Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

Քիչ առաջ Արմավիր քրեակատարողական հիմնարկում մոտ մեկ շաբաթ առաջ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը ԱԺ մարդու իրավունքներ մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հորդորով դադարեցրել է հացադուլը։ Հունվարի երեսունից հացադուլ հայտարարած Վաղարշակ Ավետիսյանին երկու օր առաջ այցելել էին նաեւ ՄԻՊ աշխատակիցները, սակայն Ավետիսյանը չէր դադարել հացադուլը։

Ցմահ դատապարտյալը հայտնել էր, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացած դատավճռի հետ եւ պահանջում է գործի վերաբացում, այդ պատճառով է հայտարարել հացադուլ։ Այսօր առավոտյան Զոհրաբյանի հետ հանդիպումից հետո Ավետիսյանը եւ եւս մեկ հացադուլ հայտարարած դատապարտյալ Անդրանիկ Գեւորգյանը հացադուլը դադարեցնելու որոշում են կայացրել։ «Ես երկար տարիներ ճանաչում եմ Նաիրա Զոհրաբյանին եւ վստահ եմ, մենք պայմանավորվեցինք, որ դադարեցնում եմ հացադուլը եւ իմ գործը կվերաբացվի օրենքի ուժով», -իր բաց նամակում գրել է ցմահ դատապարտյալը։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Դատաքննության ընթացքում Վաղարշակը այդպես էլ իր մեղքը չի ընդունել: Այս տարիներին նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել և հայտնել է , որ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իր ներկայացրած պահանջները չբավարարվեն: Դատապարտյալը օգոստոսին ևս հացադուլ էր հայտարարել, ինքնավնասում էր կատարել: