Հայ-ռուսական դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում

Հայ-ռուսական դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հայ-ռուսական դիվանագիտական նոր սկանդալ է սպասվում։ Պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան թղթակից Ազա Բաբայանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական արտոնագիր է ունեցել՝ օգտվելով իր ամուսնու՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակից լինելու հանգամանքից։ «Ազատության» թղթակիցն անարգել մասնակցել է տարատեսակ միջոցառումների, մուտք է գործել տարբեր հաստատություններ, որտեղ նրա՝ որպես լրագրողի մուտքն արգելված կլիներ։ 

ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին գործընթաց է սկսվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ կապված, հնարավոր է անգամ նրան Ռուսաստանից արտաքսեն։ Ռուսական կողմը Հայաստանից պատասխան է պահանջել «հակառուսական դիրքորոշում» ունեցող «Ազատության» թղթակցին պետական բարձր մակարդակով հովանավորելու հետ կապված։ Բանն այն է, որ ՌԴ-ն իր քաղաքացիներին նույնիսկ արգելում է թղթակցել «Ազատությանը», «Ամերիկայի Ձայնին» և մի շարք այլ ԶԼՄ-ների, հիմա ստացվում է, որ «Ազատության» թղթակիցը ՌԴ-ում գործել է Հայաստանի քաղաքական իշխանության հովանու ներքո՝ խախտելով ռուսական իշխանությունների սահմանած արգելքը: 

Թե ինչ ընթացք կստանա այս գործընթացը, կներկայացնենք առաջիկայում։ Մենք կապվեցինք նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ Մոսկվայում Ազատության թղթակցի՝ Ազա Բաբայանի հետ կապված ինչ- որ խնդիրնե՞ր են առաջացել․ «Ինչո՞ւ պետք է առաջանան»,-պատասխանեց Թամրազյանը։ Ճի՞շտ է, որ թղթակցի ամուսինը աշխատում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ հարցրինք «Ազատության» ղեկավարին․ «Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե որտեղ է աշխատում իմ աշխատակցի ամուսինը, կինը կամ այլ հարազատները։ Դա ամենևին ազդեցություն չի կարող ունենալ լրագրողի պրոֆեսիոնալիզմի վրա»,- պատասխանեց Թամրազյանը։ 

Իսկ այն հարցին, թե ճի՞շտ է, որ ամուսնու շնորհիվ տարբեր հաստատություններ է մուտք գործել, թղթակցելով Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանին, իսկ քանի որ Ռուսաստանում «Ազատությունն» արգելված է, ՌԴ իշխանությունները դա պարզել են եւ ինչ -որ գործընթաց են սկսել նրա նկատմամբ։ Նույնիսկ կարող են արտաքսել Ռուսաստանից, Հրայր Թամրազյանը պատասխանեց․ «Ես նման տեղեկություններ չունեմ»։