխանությունների կողմից այս կարգի բարեհաճ վերաբերմունք չի եղել Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության նկատմամբ, եւ նրանք բացառիկ հնարավորություն ունեն՝ հայկական ֆուտբոլում ֆուտբոլային ընտանիք, համակարգ ստեղծելու համար։ Այսօր ֆուտբոլն ինդուստրիա է, իրենք դա պետք է հասկանան, ինչ գնահատական ուզում է տան ֆուտբոլին, այն նաեւ բիզնես դիտարկելով, բայց պետք է հիշեն, որ ֆուտբոլը նախեւառաջ հրաշալի սպորտ է։ Սակայն հենց ֆուտբոլային ֆունկցիոներները մոռացան, որ ֆուտբոլը հրաշալի սպորտային խաղ է, վերջ, տանուլ են տալու, տուրք են տալու բիզնեսին, անառողջ հարաբերություններին, սիրելի ակումբներ ու մրցավարներ լինելուն։ Ես առանձին դետալների մեջ չեմ խորանում, բայց թող ակումբի ղեկավարներն իմանան՝ Քրեական օրենսգրքում յուրացումը, գողանալը թե վատնելը նույնն են, եւ, վերջին հաշվով, ֆուտբոլասերի համար ի՞նչ նշանակություն ունի՝ ֆուտբոլից գողանո՞ւմ են, թե՞ ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման արդյունքում միլիոններ են քամուն տրվում։ Իսկ մեր ֆուտբոլում այդ կարգի դեպքեր եղել են․․․ Ահռելի գումարներով մրցավար, իսպանացի մասնագետներ հրավիրեցին, հետո ի՞նչ արդյունքի հասանք, ինչքա՞ն միլիոններ քամուն տրվեցին․․․ տեսեք, ես չեմ ասում՝ կերան, լափեցին․․․, նման պիտակավորումներ չեմ տալիս, ես ասում եմ՝ վատնել են այդ գումարները, ո՞վ պետք է դրա պատասխանը տա՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով»։

Արդարությունից բացի, ՀՖՖ նախկին նախագահը շատ է կարեւորում համերաշխությունը ֆուտբոլային ընտանիքում․ «Համերաշխություն պետք է լինի ֆուտբոլային ընտանիքում, նորից եմ ուզում շեշտել ակումբի նախագահների կարեւոր դերը, իրենց պատասխանատվությունը հայկական ֆուտբոլի առաջ, ինչպես նաեւ՝ հարգանքն այդ անձանց նկատմամբ։ 10 դրամ փող ես կորցնում, ցավ ես ապրում, մարդիկ միլիոններ են ներդնում, որպեսզի արդյունք տեսնեն, բայց չեն տեսնում։ Այդ մարդկանց պետք է կարեւորել, վերջին հաշվով՝ ի՞նչը ու ո՞ւմ ենք զարգացնում, տեսեք՝ մասսայական ֆուտբոլը չկա, մանկապատանեկան ֆուտբոլը «պռավալի տված» է, ոչ մի մոտեցում չկա, մարզչական աշխատանքը բացահայտ կաղում է։ Բայցեւայնպես, դրա հետ մեկտեղ, մենք ունենք կադրեր, նրանք շատ չեն, բայց կան խելամիտ ֆուտբոլային մասնագետներ, որոնց դերը պիտի կարեւորվի, նրանց հետ խորհրդակցվի, ու նրանց մասնակից դարձնեն ֆուտբոլային «շինարարությանը»՝ թե՛ ակումբի, թե՛ ֆեդերացիայի ղեկավարության մակարդակով։ Այս անառողջ մթնոլորտի պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն է, առաջ եթե միայն Արմեն Նիկողոսյանն էր մեղավոր, հիմա նաեւ՝ Մելիքբեկյանը, քանի որ այդ ծրագրերի հեղինակը նա է եղել, դրանք էլ պրոֆեսիոնալ վրիպումներ են, որի համար պետք է պատասխան տան»։

Ինչ վերաբերում է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին, Աբրահամյանը նկատում է․ «Քանի որ շատ քաղաքականացված է ֆուտբոլը, իրենք էլ կարողանում են մանիպուլյացիաներ անել, ու հենց ասում են՝ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը պետք է գնան, ասում են, թե դա ուղղված է իշխանությունների դեմ․․․։ Չկա նման բան։ Մյուս կողմին, ես բոլորին լավ գիտեմ, նրանք ոչ մի քաղաքականության մասնակից չեն, ոչ էլ տուրք են տալիս, միայն ուզում են, որ հայկական ֆուտբոլը նորմալ մթնոլորտում լինի։ Բայց հենց նայում ես ՀՖՖ կանոնադրությանը, հասկանում ես, որ այն ստեղծվել է ոչ թե ֆուտբոլի ապագան կարեւորելու եւ վերելքն ապահովելու համար, այլ սեփական իշխանությունն անընդհատ երկարաձգելու բարբաջանքով։ Սակայն մեղք է այս ժողովուրդը, ֆաները, ես չեմ ասում՝ նրանց գերին դառնալ, բայց չի էլ կարելի այս ձեւի արհամարհել։ Ես ընդհանուր գծերով եմ գնահատական տալիս այդ կոնֆլիկտին, բայց մարդիկ տարբեր բաներ են ասում՝ ակնհայտ չարաշահումների, սիրելի թիմ-սիրելի մրցավարներ ունենալու մասին, ես դրանց մեջ չեմ ուզում մտնել, որպեսզի կարեւորեմ ընդհանուր խնդիրը ֆուտբոլային ընտանիքի ներսում, այն է՝ համերաշխության, համակարգի ստեղծումը, որոշակի ճիշտ շեշտադրումների դեպքում դրա արդյունքը մի քանի տարի հետո կտեսնենք»։

Ս․ Աբրահամյանը դիմում-հորդոր է հղում․ «Հարգելի ֆուտբոլային մեծ ու փոքր ֆունկցիոներներ, հայկական ֆուտբոլին պատիվ ու փառք են բերելու հայ ֆուտբոլիստը, հայ մարզիչը, հայ մրցավարը, մի թերագնահատեք այդ մարդկանց։ Դաստիարակեք, պայմաններ ստեղծեք, որ գանք այդ վիճակին։ Ինչքան նվիրյալներ կային, որոնք իրենց գործունեությամբ կարող էին ֆուտբոլին օգուտ տալ, բոլորին փնովեցին, վարկաբեկեցին, չի կարելի ասել՝ ուզում են, թող գնան, հետո՞, այդպես ո՞նց կարելի է, ո՞վ է հայկական ֆուտբոլին տեր կանգնելու, մինչդեռ ի՞նչ է այդ մարդկանց ուզածը՝ արդար ֆուտբոլ։ Կարեւորեք այդ մարդկանց դերը ու արդյունքը կտեսնեք։ Այնպես որ, հրաժարականի պահանջը ճիշտ է, վրիպումներն ակնհայտ են ու բացահայտ, ահռելի փողեր են վատնել իրենց սխալ շեշտադրումներով, այդ օտարամոլությունն էլ այս երկրին ոչ մի լավ բան չի բերելու, օգտագործեք այդ հնարավորությունները՝ մեր ազգային մենթալիտետի միջով անցկացնելով, այդ ժամանակ նոր արդյունք կլինի, այլապես հայկական ֆուտբոլը շարունակելու է վատ վիճակում մնալ»։