Անգլիայի թագուհու մասին որպես սիմվոլի պատկերացումը հին է ու ժամկետանց

Անգլիայի թագուհու մասին որպես սիմվոլի պատկերացումը հին է ու ժամկետանց

Երեկ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում մահկանացուն կնքեց Մեծ Բրիտանիայի 96-ամյա Եղիսաբեթ II թագուհին։ Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկներն անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով եւ նրան խորհուրդ են տվել մնալ մասնագետների հսկողության տակ: Թե 70 տարի ՄԲ թագավորությունում իշխած թագուհու մահն ինչ հետեւանքներ է ունենալու Անգլիայի եւ նրա վարած քաղաքականության վրա, զրուցել ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։
 

- Ի՞նչ հետեւանք կթողնի Մեծ Բրիտանիայի թագուհու մահը երկրի վրա։

- Ես կարծում եմ, որ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը կշարունակի մնալ անփոփոխ։ Չնայած որոշակի փոխատեղումներ, իհարկե,  կլինեն։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ կառավարման փորձ չունեցող նոր թագավոր Չարլզ  3-րդը եւ տնտեսությունից, եւ, առհասարակ, աշխարհաքաղաքականության վերաբերյալ այդքան էլ լավ պատկերացում չունեցող վարչապետ Բիլ Թրանսը խնդիրներ են ունենալու հարմարվելու հետ կապված, որովհետեւ ակնհայտ է, որ աշխարհը գնում է դեպի բազմաբեւեռ աշխարհակարգ, եւ այդ պայմաններում Մեծ Բրիտանիան պետք է կարողանա կամ փորձելու է պահպանել այն միաբեւեռ համակարգը, որ ձեւավորել էին Միացյալ Նահանգների հետ միասին։ Այս առումով կարծում եմ՝ հետաքրքիր զարգացումներ կլինեն, բայց հաշվի առնելով երկու ղեկավարների՝ թագավորի եւ վարչապետի փորձի պակասը, կարծում եմ՝ բրիտանական դիրքերը որոշ չափով կթուլանան։

- Ի՞նչ դեր ուներ ընդհանրապես  թագուհին՝ սիմվոլի՞կ կերպար էր, թե՞ իրականում մեծ ազդեցություն ուներ ՄԹ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։

- Ես հեռու եմ այն մտքից եւ առհասարակ այդ ասույթից, որ Անգլիայի թագուհու կարգավիճակը որեւիցե հարցում լծակ կամ ազդեցություն չունի։ Թագուհին ուներ հսկայական ազդեցություն, առաջինը՝ բրիտանական համագործակցության շրջանակներում գտնվող երկրների վրա, որոնք ժամանակին եղել են բրիտանական գաղութներ։ Հսկայական ազդեցություն ուներ Միացյալ  Նահանգներում եւ լուրջ ազդեցություն ուներ աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ Եվ ես հեռու եմ այն մտքից, որ թագուհին ուղղակի սիմվոլ էր՝ նստած էր գահին, բայց ոչ մի բանում չէր խառնվում եւ որեւիցե պատասխանատվություն կամ որոշումների վրա ազդելու լծակներ չուներ։ Այս առումով նոր թագաժառանգն էապես զիջում է թագուհուն՝ իր ազդեցությամբ եւ փորձով։ Եվ այդ առումով բրիտանական  քաղաքականությունը բավականին լուրջ կորուստ կրեց՝ ի դեմս թագուհու, որովհետեւ նոր թագավորից  եւ  նոր կառավարությունից հսկայական ջանքեր են պահանջվելու՝ եղածը հետ բերելու կամ գոնե պահելու համար։

- Թագուհու մահը նախ ինչի՞ վրա կազդի։

- Բրիտանիայի գլոբալ քաղաքականության, նրա դերի, աշխարհաքաղաքական զարգացումներում բրիտանական ազդեցության վրա, նաեւ՝ տարածաշրջանում՝ ի դեմս թուրք-բրիտանական հարաբերությունների, նաեւ՝ Ադրբեջան-Բրիտանիա հարաբերությունների հետ կապված։ Որոշակի ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում, որովհետեւ Հայաստանի նախկին նախագահը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ներկայիս գահաժառանգի հետ։ Բայց այս պահին Արմեն Սարգսյանը Հայաստանում ներկայացված չէ, հետեւաբար, բրիտանական ներկայացվածությունը եւ ազդեցությունը Հայաստանում ինչ-որ առումով նաեւ կարող են փոփոխություններ կրել, բայց դա, իհարկե, ժամանակը ցույց կտա։ Սպասենք, հասկանանք, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։

- Իսկ բացասական հետեւանքներից խուսափելու համար ի՞նչ քայլերի պետք է դիմեն Մեծ Բրիտանիայի գահաժառանգն ու երկրի վարչապետը։

- Նրանք առաջին հերթին պետք  է դիմեն  իրենք իրենց եւ բրիտանական ժողովրդին։ Պետք է հասկանան, թե ինչ է ուզում Մեծ Բրիտանիան։ Ու պետք է հասկանան, որ իրենց կողմից հռչակված այդ «ոսկե միլիարդ» հասկացությունը, որ մտցրել են շրջանառության մեջ՝ հավատալով իրենք իրենց, որ մյուս ազգերի հանդեպ ինչ-որ գերազանցություն ունեն, պետք է իջնեն երկնքից, եւ որ աշխարհն այլեւս այն աշխարհը չէ, ինչ կար առնվազն 5 տարի առաջ։ Պետք է հասկանան, որ աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որ իրական գերտերությունները, որոնք տարածքով եւ բնակչությամբ  բազմակի անգամ մեծ են Մեծ Բրիտանիայից, այսօր լուրջ հայտ են ներկայացրել՝ նոր աշխարհակարգ ձեւավորելու, որը լինելու է բազմաբեւեռ աշխարհ, որտեղ առնվազն մեկ կամ երկու բեւեռ այլեւս չի ենթարկվելու Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների՝ երկրագունդն իշխելու միանձնյա ցանկությանը։ Եվ եթե նրանք ցանկանում են, որ աշխարհը հաշվի նստի իրենց շահերի հետ, ժամանակն է, որ իրենք եւս հաշվի նստեն աշխարհի ժողովուրդների հետ եւ Լոնդոնում ու Վաշինգտոնում նստած միանձնյա չորոշեն ժողովուրդների ճակատագիրը։

- Ի՞նչ եք կարծում՝ Մեծ Բրիտանիային կհաջողվի՞ պահպանել այն կայունությունը, կարգն ու կանոնը, այն դիրքերը, որ կային Եղիսաբեթ 2-րդի ժամանակ։

- Հետաքրքիր հարց եք տալիս։ Շոտլանդիան այստեղ իր խոսքն ասելու է, որովհետեւ այն ժամանակ չգնաց մինչեւ վերջ՝ դուրս գալու Մեծ Բրիտանիայի կազմից, նաեւ՝ թագուհու նկատմամբ ունեցած հարգանքից եւ ակնածանքից, որովհետեւ թագուհին, ամեն դեպքում, սիմվոլ էր եւ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող բոլոր ժողովուրդների համար էր ընկալվում որպես թագուհի։ Չարլզ 3-րդ թագավորը չունի այդ հեղինակությունը Մեծ Բրիտանիայում։ Նրա հեղինակության վրա, կարծում եմ, մեծապես ազդեց լեդի Դիանայի մահը։ Եվ այն մեղադրանքները, որ հնչեցին նաեւ լրագրողական հանրույթի կողմից՝ կասկածներ կան, որ նա է կազմակերպել կամ առնվազն մասնակցություն է ունեցել կամ տեղյակ է եղել Դիանայի մահվան մանրամասներին։ Չեմ բացառում, որ թագը վերցնելուց հետո Մեծ Բրիտանիայում արդեն ներքին կենտրոնախույզ գործընթացներ սկսվեն, որը չի ավարտվի միայն Շոտլանդիայով, այստեղ Իռլանդիայում եւս բավականին անհանգիստ են՝ Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միավորման, շարժման հետ կապված։ Դրա համար կարծում եմ, որ նոր թագավորին բավականին լարված օրեր են սպասվում, տիտանական աշխատանք պետք  է տանի՝ այդ Ձեր ասած միասնությունը պահելու եւ երկրի կազմաքանդումը թույլ չտալու համար։