Ոչ թե՝ ում վերահսկողությանը հանձնել, այլ հանձնելը բացառել
Երբ լսում ես նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին որեւէ «իշխանավորի» տեսակետը, հետո ծանոթանում ես այդ կետի մասին որեւէ «ընդդիմադիրի» մոտեցումներին, ակամայից մտածում ես, որ այս երկիրը՝ երկիր, իսկ պետությունը պետություն դարձնելու համար նախ պետք է նրան ազատել այս էլիտայից ու դրա բովանդակությունից, ավելի ճիշտ՝ դրա բովանդակազրկությունից: Այս էլիտայի «ընդդիմադիրն» էլ է բազմաթիվ անգամներ ապացուցել, որ ինքն անկարող է հասկանալ, որ ինչքան էլ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին իր տեսակետը հստակ չարտահայտելով փորձի քողարկել այն, որ ինքը դեմ է ոչ թե «միջանցքը հանձնելուն», այլ այդ միջանցքը «ռուսական վերահսկողությանը» չհանձնելուն, միեւնույն է, այդ քողարկումն իր ու իր պայքարի հանձնվողական բովանդակությունը չի փոխի: Պետք է ազատվել նաեւ այն պատճառով, որ այս երկրի «իշխանավորը» երբեք չի դառնա այն «իշխանավորը», որը երբեւէ կընդունի, որ «միջանցքի վերահսկման գործը» միջազգային ինչ-որ կազմակերպության «արտապատվիրակելն» ինքն անում է ոչ թե «միջանցք չտալու», այլ ընդամենը այդ միջանցքն Արեւմուտքի վերահսկմանն «արտապատվիրակելն» արդարացնելու համար:
Այս իմաստով, այս եւ այսպիսի էլիտայի դեմ իրական եւ նրա բովանդակությանը վերաբերող պայքար սկսելն անհրաժեշտություն է եւ անհրաժեշտություն է այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրի «իշխանավորն» ու «ընդդիմադիրը» չեն հասկացել, որ վերը նշված հայտարարության համապատասխան կետը Հայաստանի համար ոչ թե «միջանցքն ում տալու կամ ում վերահսկողությանը հանձնելու» նշանակություն պետք է ունենա, այլ ընդհանրապես՝ «միջանցք տալը բացառելու»:
Եվ այդպես չմտածող էլիտայի դեմ պայքարը պետք է լինի ու շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձեւավորվել մի էլիտա, որը հասկանում է, որ այս երկրում ամեն տեսակի քաղաքականությունների նպատակը ոչ թե «միջանցք չտալը» որպես Ռուսաստանի հետ թշնամանալու պատրվակ օգտագործելն է, այլ Հայաստանի սուվերեն տարածքից «չզիջել» է նշանակում։ Որ «միջանցք չտալը» ոչ թե «Արեւմուտքի պարզած ձեռքն օդում թողնել» է, այլ Հայաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերն ավելի արդյունավետորեն սպասարկել: Որը նշանակում է Արեւմուտքի հետ նորմալ բարեկամություն, որտեղ՝ հանուն բարեկամության, «բարեկամից», որպես բարեկամության գին, մի քանի «մութ ու ցուրտ» ձմեռներ չեն պահանջում:
Թե չէ հիմա, երբ հետեւում ես միջանցքին վերաբերող քննարկումներին, չես կարող չզարմանալ, թե այդ ինչպես է պատահում, որ այսքան բան տեսած ու այսքան ճանապարհ անցած մարդիկ, որոնք իրենց գործիչներ են համարում, կարող են չհասկանալ, որ այն պահից սկսած, երբ երկիրը Սյունիքում միջանցք տա, հենց այդ պահից էլ հարցը, թե «ում է անցնում, կամ ով է վերահսկում այդ միջանցքը», այլեւս երկրորդական նշանակության հարց կդառնա: Այդ պահից սկսած՝ ամենակարեւոր փաստը ոչ թե «ով օգնեց»-ի կամ «ով խանգարեց»-ի տիրույթում կլինի, այլ «տարածքային հերթական կորուստն արձանագրելու» եւ «կենսունակ պետություն կառուցելու» հերթական հնարավորությունը կորցնելու պատմական փաստի արձանագրում: Այ, հենց դա է, որ այսքան բան տեսած ու այսքան բանի միջով անցած պետությունը չի կարող ու չպետք է իրեն թույլ տա:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ