Այս փաստաթուղթը այդ տեսքով ստորագրելով Հայաստանը դառնալու է «կանսերվի բանկա»

Այս փաստաթուղթը այդ տեսքով ստորագրելով Հայաստանը դառնալու է  «կանսերվի բանկա»

«Ալիք Մեդիա»-ում տպագրված Փաշինյան-Ալիեւ. «Ի՞նչ է սպասվում Մոսկվայում» վերտառությամբ հոդվածում անդրադարձ կար Մոսկվայում օրերս, ըստ ամենայնի, Հայաստանի  եւ Ադրբեջանի կողմից  ստորագրվող  նոր փաստաթղթին, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:

Ըստ այդմ, առաջին փաստաթուղթը, որ բանակցվել է նախորդ ամիսներին, վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը: Բանակցային գործընթացում վիճելի կետերը վերաբերել են Արցախի կարգավիճակին, անկլավներին, քարտեզներին, որոնցով իրականացվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծումը: Մանրամասն վերլուծությունից հետո, թե որոնք կարող են լինել փոխզիջումները կամ զիջումները հայկական կողմից, որոնք՝ Ադրբեջանից, հոդվածագիրը հետևյալ հարցադրումն էր արել․

«1994-ի մայիսին պատերազմում պարտված Ադրբեջանը ստիպված եղավ համաձայնել անժամկետ հրադադարի ռուսական առաջարկների հետ, սակայն չստորագրեց որեւէ պայմանագիր, քանի դեռ հայկական վերահսկողության տակ էին յոթ շրջանները, եւ վիճելի էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ադրբեջանը 25 տարիներն օգտագործեց բանակ ստեղծելու, զինվելու ու ռեւանշի հասնելու համար եւ իր ծրագիրը դարձրեց իրականություն: Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից եւ պարտությունից հետո շտապում են խաղաղության դարաշրջան բացել: Երկու փաստաթղթերը, որոնք բանակցվում են Մոսկվայի միջնորդությամբ, կարող են առաջիկայում չստորագրվել երկու հիմնական պատճառով, հայկական կողմը վերջին պահին հրաժարվում է դրանք ստորագրելուց, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս»։ Եվ վերջում այն մասին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ, հետևյալ հարցադրման ներքո․

«Կարո՞ղ է ավելի վատ փաստաթղթեր ստիպված լինենք ստորագրել։ Դիվանագիտության մեջ կա չգրված օրենք, հատկապես, երբ դու թույլ ես ու պարտված: Այսօր դու կարող ես մերժել անընդունելին, քո շահերին հակասող փաստաթուղթ, բայց վաղը աղաչես, որ երեկվա փաստաթուղթը կրկին դրվի սեղանին: Այդպես է եղել մեր պատմության վերջին 100 տարիներին բազմաթիվ անգամներ: 1918-ի սկզբին մենք լսել անգամ չէինք ուզում Բրեստ-Լիտովսկի մասին, բայց երբ թուրքերը հասան Ալեքսանդրապոլ, աղաչում էինք նույն Բրեստ-Լիտովսկի պայմանները: Թուրքերը, սակայն, մերժեցին եւ մեզ թողեցին 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան»։

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։

-Նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրում ակնկալու՞մ եք, թե՞ ոչ, որովհետև կա նաև տեսակետ, որ Փաշինյանը բոլորովին չի ուզում ստորագրել, քանի որ «մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»։

-Լիովին համամիտ եմ։ Ինչ-որ բաներ փոխվել են, որովհետև, ինչպես կարող եմ հասկանալ, դա նույն փաստաթուղթն է, որ պիտի մայիսին ստորագրվեր, և ինչի պատճառով պաշտոնաթող եղավ Արա Այվազյանը։ Այն ժամանակ, ուղղակի, Փաշինյանը համարում էր դա լավ փաստաթուղթ, բայց հիմա վիճակը փոխվել է, և, այո, երևի թե հասկացել է, որ այդ փաստաթղթի հետ այլևս ինքն էլ է գնալու։ Հիմա ջանքեր է գործադրում՝ ինչ-որ ձևով կանխի դրա ստորագրումը։ Այլապես այդ արտահոսքը չէր լինի իրեն մոտ կանգնած ու միշտ իրեն պաշտպանող շրջանակներից։

-Այսինքն՝ պատահական չեք համարում, որ փաստաթղթերի մանրամասները հրապարակվեցին հենց Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Խառատյանի խմբագրած «Ալիք մեդիայում»։

-Այո, և նաև այդ հոդվածագիրը, որ շատ հստակ մեսիջ է ուղարկվում, որ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Հոդվածի մեխը դա է։ Որ, իհարկե, հիմնական դեպքերում ճիշտ կլիներ, որ Փաշինյանը հրաժարական տար, բայց մտադիր չէ տալ։ Իմ համար գլխավոր ինֆորմացիան դա էր։

-Այսինքն, որ ժողովուրդը տեղեկանա, որ վատ փաստաթուղթ է, դուրս գա փողոց, ինքն էլ ասի՝ չեմ կարող, դե՞մ են։

-Այդ հանգամանքն էլ կա, բայց նաև բաներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Կարող ենք միայն ենթադրել։ 

-Այդպե՞ս է, որ ասում է՝ կամ հրաժարական, կամ ստորագրություն։

-Այո, բայց դա Փաշինյանի կողմից ուղարկված ուղերձն է, որ մի բան պետք է անեն, որ փաստաթուղթը չստորագրվի։ Ես այդպես եմ հասկանում։ Այլապես, մի քիչ միակողմանի գրված հոդված է, և այդ մանրամասները ներկայացնելով՝ չի գրում, որ էդ բանակցությունները վիժեցրեց հենց Փաշինյանը՝ իր կարգախոսով, որ «ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ»։ Կամ՝ զրոյական կետ և այլն։

-Հոդվածում նաև անդրադարձ կար, թե ինչ անկլավներ ենք տալու, ինչ ենք պահելու։ Ինչ-որ շահավետ բան կա՞ր:

-Չէ, շահավետ բան չկա։ Արծվաշենը եթե Հայաստանին տրամադրվի, լավ կլինի, բայց այն, ինչ պետք է հանձնվի Տավուշի մարզում, դա Սյունիքի միջանցքի հետ միասին Հայաստանը դարձնում է «կանսերվի բանկա»։ Եվ այն հույսերը, որ կային, որ Իրանը Հայաստանով այլընտրանքային ուղի կունենա դեպի Եվրոպա և ՌԴ, ի չիք են ելնում, որովհետև բոլոր կողմերից միայն Ստեփանակերտի ճանապարհն է, որ մնում է և դուրս է գալիս դեպի Վրաստան։ Այլ  ճանապարհ գոյություն չունի այլևս։ Տավուշի ճանապարհները փակի տակ են մնալու։

-Այսինքն՝ Վրաստանի հետ սահմանին նաև ռուսական ուղեկալներ, ինչից վրացական կողմը սարսափած է։

-Դա համարվելու է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանը թույլ կտա, թույլ չի տա, ռուսական ուղեկալների մասով, Ադրբեջանի գործն է։ Ինչպես եղավ Սյունիք-Կապան ճանապարհի այդ հատվածում։ Ինչ-որ ժամանակ թույլ կտա, հետո կարող ա թույլ չտալ։ Եթե մի բան համարվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք, արդեն իր գործն է, ու կարևոր չէ՝ ռուսական զորքեր կլինեն, թուրքական։

-ՌԴ նախագահն ասաց՝ կլինեն փոխզիջումներ։ Այդ տարբերակում փոխզիջում տեսնո՞ւմ եք։

-Լեզվաբանական բան է, չի կարող ասել, որ Հայաստանն այլևս գոյություն չունի, և այսօր խնդիրները լուծվում են որպես բանակցությունների արդյունք՝ Ադրբեջանի, ՌԴ-ի և նաև Թուրքիայի հետ։ Փոխզիջում, որ եթե թույլ տրվի, այնտեղ ոչ մենակ ադրբեջանական զորքերը կանգնեն, այլ ռուսականի հետ համատեղ։ Դա է իր ասած փոխզիջումը։

-Արդյո՞ք Ադրբեջանը, Թուրքիան կամ նույն Ռուսաստանը թույլ կտան, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի։

-Ադրբեջանը և Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով պիտի պաշտպանեն Փաշինյանին, որ ինքը ստորագրի։ Այլ բան, որ կան նաև այլ ուժեղ խաղացողներ, և եթե այսօր Փաշինյանն ինչ-ինչ աջակցություն է փնտրում, որ չստորագրի այդ փաստաթուղթը, դա թույլ է տալիս ենթադրել, որ կան բավականին լուրջ գործոններ, որոնցից Փաշինյանը վախենում է։ Այլապես ինքը նորից կխոսեր այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում այս պայմանագիրը Հայաստանի առջև և այլն, և այլն։ Այսինքն՝ ապագայի մասին իր դեմագոգիկ հռետորաբանությունը գործի մեջ կդներ։

-Դավիթ Շահնազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է արտաքին քաղաքական ցունգցվանգում՝ բոլորին ասելով՝ այո։ Այդպե՞ս է։

-Ես այլ կերպ կմեկնաբանեի, նա հիմար չէ։ Հակառակը՝ շատ խորամանկ է, բայց ինքը մակերեսային է և մի տարբերակի հետևից գնալիս իր հաշվարկում, նաև՝ իր գործողություններով էականորեն փոխում է աշխարհաքաղաքական բալանսը, ինչը շատ-շատերին ձեռնտու չէ։ Բավականին ազդեցիկ ուժերը իրեն, մեղմ ասած՝, չեզոքացնելու խնդիր ունեն։ Միգուցե դրանից են Փաշինյանի այսօրվա վախերը։ Եվ այն արտահոսքը, որ համոզված եմ՝ ինքն է կազմակերպել։

-Իսկ իր հնարավոր չստորագրելը հնարավո՞ր է, որ Իրանի պատճառով լինի։

-Փաստորեն, այն, ինչ անում է Փաշինյանը, բավականին վտանգավոր է թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի համար։ Եվրոպան էլ տարբեր դիրքորոշում ունի։ Օրինակ՝ Բրիտանիան իր շահերը ունի, մեկ այլ երկիր՝ իր։ Չեմ կարող ասել, որ այդ հարցում Եվրոպան միասնական է, բայց ավելի շուտ՝ չեզոք է։ Եվ չեմ կարծում, որ այն, ինչ կատարվում է, ԱՄՆ շահերից է, որովհետև դա անկայունության նոր օջախ է ստեղծում։ Այս առումով՝ դժվարանում եմ ասել։ Փաշինյանն այդ մասին ինձնից և ձեզնից շատ ավելի ինֆորմացված է, և ինքը ավելի լավ գիտի, թե վտանգը որտեղից է գալիս։ Սպասենք, թող խոսի։