Ի՞նչ կտա Ադրբեջանին Պակիստանը

Ի՞նչ կտա Ադրբեջանին Պակիստանը

Վաղը հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով կուղեւորվի Պակիստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նախատեսված են նրա հանդիպումներն այդ երկրի քաղաքական ղեկավարության, զինվորական եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմա-տեխնիկական, ռազմաուսումնական հարաբերությունների հետ կապված հարցեր: Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կգտնվի Պակիստանի անկախության օրվան նվիրված ռազմական շքերթին, որին կմասնակցի նաեւ ադրբեջանական մեկ զորահաշվարկ:

Պակիստանն առաջիններից մեկն է դեռեւս 1991թ.-ին ճանաչել Ադրբեջանի անկախությունը: Բազմաթիվ վկայություններ կան, որ Պակիստանի զինվորականները գործուն մասնակցություն են ունեցել ադրբեջանական զինված ուժերի կազմավորմանը, ադրբեջանական կողմից պակիստանցի ռազմական հրահանգիչները մասնակցել են Արցախյան պատերազմին: Պակիստանը նաեւ հստակ դերակատարություն է ունեցել աֆղան վարձկաններին Ադրբեջան հասցնելու հարցում: Վերջին տարիներին պակիստանա-ադրբեջանական համագործակցությունը որակական նոր աստիճանի է հասել: Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Ադրբեջանը բանակցում է, որպեսզի ձեռք բերի պակիստանյան կործանիչ ինքնաթիռներ, ինչպես նաեւ հրթիռներ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ գործարքների շուրջ են ծավալվելու Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ Պակիստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության բանակցությունները: Ավելորդ չէ հիշեցնել, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանի անկախությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում միանշանակորեն սատարում է Ադրբեջանին:

Դիտարժան է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Պակիստան է այցելում ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժություններից հետո եւ Փաշինյան-Ալիեւ հավանական հանդիպումից առաջ: Ակնհայտ է, որ հակառակորդ կողմը ԼՂ հարցով բանակցությունների հեռանկարին հավատ չի ընծայում եւ փորձում է մեծացնել իր ռազմական հնարավորությունները: Ի՞նչ կտա այս առումով Ադրբեջանին Պակիստանը: Միայն կործանիչ ինքնաթիռնե՞ր, թե՞ հնարավոր է, որ Իսլամաբադը Բաքվին վաճառի նաեւ միջին հեռահարության հրթիռներ: Պակիստանը ոչ պաշտոնապես համարվում է միջուկային զենք ունեցող երկիր: Այս նկատառմամբ Բաքվի եւ Իսլամաբադի ռազմատեխնիկական համագործակցությունը խիսստ վտանգավոր երանգներ կարող է ընդունել: