Մարդկանց հրահանգվել է տանից դուրս չգալ, Էրդողանի սպառնալիքներից հետո անակնկալ չէր.ինչ է կատարվում Վիեննայում՝ պատմում է մեր հայրենակիցը

Մարդկանց հրահանգվել է տանից դուրս չգալ, Էրդողանի սպառնալիքներից հետո  անակնկալ չէր.ինչ է կատարվում Վիեննայում՝ պատմում է մեր հայրենակիցը

Գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Շթադթթեմփել» սինագոգի մոտ տեղի ունեցածը որակվել է  ահաբեկչություն, ինչի  հետևանքով նվազագույնը 3 զոհ է եղել և 15 վիրավոր։

Հիշեցնենք, որ Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել: Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հանցագործը պայթեցրել է իրեն:

Hraparak.am-ը կապ հաստատեց Ավստրիայում բնակվող մեր հայրենակցուհու՝ Սոնա Սիրունյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է երկրում: 

 «Մենք Վիեննայից հեռու ենք, բնակվում ենք Կլագենֆուրտ քաղաքում, որը Իտալիային է սահմանակից։ Թեպետ փոքր քաղաք է, շարժը այդքան մեծ չէ, եւ այստեղ  դեռ հանգիստ է, բայց վախ ունենք բոլորս։ Այսօր վախը սրտումս երեխաներիս դպրոց ու մանկապարտեզ եմ տարել։ Փողոցներում ոստիկանները շրջում էին։ Հսկողությունը խստացրել են։ Իրականում կատարվածն սպասելի էր: Ինձ համար  Էրդողանի սպառնալիքներից հետո անակնկալ չէր»,-պատմեց  մեր զրուցակիցը: Մեր հարցին, թե մայրաքաղաք Վիեննայում այս պահին ինչ իրավիճակ է, մեր հայրենակիցը պատասխանեց. «Դպրոցները փակ են Վիեննայում։ Պարետային ժամ է հայտարարված։ Մարդկանց հրահանգվել է տանից դուրս չգալ, քանի որ բոլորին չեն կարողացել բռնել, զինվորականները հսկում են քաղաքը» :

Նշենք, որ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, անդրադառնալով ահաբեկչությանը, թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով. «Մենք դժվար ժամանակներ ենք ապրում մեր հանրապետությունում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր արտակարգ իրավիճակների ծառայություններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հատկապես այսօր մեր անվտանգության համար: Մեր ոստիկանությունը վճռականորեն կգործի այս սարսափելի ահաբեկչությունը կատարողների դեմ: Մենք երբեք թույլ չենք տա ահաբեկչությունով մեզ վախեցնել և այդ հարձակումների դեմ բոլոր միջոցներով վճռականորեն պայքարելու ենք»։ Նրա խոսքերով՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա ամբողջովին կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, դաշնային կառավարությունը որոշում է կայացրել, որ զինված ուժերը ստանձնեն Վիեննայի գույքային պաշտպանությունը, որն ավելի վաղ իրականացնում էր ոստիկանությունը: