Կրքերը չեն հանդարտվում. ի՞նչ է կատարվել իրականում

Կրքերը չեն հանդարտվում. ի՞նչ է կատարվել իրականում

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումից հետո, որի ընթացքում «Նոան» 2:0 հաշվով հաղթել էր «Վանին», իրավիճակը լարվել է խաղից դուրս՝ մամուլի ասուլիսների և պաշտոնական հայտարարությունների մակարդակով։

«Նոա» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով «Վանի» մարզչական շտաբի վարքագիծը։ Ակումբը նշել է, որ վերջիններս խաղի ընթացքում և դրանից հետո օգտագործել են անպարկեշտ խոսք և դրսևորել ոչ սպորտային պահվածք։ Ըստ «Նոայի», մամուլի ասուլիսի ժամանակ արված «լկտի պահվածք» արտահայտությունն անընդունելի է։ Ակումբը կոչ է արել մրցակիցներին ցուցաբերել հասունություն և խուսափել հապճեպ դատողություններից՝ նախ համոզվելով, որ օտարազգի գործընկերների հետ շփման մեջ ճիշտ են հասկանում նրանց ասածը։

«Նոան» նաև հույս է հայտնել, որ հանդիպման պատվիրակը և տեսուչը պատշաճ կերպով արձանագրել են բոլոր ոչ պատշաճ արտահայտություններն ու գործողությունները։

Իսկ «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խաղից հետո մամուլի ասուլիսում հանդես էր եկել կտրուկ հայտարարությամբ։ Նա խոստացել էր թեժ դիմակայություն պատասխան հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ այն լինելու է միայն խաղադաշտում, ոչ թե այնպիսի վարքագծով, ինչպես, իր ձևակերպմամբ, ցուցաբերել է «Նոայի» մարզչական շտաբը։

«Թեժ հանդիպում եմ խոստանում «Նոային»՝ ի դեմս իրենց գլխավոր մարզչի և մարզչական շտաբի՝ ֆուտբոլային դաշտում, այլ ոչ թե իրենց նման լկտի պահվածքով»,- ասել էր «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: