Ինչու չի կարելի առաջնորդվել խելագարության կանխավարկածով

Ինչու չի կարելի առաջնորդվել խելագարության կանխավարկածով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդեւանյանը եւ Աղվան Վարդանյանը խորհրդարան են ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նրանք առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել Հայաստանի տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը կասկածի տակ դնելու կամ հերքելու, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Նման արարքի համար առաջարկվում է սահմանել առավելագույնը 2-4 տարվա ազատազրկում, չնայած կա նաեւ տուգանքի նշանակման տարբերակ: 

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները գրում են. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀՀ առանձին պաշտոնատար անձանց եւ քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչների երկիմաստ հայտարարություններն ամրապնդում եւ դեռ մի բան էլ խրախուսում են թշնամական պետության մտադրությունը` առանց որեւէ իրավական հիմքի ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ իրենց վերահսկողության տակ վերցնելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու ոչ շահեկան, ՀՀ անվտանգային շահերը ոտնահարող, ՀՀ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը լրջագույն սպառնալիք հանդիսացող եւ պետական կառավարման համակարգի էֆեկտիվ գործունեությունը խաթարող պարտավորություններ, այդ թվում` սահմանազատման եւ սահմանագծան հարցերով»:

Ստացվում է, որ պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կհայտարարեն, որ Հայաստանի այս կամ հատվածը պատկանում է այլ երկրի: Չնայած օրենքի նախագծում անուններ չկան նշված, բայց հասկանալի է, որ այս առաջարկն ուղղված է առաջին հերթին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի այն անդամների դեմ, ովքեր Հայաստանի եւ Ադրբեջանի չճշտված սահմանների պայմաններում հայտարարում են, որ այս կամ այն տարածքը դուրս է ՀՀ սահմաններից: Ենթադրվում է, որ օրենքի ընդունումը պետք է կանխի նրանց կողմից նման հակապետական ինքնագործունեությունը:

Երջանկահիշատակ իրավաբան եւ սահմանադրագետ Վլադիմիր Նազարյանը սիրում էր կրկնել, որ օրենքներ գրելիս չի կարելի առաջնորդվել խելագարության կանխավարկածով: Ասածի իմաստն այն էր, որ չի կարելի օրենքներ գրելիս մտածել, թե դրանք գրվում են խելագարների կամ հոգեկան հիվանդների համար: Ի՞նչ կապ ունի վերոնշյալը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հետ: Չի կարելի օրենք գրել այն մասին, որ երկրի իշխանությունը չպետք է սեփական երկրի տարածքը համարի օտարինը, եւ դա քրեորեն պատժելի է, որովհետեւ այդ դեպքում պետք է օրենք գրել այն մասին, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր ոչ միայն նման հայտարարություններ են անում, այլ նաեւ դրանք կյանքի են կոչում:

Օրինակ, պատկերացրեք օրենք, որը քրեական պատասխանատվություն կսահմանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թշնամուն են հանձնել սեփական երկրի տարածքները: Չէ՞ որ մենք ունենք նաեւ այդպիսի դեպքեր. Նիկոլ Փաշինյանի հրամանով եւ Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ թշնամուն է հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը, առանց որեւէ կրակոցի եւ դիմադրության թշնամուն են հանձնվել տարածքներ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից: Ինչո՞ւ, օրինակ, պետք է քրեական պատասխանատվություն լինի սեփական երկրի տարածքից հրաժարվելու մասին արված հրապարակային հայտարարության համար, իսկ դա փաստացի իրագործելու համար ոչ մի պատիժ չնախատեսվի:

Պարզ է, չէ՞, որ նման օրենսդրական գործունեությունը տանում է ոչ մի տեղ: Ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը թույլ չեն տա նման օրենսդրական փոփոխության ընդունումը՝ համարելով, որ դա կարող է կիրառվել իրենց դեմ: Նրանք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ իրենք իշխանության են, որեւէ օրենք իրենց վրա չի տարածվելու, անկախ իրենց վարքագծից, իսկ իշխանությունը կորցնելու դեպքում եղած օրենքներն էլ բավարար են նրանց գործունեությանը քրեաիրավական գնահատական տալու համար:

Խնդիրն ավելի լայն է. քաղաքական ընդդիմությունը իշխանության ոչ տրամաբանական, հակապետական եւ հակազգային գործունեությունը պետք է կանխի ոչ թե օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելով, այլ նրանց իշխանությունից զրկելով: Մյուս բոլոր լուծումներն անարդյունավետ են եւ չեն կարող բերել հիմնական խնդրի լուծմանը: 

Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակներն ասեն, որ այս նախաձեռնությունը եւս գործող իշխանությանը հեռացնելուն ուղղված քայլերի շարքում է, եւ իրենք դա անում են ոչ թե օրենքի նախագիծն ընդունելու, այլ իշխանության հակապետական եւ հակազգային գործունեության վրա հերթական անգամ հանրային ուշադրություն սեւեռելու համար: Իհարկե, դա եւս հնարավոր է, բայց այս դեպքում էլ արդյունավետությունն է շատ փոքր, չափազանց փոքր:

Ավետիս Բաբաջանյան