Ի՞նչ է ուզում ՊՎԾ-ն բժշկականից, Աշոտյանից ու Սաղաթելյանից

Ի՞նչ է ուզում ՊՎԾ-ն բժշկականից, Աշոտյանից ու Սաղաթելյանից

Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որտեղ ներկայացրել է Բժշկական համալսարանում 6 ամիս տեւած «ուսումնասիրությունների» արդյունքները։ 

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով»։ Ըստ ՊՎԾ-ի՝ առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առնչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առեւտրային նպատակով։

Իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ «Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետեւյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն, 3.8 մլն եւ 3.3 մլն դրամ»,- ասված է հայտարարության մեջ։

Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։

ՊՎԾ-ն Բժշկական համալսարանին մինչեւ հունիսի 15-ը ժամանակ էր տվել, որ առարկություններ ներկայացներ, սակայն չի սպասել համալսարանի պատասխանին ու ժամանակից շուտ հանդես է եկել հայտարարությամբ։ Հատկանշական է, որ ՊՎԾ-ի այս շտապողական, առանց հիմնավորման ու «մեղադրական եզրակացությամբ» հայտարարություն տարածելու «խասյաթը» չփոխվեց նույնիսկ Դավիթ Սանասարյանից հետո։ 

Եվ սա վրդովեցրել է համալսարանի ղեկավարությանը։ Բժշկականի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ եւ տեղին հայտարարություններ անելը մինչեւ վերահսկողության ենթարկված հաստատության, այս դեպքում՝ ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը»։ Համալսարանից նաեւ հայտնում են, որ արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերում են 2015-2016 թվականներին․ «Ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռեւս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված եւ օրենքի տառին համապատասխան»։

Նկատենք, որ այդ տարիներին համալսարանի ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ բուհի կառավարման խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն է։ Թելերը նրա ուղղությամբ են տանում, թեպետ ՊՎԾ հայտարարության մեջ Աշոտյանի մասին որեւէ հիշատակում չկա։ Մենք տեղեկացանք, որ Աշոտյանից բացի, ՊՎԾ-ի թիրախում է հայտնվել նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա եւ նրա ընտանիքի անդամները Սեւանի ափին հանգստյան տուն ունեն, որը ծառայություններ է մատուցել Բժշկական համալսարանին։ Մեր տեղեկություններով՝ ՊՎԾ-ի հայտնաբերած գույքի մասով չարաշահումները հենց սրան են վերաբերում։ Մեզ պատմեցին, որ այդ հանգստյան տանը ԵՊԲՀ-ն սենյակներ է ձեռք բերել, ըստ ՊՎԾ-ի, շուկայականից բարձր գներով։ Բայց ՊՎԾ-ն դեռեւս ո՛չ Աշոտյանի անունն է տալիս, ո՛չ Սաղաթելյանի։

Արմեն Աշոտյանն այս առնչությամբ մեզ ասաց, որ ծանոթ չէ ՊՎԾ ուսումնասիրությունների տեղեկանքին։ Նաեւ հիշեցրեց, որ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ եղել է 2009-2019 թթ․ եւ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ իրականացրել է բացառապես օրենքով վերապահված իր լիազորությունները։ «Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա կիսում եմ Բժշկական համալսարանի տարակուսանքն առ այն, որ ՊՎԾ-ն, Բժշկական համալսարանին տալով առարկություններ ներկայացնելու ժամանակ, չի սպասել այդ առարկություններին՝ ընթացք տալով իր ուսումնասիրությունների հրապարակմանը»,-ասաց Աշոտյանը։ Նա նաեւ նկատեց, որ արդեն մեկ տարի է՝ այս իշխանություններն իր վրա են սեւեռվել: «Եթե ՊՎԾ-ն իր գործունեությամբ Ձեր ասած գերակայություններով է առաջնորդվել, ապա դա ընդամենը հերթական, բայց անարդյունավետ փորձն է՝ նման գործերով իմ հախից գալու: Սա էլ կանցնի»,- հավելեց Աշոտյանը։

Զրուցեցինք նաեւ Իշխան Սաղաթելյանի հետ։ Նա էլ տեղյակ չէր ՊՎԾ-ի գործողություններից։ «Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը, ինձ ո՛չ դիմել են, ո՛չ հարցրել են, ամեն դեպքում՝ իմ անունը չեն կարա շոշափեն էդ գործերում։ Երբ կծանոթանամ, եթե մեկն ինձ հետ կկապվի, կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը, շատ մանրամասն, հիմնավոր կպատասխանեմ, կբացատրեմ, որեւէ մեկին էլ թույլ չեմ տա իմ անունն ավելորդ տեղը շոշափի։ Բայց քանի որ պաշտոնական որեւէ բան չկա, ու չգիտեմ՝ իրականում ինչի մասին է խոսքը, այս պահին ոչ մի բան չեմ մեկնաբանի»,- ասաց նա։
Մեր հարցին՝ Սեւանում հանգստյան տուն ունի՞, Սաղաթելյանն ասաց․ «Հայտնի է, որ իմ ընտանիքը 20 տարի է՝ բիզնեսով է զբաղվում։ Եթե մեկին ինչ-որ բան հետաքրքրում է, ես իրեն շատ հանգամանալից կբացատրեմ։ Բայց որեւէ մեկը որեւէ հարցով ինձ չի դիմել, որեւէ բանի մասին տեղեկություն չունեմ»։

Մեր մյուս հարցին՝ Բժշկական համալսարանի հետ որեւէ համագործակցություն ունեցե՞լ է՝ իրեն պատկանող հանգստյան տան շրջանակներում, բուհին որեւէ ծառայություն մատուցե՞լ է, Սաղաթելյանը դրական պատասխան տվեց։

Ի դեպ, մեզ ասացին, որ եթե անգամ կա շուկայականից բարձր գնով ձեռքբերում եւ բուհի գումարների վատնում, ապա ընդամենը պետք էր առաջարկել դրանում մեղք ունեցող անձանց՝ փակել բուհին պատճառված վնասը եւ վերջ։ Իսկ աշխատավարձերի եւ պարգեւատրումների մասով առհասարակ որեւէ խախտում չկա, քանի որ բուհը հիմնադրամ է եւ իր միջոցներից պարգեւավճարներ նշանակելու իրավունք ունի։ Նման հայտարարություններն էլ հեղինակավոր բուհի միջազգային վարկանիշին են հարվածում՝ չէ՞ որ մեծ թվով արտասահմանյան ուսանողներ են ուսանում բժշկականում, բուհը միջազգային կապեր է ձեւավորել, եւ այդ ամենը չհաստատված կասկածների հիման վրա ջուրը գցելը պետության հեղինակությանը վնասող քայլ է։