«Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությունը որակել է որպես թափանցիկության սկզբունքը խախտող

«Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությունը որակել է որպես թափանցիկության սկզբունքը խախտող

Արդեն 20 ՀԿ-ներ, այդ թվում նաև լրագրողական, միացել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի առաջարկին՝ միասին պայքարել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության:

Հիշեցնենք, նախարար Էրիկ Գրիգորյանը, օգտվելով այն հանգամանքից, որ հանրության ուշադրությունը շեղվել է կորոնավիրուսի հետ կապված  հարցերին, ապրիլի 2-ի կառավարության նիստի օրակարգ էր անցկացրել  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հավանաբար, աղմուկից խուսափելու նպատակով այն ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի ցանկում: 

Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ 

«Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել», - ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տարածած տեքստում:

Քիչ հետո ՀԿ-ները հայտարարություն են տարածելու, գնահատական տալով կառավարության այս թաքուն բերված նախաձեռնությանը, որը անգամ չի էլ քննարկվել ՀԿ-ների հետ, հակասում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիային։  ՀՀ կառավարության այս կասկածելի նախաձեռնությանը երեկ Թվիթերում անդրադարձել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: «Այն խախտում է իշխանությունների կողմից ընդունված թափանցիկության սկզբունքը», - այսպես է որակել Էրիկ Գրիգորյանի խորամանկ քայլը «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն: