Քաղաքականություն

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը շարունակում է առաջ բրթել դատավորների գնահատման նոր համակարգը

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը շարունակում է առաջ բրթել դատավորների գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման մայրամուտին ակտիվորեն առաջ է բրթում դատավորների գնահատման նոր համակարգի վերաբերյալ նախագիծը։ Երեկ նա ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին եւ ներկայացրել այս նախագիծը, որի ներդրմամբ, ըստ ԲԴԽ հաղորդագրության, հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել սուբյեկտիվ գործոնը եւ այլն։

Հետաքրքիր է, որ այսչափ գովաբանված նախագիծը, որը, ըստ Դատական դեպարտամենտի, դեռ ամբողջական տեսք չունի, այնուամենայնիվ, արդեն ներկայացվում է միջազգային ատյաններին։ Հանրությանը որոշ կցկտուր տեղեկություններ են հայտնի քննարկումներին մասնակից դատավորների եւ ԲԴԽ անդամների տարբեր հարցազրույցներից։ Հայտնի է, որ դատավորները գնահատվելու են ոչ թե 4, այլ 2 տարին մեկ անգամ, եւ գնահատման հանձնաժողովը կազմված է լինելու 25 անդամից, ոչ թե 5, «լավ» դատավորները բոնուսներ են ստանալու, «վատերն» ուղարկվելու են վերապատրաստման, գնահատմանն ակտիվորեն մասնակցելու են ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլն։ Ինչո՞վ չէր բավարարում գնահատման նախկին մեթոդաբանությունը։ Հարցին պատասխանելով՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, ով մասնակցել է քննարկումներին, ասել է «Հրապարակին»․ «Ամենագլխավոր խնդիրն այն էր, որ միջազգային փորձագետների առաջարկած տարբերակներից ընտրված այդ մեթոդաբանության արդյունքները մեզ չէին գոհացնում, որովհետեւ դատավորների 98 տոկոսը գնահատվում էր բարձր՝ 90-100-ի միջակայքում»։ Փաստորեն, պետք է այնպիսի գնահատում, որ որոշ դատավորներ ցածր գնահատականներ ստանան։ 

Զավեշտն այն է, որ ԲԴԽ նախագահը դատավորների անկախությունն ու ինքնավարությունը նսեմացնող այս քաղաքականության քարոզն իրականացնում է ԲԴԽ անդամների եւ «ինքնուրույն ու չճնշվող» դատավորների միջոցով, որոնք հանրությանը բացատրում են, թե ինչքան լավ է, որ իրենց երկու տարին մեկ են գնահատելու` չորս տարվա փոխարեն: Որ ստիպում են նրանց այնպիսի դատական ակտեր կայացնել, որոնք երաշխավորված չեն բեկանվի վերին ատյաններում եւ աշխատանքի արդյունքների վրա չեն ազդի: Որ այնպիսի սահմանափակումներ են մտածում, որ դատավորներն իրենց խելոք պահեն, քանի որ խելոք չմնալու դեպքում վատ արդյունքներ կարձանագրվեն: Գնահատման կարգի եւ հանձնաժողովի ձեւավորման նոր սկզբունքներն ընդամենը հնարավորություն են տալու դատավորներին՝ կախյալ ու ենթարկվող դարձնելու գործիքակազմն էլ ավելի ընդլայնել: Բայց այս մասին դատավորները բարձրաձայնում են եւ թեմային անդրադառնում են հիմնականում մասնավոր զրույցներում` խուսափելով առճակատման գնալ ԲԴԽ-ի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image