Երբ գործազուրկը եւ գործատուն չեն տեսնի «զբաղվածություն» բառը

Երբ գործազուրկը եւ գործատուն չեն տեսնի «զբաղվածություն» բառը

 Այս հոդվածը գրելու շարժառիթը վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում աշխատող իմ ծանոթ-բարեկամներից և գործատու հանդիսացող տարբեր գործընկերներից  ստացվող մտահոգիչ տեղեկություններն էին այն մասին, որ բարեփոխումների անվան տակ նախարարության որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող որոշ անձինք նպատակ ունեն պարզապես վերացնել Զբաղվածության պետական գործակալությունը՝ միավորելով այն համալիր սոցիալական կենտրոններում սոցիալական ծառայություններ մատուցող մարմնին:

 Գործակալության և նրա տարածքային մարմինների հետ առաջին անգամ առնչվել եմ դեռևս 2008-2009 թվականներին՝ որպես գործատու, երբ ինձ մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով դիմեցի տարածքային կենտրոններից մեկին: Խոստովանեմ, որ մինչ իրենց դիմելը, ինձ մոտ, ինչպես և շատերի, առկա էր այն կարծրատիպը, որ այդ կառույցը սահմանափակված է միայն գործազրկության նպաստ տրամադրելով: Անկեղծ ասած, ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ այլ գործատուներ թերահավատորեն էինք մոտենում այդ կառույցի գործունեությանը նաև այն պարզ պատճառով, որ պետությունը գործատուների համար առաջին հերթին նույնացվում էր հարկային մարմնի հետ, որը կոչված էր միայն գործատուներից անհրաժեշտ հարկը հավաքելով: Այդ իսկ պատճառով պարզապես դժվարանում էի հավատալ, որ կա մի պետական  կառույց, որը ոչ միայն գործատուներից որևէ գումար չի պահանջում, այլ աջակցում է հնարավորինս ամեն ինչով: Եվ իրոք մեծ եղավ զարմանքս, երբ շատ բարեհամբույր և պետական այլ մարմիններից արմատապես տարբերվող ընդունելության արժանանալու հետ մեկտեղ, ոչ միայն կարողացա սեղմ ժամկետում գտնել համապատասխան աշխատակիցներ, այլև ծանոթանալով գործակալության կողմից իրականացվող ծրագրերին, հասկացա, որ դրանք աջակցում են ոչ միայն աշխատանք փնտրողին,  այլև գործատուին:

 Եվ այսօր մարդիկ, ովքեր իրենց կյանքում ամենայն հավանականությամբ գեթ մեկ գործազուրկի աշխատանքի տեղավորման խնդիր լուծած անգամ չկան, ովքեր որևէ գործազուրկի աշխատանքի ընդունելու, կամ զբաղվածության որևէ ծրագիր իրականացնելու հարցի շուրջ երբևէ որևէ գործատուի հետ բանակցած չկան, ովքեր պետական համակարգում հայտնվել են միայն վերջին տարում, այսօր միանգամից ստացել են որոշումներ կայացնելու լիազորություններ և  որոշում են կառույցը միացնել սոցիալական նպաստներ տրամադրող մարմնին:

Ստեղծվելով 1992-ին, Զբաղվածության պետական գործակալությունը անցել է երկար և դժվարին ճանապարհ, մինչև որ հանրային ընկալման մեջ գործազրկության նպաստ բաժանողից դարձել է աշխատանքի տեղավորող, սեփական բիզնեսը սկսել ցանկացողներին և արդեն կայացած գործատուներին աջակցող մի կառույց, որի աջակցությամբ շատերը նպաստ ստացողից դարձել են գործատու: Կառույց, որը գտնվելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում, բացի աշխատանք փնտրողներից, օրական ընդունում էր նաև այնքան գործատուների /իմա՝ բիզնեսի ներկայացուցիչների/, որքան ասենք էկոնոմիկայի նախարարությունը:

Այս  կառույցն է, որ  վերջին 8 տարիներին երեք ղեկավար փոխվելու դեպքում էլ շարունակել է աշխատել ժամացույցի պես և իր գոյության 28 տարիների ընթացքում Հայաստանի պատմության մեջ իրավապահների ուշադրության կենտրոնում գրեթե չի հայտնվել՝ ի տարբերություն հենց նույն նախարարության ենթակայությամբ գործող այլ մարմինների:

Զբաղվածության պետական գործակալությունն էր, որ իր տրամադրության տակ եղած գործիքակազմի /հատկապես՝ «Աշխատանքի տոնավաճառ» և «Աշխատանքի ակումբ» ծրագրերի/ արդյունավետ կիրառման միջոցով կարողացավ գործատուներին և աշխատանք փնտրողներին նստեցնել մի սեղանի շուրջ՝ որպես հավասարը հավասարի և նրանց միջև ձևավորել համագործակցային հարաբերություններ:

…վարչապետ Փաշինյանը քանիցս այն միտքն է արտահայտել, որ քաղաքացիների սոցիալական խնդիրները առաջին հերթին պետք է լուծվեն արժանապատիվ աշխատանքի, և ոչ թե պասիվ նպաստի միջոցով, և հենց իր իշխանության գալուց հետո զգալիորեն մաքրվեցին նպաստի ցուցակները: Եվ ահա այս ամենի համատեքստում ականատես ենք լինում մի երևույթի, երբ մի խումբ անձինք, ըստ ամենայնի երկրի բարձրագույն ղեկավարության թիկունքում, ձեռնամուխ են եղել մի գործընթացի, որը ոչ միայն հակասում է երկրի վարչապետի՝ սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեսլականին, այլև  այդ կառույցը ձևափոխելու է այնպես, որ լավագույն դեպքում այն կդառնա սոցիալական տարաբնույթ նպաստներ, այսինքն՝ պասսիվ աջակցություն ցուցաբերող մի կառույցի կցորդը, որի անունը կմոռացվի, իսկ գործատուն երբեք նման կառույց ոտք անգամ չի դնի: Միայն պատկերացնել կարելի է այն գործատուի կամ գործազուրկի դեմքի արտահայտությունը, երբ տարածքային մարմնի ցուցանակին այլևս չի տեսնի «Զբաղվածություն» բառը:

 Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցները սոցիալական աշխատողներ չեն: Նրանք զբաղվածության գործակալներ են, իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնք  ծառայություններ են մատուցում նաև բիզնեսին: Նրանք փնտրում, գտնում են գործատուներին, բանակցում են նրանց հետ տարբեր ծրագրերի իրականացման համար, կամ հրավիրում նրանց տարածքային կենտրոններ և «Աշխատանքի ակումբներում» կայացնում են նրանց և գործազուրկների հանդիպումները, որոնց արդյունքում համալրվում են բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Զբաղվածության գործակալներն են, որ անհրաժեշտության դեպքում տասնյակ կիլոմետրեր կտրելով ամռան տապին, հաճախ՝ սեփական միջոցներով,  հեռավոր լեռնային գյուղեր են այցելում՝ իրենց կողմից կազմակերպված և դաշտերում իրականացվող սեզոնային զբաղվածության ծրագրերի ընթացքը վերահսկելու նպատակով, նրանք են որ նպաստառուին դարձնում են հարկատու, նրանք են, որ աջակցելով գործատուին, ապացուցում են, որ նրա վճարած հարկերը ծառայում են նաև իրեն՝ դրանով իսկ բարձրացնելով գործատուի վստահությունը պետության հանդեպ:

Հ.Գ. Կարծում եմ, այս հոդվածը կկարդան նաև երկրի բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած անձինք և այդ մասին կտեղեկացնեն, ում որ հարկն է:

Վարդուհի Կարապետյան, Ամստերդամ