Ձեր խոստումներից ո՞րը կատարեցիք, որ էս մեկին հավատանք․ գրիբոյեդովցիներ

Ձեր խոստումներից ո՞րը կատարեցիք, որ էս մեկին հավատանք․ գրիբոյեդովցիներ

Համայնքների խոշորացման մասին իրազեկում-քննարկումն Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այսօր տապալվեց։ Համայնքի բնակիչները Իմքայլական պատգամավոր Նարեկ Մկրտչանին չլսեցին։ Պատգամավորը, որքան էլ փորձում էր բացատրել, որ խոշորացումից համայնքները միայն շահելու են, քանի որ մարզպետարանի լիազորությունները՝ հանրակրթությունից մինչև սոցիալական ոլորտ, տեղափոխվելու է միավորված համայնքների կենտրոն, բնակիչներին չգայթակղեց։

Հաջողված պատմություններ ունենք՝ ասաց պատգամավոր Մկրտչյանը, ի պատասխան որի՝ ներկաներից մեկն արձագանքեց․ կարմիր գծերն ե՞ն, թե՝արագաչափերը ձեր հաջողված պատմությունները։ «Փակված հիվանդանոցները»,-հեգնեց հարևանը։

Նարեկ Մկրտչյանի նյարդերը տեղի տվեցին․ դրանք ի՞նչ կապ ունեն մեր այսօրվա թեմայի հետ։ Պարզվեց՝ կապ ունեն։ Գյուղի բնակիչներից մեկը պատմեց, որ նախորդ օրը համագյուղացիներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացել է, զանգել են Էջմիածնի շտապօգնության ծառայություն։ Պատասխանել են՝ ազատ մենքենա չունենք։ «Հելանք, գնացինք Էջմիածին, տեսնենք՝ շտապօգնության դեմը 5 հատ մեքենա կա կանգնած, ասում են՝ ներող կլինեք, մեքենաների անիվները մաշված են, դրա համար չկարողացանք գալ․․․ Էս չի՞ ձեր կառավարության դեմքը։ Հիմա եկել՝ ի՞նչ լոլո եք կարդում, որ նորից ձեզ հավատա՞նք․․․»։ 

Ձեր խոստումներից ո՞րը կատարեցիք, որ էս մեկին էլ հավատանք, ասաց հավաքին ներկա երիտասարդներից մեկը։ «Մարզային ճանապարհների նորոգումը սուբվենցիոն ծրագրերի անվան տակ գյուղն իր միջոցներով սարքեց։ Պետությունը չնչին մասնակցություն ունեցավ։ Կիսատ-պռատ մի ճամփա ասֆալտապատեց, էն էլ՝տռասից մինչև գյուղամեջ․ մի երկու մետր ավել չարեց, որ գոնե դպրոց հասներ, երեխաները չցեխոտվեին․․Դուք մենակ լավ ռեկլամ անել գիտեք»։

Նարեկ Մկրտչյանը փորձում էր բացատրել, որ միավորման արդյունքում տրանսպորտի հարցը կլուծվի, համայնքներին գյուղտեխնիկա կտրամադրվի։ «Չենք ուզում, մեր ունեցածը ձեռքներիցս մի տարեք, մնացածը ձեզ լինի»,-ասաց ներկաներից մեկը՝ կիսվելով համայնքների խոշորացման մասին իր պատկերացումներով։

«ՍՍՀՄ կազմից ինչի՞ դուրս եկանք․ անկախանալ էինք չէ՞ ուզում։ Բա հիմա ինչի՞ են ինձ ուզում միավորեն մի ընտանիքում, որտեղ ես անկախ չեմ լինելու․․․ Պատկերացրեք, մի տան մեջ մի քանի եղբայր են ապրում՝ իրենց կանանցով ու երեխաներով, էդ տան բյուջեն կարա՞ն բոլորի մեջ հավասար բաժանել։ Չեն կարա, որովհետև ամենազոռբան ու ամենաշատ փող բերող եղբայրները շատ իրենց են քաշելու․․․»։

Նարեկ Մկրտչյանը որքան էլ փորձում էր բացատրել, որ խոշորացնելով՝ համայնքներն ուժեղանում են, բնակիչներին չհամոզեց ․ «Նախ դուք ուժեղացեք, հետո՝ մտածեք մեզ ուժեղացնելու մասին», ասացին գյուղացիները։