Եթե «27»-ի գործով իրավահաջորդները պնդում են, որ չեն ստացել վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել դատախազություն

Եթե «27»-ի գործով իրավահաջորդները պնդում են, որ չեն ստացել վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել դատախազություն

Մի քանի օր է՝ Հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդները, մեղմ ասած, քննադատում են դատախազությանը` գործի անջատված մասով կարճման որոշումը չստանալու համար։ Հոկտեմբերի 27-ին Անահիտ Բախշյանը հայտարարեց․ «Ու անընդհատ մեր աչքն են մտցնում, թե մենք ինչու չենք դիմել։ Լսեք՝ եթե մենք չունենք այդ անջատված մասով կարճման վերաբերյալ որոշումը, մենք ի՞նչը բողոքարկենք։ Ես փաստաբան չեմ, բայց փաստաբան Աշոտ Սարգսյանն արդեն ինչքան ժամանակ է՝ խոսում է դրա մասին։ Եվ որեւէ մեկը դատախազությունից, արդարադատության մարմիններից չի ասում՝ առ, արի տանք քեզ էդ որոշումը… չունենք էդ որոշումը։ Ես անձամբ չգիտեմ, թե ինչն եմ բողոքարկելու»։

Աշոտ Սարգսյանն «Ազատության» եթերից հայտարարեց․ «Մենք՝ դատավարության մասնակիցներս, տեղեկանում ենք մամուլից։ Նախ ասում են, որ գործը կարճել են կազմակերպիչների մասով։ Մենք էդ որոշումը չենք ստացել, եթե մենք էդ որոշումը չենք ստացել, մենք չենք կարող բողոքարկել։ Բայց ըստ մամուլում տարածված լուրերի՝ դա կարճել է Գլխավոր դատախազության կոլեգիան։ Ես՝ որպես իրավաբան, Քրեադատավարական օրենսգրքում «կոլեգիա» հասկացություն չեմ տեսել՝ որպես դատավարական մարմին։ Դա իրենց մեջ աշխատանքային մարմին է, որն իրավասու չէր նման որոշում կայացնելու․․․ Բայց եթե իրենք ունենան մեզ հայտնելու ցանկություն, որ՝ գիտե՞ք ինչ, մենք ձեզ չենք տրամադրել էդ որոշումը, որովհետեւ էդ քրեական գործով չկա մեղադրյալ, ես ասեմ, որ տենց չի, էս դեպքում դա չի գործում»։ Աշոտ Սարգսյանը կոչ արեց, որ գլխավոր դատախազը «մի հատ հարցնի»՝ այդ «կոլեգիա» կոչվածի որոշումը ո՞ր օրենքով է։ Մենք հարց ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, ով այս առնչությամբ ասաց․ «Տեղեկատվությունը, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացվել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից, իրականությանը չի համապատասխանում»։

Նրա տեղեկացմամբ՝ որոշումը կայացվել է վարույթն իրականացրած քննչական խմբի ղեկավարի կողմից՝ 2004թ. նոյեմբերի 11-ին: Պարզապես դրանից երկու օր առաջ՝ նոյեմբերի 9-ին, քրեական գործի անջատված մասի նյութերը, դրանով կայացված դատավարական որոշումները քննչական խմբի մասնակցությամբ քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում: Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Այնուամենայնիվ, Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը: