Դատավորն ու շորտիկը. իրապատում

Դատավորն ու շորտիկը. իրապատում

Անցած շաբաթ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ․ հունիսի 27-ի` «ՀՀ ԱԺ 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով ամբողջական որոշումը։ Շատ ներողություն, բայց Հայաստանում քանի՞ մարդ կար, որ սպասում էր այդ 87 էջանոց դատարկաբանությանը: Պատկերացնո՞ւմ եք՝ նստել եւ 87 էջ գրել այն մասին, որ ԿԸՀ որոշումը վիճարկող քաղաքական ուժերն ու դաշինքները սխալ են, իսկ Մուկուչյանը՝ ճիշտ:

Հասկացանք, եզրափակիչ մասում արդեն իսկ ասել էին դա, մի՞թե անհրաժեշտ էր մի հատ էլ վիպակ գրել Մուկուչյանի եւ մյուսների մասին: Չծիծաղեք, խնդրում եմ, բայց ես, օրինակ, չգիտեմ՝ ՍԴ դատավորներն էս շոգին փիլոնները հագների՞ն են որոշումներ գրում, թե՞ հանվում են՝ նոր: Մարդ էլ կա, ասում է՝ կնոջ եւ բարձր դատարանի գաղտնիքներն ինչպե՞ս բացես, երբ սատանան է գոցել: Մի խոսքով՝ ես իմ կյանքում դեռ այնպիսի բարձր դատարան չէի տեսել, որ կացնային որոշում կայացներ ու մի 100 էջանոց բացատրություն էլ կպցներ պոչին՝ հաստատելով յուր կացնային մտածելակերպի առանձնահատկությունները:

Արդյոք ես շա՞տ սխալված կլինեմ, եթե ասեմ, որ Մուկուչյանի մասին ՍԴ որոշումը գրվել է ՔՊ-ի կենտրոնական գրասենյակի նախասրահում: Դե՝ Մուկուչյանին, իմ իմանալով, ավելի ներս չեն էլ թողնում: Այնտեղ Բադասյանով, Վահագն Հովակիմյանով, Վահե Գրիգորյանով, Մուկուչյանով-բանով գրել են ու տվել Դիլանյանի ձեռքը, թե կարդա: Դիլանյանն էլ քանի՞ գլուխ ունի, որ չկարդա ՔՊ-ի նախասրահում գրված վերդիկտը: Էս քանի օրն անցնի՝ Նիկոլին մի լավ «խմցնելու» եմ ու համոզեմ հրաման տա, որ ՍԴ դատավորները, բացառությամբ Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի, այսուհետ շորտիկներով մտնեն դատավարության: 

Առաջ չանցնելով հիշեցնեմ, որ վերոնշյալ կուսակցություններն ու դաշինքները պահանջում էին անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի (իմա՝ Մուկուչյանի) որոշումը: Ասել է թե՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին։ Ռեալիստները, բնականաբար, չզարմացան, ռոմանտիկներն էլ մի կերպ դիմացան, ու կռիվ կինոն սրանով վերջացավ: Օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստն է գումարվելու, եւ առաջին անգամ նույն տանիքի տակ են հայտնվելու դավաճան հողատուներն ու հայրենասեր դիմադրողականները, քանդողներն ու կառուցողները, ապաքաղաքականներն ու քաղաքականները, հակաքոչարյանականներն ու հականիկոլականները:

Դժվար է միանշանակ պնդել, թե այդ խորհրդարանն ապագա ունի, բայց մի բան հստակ է, որ վերջին շրջանի փողոցային ծեծուջարդը տեղափոխվել է ԱԺ, եւ մենք ականատես ենք լինելու այնպիսի էկզոտիկ տեսարանների, որոնք հանդիպում են ջունգլիների մասին ֆիլմերում: Ես կառաջարկեի՝ գլխավոր դատախազին մի սենյակ հատկացնել ԱԺ-ում, որ ամեն անգամ երկար ճանապարհ չկտրի պատգամավորների հետեւից գալու համար: Իսկ ի՞նչ անել, եթե ՍԴ-ն է որոշել, որ նոր Հայաստանի ԱԺ-ն հենց այսպիսին պետք է լինի: Թե բա՝ ընտրությունների արդյունքներն անվավեր չենք ճանաչում: Է, հեչ էլ ճանաչեք… Անվճար ներկայացում չէ՞, հաճույքով կդիտենք:
Товарищ Пашинян, этот конституцивнный суд тебя совсем не увaжает, слуши… Մի տես ինչ են գրել Մուկուչյանի մասին իրենց որոշման մեջ. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ կառավարության հրաժարականից հետո՝ մինչեւ նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը, կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի կառավարության մյուս անդամներին, այլ կառավարության բոլոր անդամներին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը:

Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»։ Վարչապետին հավասարեցրել են կառավարության մյուս անդամներին՝ ինչպիսի  խայտառակություն: Բայց դա դեռ ոչինչ: Իսկ ո՞վ պետք է հիշեր, որ մեր աչքի լույս վարչապետն իր հրաժարականում նշել էր, որ ինքն է հրաժարական տալիս եւ ոչ թե կառավարությունը: Այսինքն՝ «հիվանդն» ինքն էր, ոչ թե կառավարությունը: ՍԴ-ին ե՞ս պետք է պատմեմ, որ հրաժարական ներկայացրած վարչապետը «ջանք ու եռանդ չխնայեց» ԱԺ-ում նորից ընտրվելու համար, բայց 2 փորձն էլ ձախողեց ու կգնար տուն, բայց մնաց իր պաշտոնին: Այսինքն՝ էս ի՞նչ եք ասում, բարձր դատավորներ, դա համահո՞ւնչ է ՀՀ Սահմանադրության կարգավորումներին: Նիկոլը, հեռու իրենից, կարող էր եւ մեռած լինել: Ի՞նչ է, նրա «դագաղը» ուսներին դրա՞ծ պետք է գյուղերն ընկնեին ու քարոզչություն անեին:

Իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին ՍԴ-ն գրել է. «Չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրս,ը ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ, ուստի դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»: Եթե հայերեն թարգմանենք ՔՊ-ում գրված այս նախադասությունը, ապա կստացվի, որ վարչական ռեսուրս օգտագործվել է, բայց այնքան, որ չազդի ընտրությունների արդյունքների վրա: Եղբայր, եթե կարելի է ընտրություններում որոշակի քանակով վարչական ռեսուրս օգտագործել, մի քիչ վարչական ռեսուրս էլ ընդդիմությանը հատկացնեիք, որ այսքան ղալմաղալ չլիներ: Այլապես իշխող ուժը վարչական ռեսուրսը միայնակ է օգտագործել, ու ՍԴ-ն որոշում է, որ կարելի է՞… Հասկանալի է, երեւի, որ այս հարցում Նիկոլի ՍԴ-ն չէր կարող յոլա գնալ առանց մանիպուլյացիայի: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. «Չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսն ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ»: Հարգելի բարձր դատարան, դուք շատ լավ գիտեք, որ այդ պահին արդեն իսկ լուծարված «Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը» «Իմ քայլը» դաշինքն էր, որը չէր մասնակցում ընտրություններին եւ, հետեւաբար, չէր կարող «կազմակերպված ձեւով վարչական ռեսուրս կիրառել»: Այնպես որ, հանգիստ թողեք Արարատ Միրզոյանի «պիլեսոսի» կոթն ու Լիլիթ Մակունցի մշակութային խորխորատները եւ ճիշտ մատնանշումներ արեք, թե ով է իրականում եղել վարչական ռեսուրս կիրառողը: Դուք, իհարկե, կարող էիք գրել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի կիրառում չի եղել, բայց դա արդեն կլիներ ստերի սուտը, որ ամենալայն դարպասներով անգամ հնարավոր չէր լինի ներս գցել:

Մի հարցում համաձայն եմ ՍԴ-ի հետ: Բարձր դատարանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից կիրառված արտահայտությունների՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ունեցած ազդեցության հարցի վերաբերյալ դիմողների պնդումները հիմնավոր չեն: Երկրորդում եմ: ՍԴ-ն շատ ճիշտ է նկատել, որ Փաշինյանի «չագուչով պարը» որեւէ աղերս չունի նրա մասնագիտական հմտությունների հետ: Նույն տրամաբանությամբ էլ ՍԴ-ն իրավացիորեն համարել է, որ Փաշինյանի օգտագործած «բռնելու ենք շինենք» արտահայտությունը ոչնչով չի ընդգծել նրա «ղզղնածության» բարձր աստիճանը:

Հետեւաբար, ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը չէին կարող ազդել այն քաղաքացիների քվեարկության վրա, որոնք անգիր գիտեն, թե ով է Նիկոլը եւ ինչպես է այս երեք տարում «իրականացրել» իր խոստումները: Այսուհանդերձ, կարծում եմ, որ ՍԴ-ն պետք է մի փոքր ավելի բարձր տեսանկյունից նայեր հարցին, քան «բռնելու ենք շինենք» արտահայտության ժողովրդական ընկալումն է: Իմ համոզմամբ՝ Նիկոլը բոլորովին այլ բան է նկատի ունեցել: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա «բռնում» Սյունիքի համայնքապետերին, եւ ինչպես է Ալիեւը «շինում» մեր սահմանամերձ շրջանների բնակչությանը: Ձեւակերպումը տառացիորեն նույնն է՝ «բռնելու ենք շինենք»:

Դե, ես գնացի, հարգելի բարձր դատարան: Գնամ, տեսնեմ Նիկոլին որտեղ եմ բռնում, որ «խմցնեմ» ու ձեր շորտիկների հարցը լուծեմ: Թե չէ էս անտանելի շոգին փիլոնով նստում եք…