Մի փոքրիկ հիշեցում․․․

Մի փոքրիկ հիշեցում․․․

 

2009 թվականի հուլիսի մեկին ժամը 15:00-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացել է դատախազություն, որից հետո նրան կալանավորել են ու տարել կենտրոնի ոստիկանություն: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով նրա 4 փաստաբաններից մեկն էր,  հայտնել էր, որ իրենք 15 րոպե առաջ են դուրս եկել Կենտրոնի ոստիկանությունից և այսօր Փաշինյանին կտեղափոխեն մեկուսարան: Ընդհատակում Փաշինյանը  մնացել է մեկ տարի երեք ամիս։ Այն ժամանակվա Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը խորհրդարանում համաներման մասին հարցի քննարկման ժամանակ ասել էր, որ որ եթե Խաչատուր Սուքիայանն ու Նիկոլ Փաշինյանը ներկայանան մինչև հուլիսի 31-ը, ապա համաներումը նաև նրանց նկատմամբ կկիրառվի: Իսկ 2009 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանի փաստաբանն ասաց․  «Դրանք ապօրինի, անհիմն, խայտառակ մեղադրանքներ են, որոնք չունեն հիմք, և այն գործողությունները, որոնք մեղսագրվում են, տեղի չեն ունեցել»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ  հոդվածի 1-ին  մասերով իշխանության ներկայացուցիչ համարվող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ. հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ. մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու մյուս երեք փաստաբանները՝ Արամ Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Տիգրան Մուրադյանը մինչև վերջ կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը։ Իշխանությունը չէր խոչընդոտում։

Ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանն այն ժամանակ չէ՞ր կարող ճնշել փաստաբան Տիգրան Աթանեսյանին, ինչպես հիմա են այլ գործիքներով ճնշում այն փաստաբաններին, ովքեր իշխանության համար ոչ ցանկալի մարդկանց նկատմամբ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը։

․․․ Ու նորերը ժողովրդավարությունից են խոսում, ուզում են, որ իրենց հավատան, այդպես չի լինում։ Գործը, հետո խոսքը։ Նախկինին քննադատելուց առաջ ձեզ նայեք, ձե՜ր արածին։

Հիշեցնենք, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։ Օրը ցերեկով։ Երբ արդեն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր դարձել։