Ֆաշիստներն՝ ընդդեմ կոմունիզմի

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հանցանքներից մեկն էլ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորելն է։ «Համաշխարհային խայտառակություն կլինի, եթե Գյումրին ունենա կոմունիստ քաղաքապետ: Էս ո՞ր դարն է, որ Կոմկուսն իշխանություն ունենա, բա ի՞նչ կասեն կամ կմտածեն արեւմտյան տերերը մեր մասին, այնքան անբաշար եք, որ կոմունիստն է արդեն իշխանության գալիս»,- միաբերան դժգոհում են նիկոլական եւ նիկոլամերձ շրջանակները: Այդ ուժերը նշված փաստը համարում են անհերքելի ապացույց այն բանի, որ Վարդան Ղուկասյանը կառավարվում է Մոսկվայի կողմից. եթե կոմունիստ է, ուրեմն պրոռուսական է, եթե դեղին է, ուրեմն կլոր է` կուռ տրամաբանության շրջանակներում:
Ուլտրալիբերալ ֆաշիստները ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արեւմուտքում չեն հանդուրժում այլախոհություն, ուրիշ գաղափարախոսություն դավանող մարդկանց եւ կուսակցությունների գոյությունը: Արեւմուտքում այդ ամենը բարձրացված է օրենսդրական մակարդակի. արեւմտյան որեւէ երկրում Վարդան Ղուկասյանը ոչ միայն չէր կարող հաղթել ընտրություններում, այլեւ կարող էին ընդհանրապես թույլ չտալ՝ մասնակցել դրանց: Նրան կմեղադրեին հոմոֆոբիայի մեջ` հանդես է գալիս սեռական փոքրամասնությունների քարոզչության դեմ, կմեղադրեին քսենոֆոբիայի`այլատյացության մեջ, հանդես է գալիս Հայաստանը թուրքական սպառնալիքից պաշտպանելու օգտին, Հայաստանի թրքացման քաղաքականության դեմ: Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու փոխարեն նա կհայտնվեր կալանավայրում, իսկ եթե անգամ հաջողացներ մասնակցել եւ հաղթել, ապա նրա հաղթանակը կարող էին հանգիստ չեղարկել՝ դրա մեջ տեսնելով ռուսական հետք: Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն այդ հիմքով չեղարկեցին, որովհետեւ համարեցին, որ հաղթող թեկնածուն եվրոպական էլիտաների սրտով չէ, ռումին ժողովուրդը սխալ ընտրություն է կատարել, եւ այն ենթակա է ադմինիստրատիվ սրբագրման: Նիկոլ Փաշինյանն էլ նույն հիմքով կարող էր չեղարկել Վարդան Ղուկասյանի հաղթանակը, բայց մեկ ամիս հետո Մոսկվա պետք է գնա` հաղթանակի շքերթին Վ. Պուտինի կողքը կանգնի տրիբունայում:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն արդեն 35 տարի է՝ իշխանություն չունի, բայց այդ կուսակցությունը ոչ միայն չի ոչնչացել, այլեւ ունի համախոհներ, հետեւորդներ: Եվ դա՝ չնայած այն բանին, որ կուսակցությունը տարբեր տարիներին ղեկավարել են մարդիկ, ովքեր աչքի չեն ընկել քաղաքական ակտիվությամբ կամ գաղափարախոսական կայունությամբ: Կոմունիստական կուսակցություն գոյություն ունի շնորհիվ այն հսկայական դրական ժառանգության, որ թողել է իր իշխանության 70 տարիների ընթացքում: Համեմատեք, թե ինչ է ստացել Հայկոմկուսը 1920 թվականին եւ ինչպիսի երկիր է թողել իր կառավարումից հետո՝ 1990 թվականին: Եվ համեմատեք, թե ինչ է եղել հաջորդող 35 տարիների ընթացքում: Որպեսզի շատ երկար չշարադրենք Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները, միայն ասենք, որ չնայած Խորհրդային Հայաստանը ֆորմալ առումով կիսանկախ պետություն էր, սակայն այն անհամեմատ ինքնիշխան եւ սուվերեն պետություն էր նրանից, ինչ ունենք այսօր: Երկրի սուվերենությունը չի որոշվում նրա միջազգային ճանաչմամբ կամ ՄԱԿ-ի անդամ լինելով, դրա ամենակարեւոր բաղադրիչը երկրի ներքին գործերի վրա արտաքին ազդեցության, արտաքին ներգործության չափն է: Խորհրդային Հայաստանի ներքին գործերին միջամտում էր միայն Մոսկվան, այն էլ՝ սահմանափակ, իսկ Հայաստանի Հանրապետության հարցերով զբաղվում է՝ ով չի ալարում կամ դրա ցանկությունն ունի, այդ թվում՝ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ԵՄ-ն, էլ չենք խոսում Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, որոնք ամենօրյա ռեժիմով կառավարում են Հայաստանը եւ պարտադրում իրենց համար ցանկալի որոշումներ, այդ թվում` տարածքային զիջումներ: Կոմունիստական Հայաստանը ոչ միայն անհամեմատ ավելի ինքնիշխան էր, այն օտարերկրյա գաղութ չէր, այն երրորդ կամ չորրորդ աշխարհի մաս չէր: Խորհրդային Հայաստանն ուներ ժամանակակից կրթություն, գիտություն, արդյունաբերություն, եւ այս եռամիասնությունը փոխշաղկապված էր, գործում էր որպես մեկ ընդհանրություն: Նայեք ներկայիս Հայաստանի ներքին կառուցվածքին, այդ թվում՝ եւ տնտեսական, եւ կհամոզվեք, որ այն բացառապես գաղութային երկիր է, որը գաղութարարներին մատակարարում է իր երկրի հանքահումքային հարստությունները եւ մարդկային ռեսուրսները: Դրա արդյունքն է, որ Խորհրդային Հայաստանի բնակչությունն անընդհատ ավելանում էր եւ 1990 թվականին մոտեցել էր 4 միլիոնի սահմանին, մարդկանց մեծ մասը ներգրավված էր գիտատար արդյունաբերության մեջ, իսկ 35 տարի անց 3 միլիոնից էլ պակաս է, այն էլ՝ ծերացած, թերկրթված եւ թերսնված, հիմնական զբաղմունքն էլ առեւտուրն ու սպասարկումն են:
Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցնի իշխանությունը, որքա՞ն կյանք կունենա դրանից հետո, չեմ հարցնում, թե քանի ամսվա, այլ՝ քանի օրվա: Արդյոք 35 օր հետո Հայաստանի որեւէ քաղաքում հնարավոր կլինի՞ գտնել այդ կուսակցության որեւէ գրասենյակ կամ որեւէ մեկին, որը կասի, թե ինքն այդ կուսակցության անդամ է: Նայեք, թե ինչի են վերածվել Հայաստանի այն կուսակցությունները, որոնք իշխանություն են կորցրել: Հայաստանի որեւէ բնակավայրում կարո՞ղ եք գտնել ՀՀՇ-ի գրասենյակ, կուսակցություն, որը փոխարինեց Հայկոմկուսին: Ընդամենը 7 տարի առաջ իշխանությունը կորցրած 100 հազարանոց ՀՀԿ-ից ընդամենը մի քանի հարյուրն են մնացել, նույնը` ՀՅԴ-ն, մյուսներին նույնիսկ իմաստ չունի անդրադառնալ:
Կարող են ասել, որ Խորհրդային Հայաստանում չկար ազատություն, չէին հարգվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` խոսքի, հավատքի, հավաքների անցկացման մասով: Սրա մեջ կա ճշմարտություն. բայց Խորհրդային Հայաստանում ապահովված էին մարդու անհամեմատ ավելի կարեւոր իրավունքներ, որոնք հիմա ընդհանրապես գոյություն չունեն, այնպիսին, ինչպիսին կյանքի իրավունքն է, առողջության կամ կրթություն ստանալու իրավունքը: Հիմա մարդը կարող է մեռնել միայն այն պատճառով, որ հոսպիտալացվելու համար գումար չունի, կամ՝ ամենատաղանդավոր մարդը չի կարող կրթություն ստանալ, քանի որ ուսման մեկ տարվա վճարն ավելի բարձր է, քան մեկ տարվա նվազագույն աշխատավարձը: Եվ այս մարդիկ փորձում են ծաղրել Կոմունիստական կուսակցությունը կամ այն համարել ժամանակավրեպ ու ամոթալի:
Կարծիքներ