Պայքարողների շարքերը ստվարանում են

Պայքարողների շարքերը ստվարանում են

Կառավարության շենքի տարածքը հինգշաբթի օրերին առանց բողոքի ակցիաների պատկերացնելն անհնար է։ Եթե նախկինում կառավարության մոտ հիմնականում սեւազգեստ մայրերն ու անձնական խնդիրներ ունեցող քաղաքացիներն էին, վերջին շրջանում արդեն խմբերով են գալիս, ժամերով հերթապահում են՝ կառավարության ներկայացուցիչներից որեւէ մեկին հանդիպելու ակնկալիքով։ Երեկ, օրինակ, մի քանի բողոքի ակցիա էր։ Ակցիա էին իրականացնում «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները:

Կառավարության շենքի մոտ էին նաեւ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ նրանք պահանջում են, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ վարկառուներին մեկ տարով վարկային արձակուրդ տրամադրվի։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացրին նաեւ ՌԴ մեկնել ցանկացողները, որոնց «համբերության բաժակն արդեն լցվել է»։ «Մենք նախընտրում ենք, որ դուրս գան մեզ հետ խոսեն, ասեն՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք ինչ կա, սենց է վիճակը, պետք է սպասել, քան գանք ու գնանք էսքան ժամանակ, բայց ընդհանրապես ոչ մի պատասխան։ Մենք էսքան պահանջեցինք, խնդրեցինք, բայց վարչապետն այդպես էլ ոչ մի ձեւ չարձագանքեց իր ժողովրդին։ Ասենք, արդյոք ճի՞շտ է, որ ինքը մեզ այսպես արհամարհում է։ Եթե իրոք կա խնդիր, որ իրենք իսկապես բանակցություններ են տանում, բայց Ռուսաստանն այդպես էլ չի ուզում բացել սահմանները, թող դուրս գան մեզ բացատրեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մյուս ակցիայի հեղինակները հագուստ ներկրող տնտեսվարողներն էին, որոնք շարունակում են պնդել, որ մաքսազերծման փոփոխությունների պատճառով ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել, ուստիեւ ապրանքներն ավելի բարձր գնով վաճառել եւ, հետեւաբար, «մինուսով» աշխատել։ Երեկվա ակցիայի ժամանակ առեւտրականները քննարկում էին իրենց հետագա անելիքները, տեղեկություն ունեն, որ իրենց չեն ընդառաջելու։ Մեզ տեղեկացրին, որ այսօր տեղի կունենա ամենամեծ ակցիան։ Նրանց զանգել են մարզերի տնտեսվարողները, ասել, որ միանալու են իրենց։ Հնարավոր է նաեւ տոնավաճառներում գործադուլ սկսվի։ Դե, իսկ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն արդեն պերմանենտ են։ «Նա հակահայ պայքար է տանում, նա այլասերում է մեր կրթօջախները, մեր մանուկներին․․․ Այս ամենին էլ աջակցում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք պայքարելու ենք, որպեսզի այս մարդիկ թողնեն իրենց զբաղեցրած պաշտոնները։

Այսօր ԱԺ-ում պատգամավորներ կան, որոնք միայն ստատուս գրելու համար են պատգամավոր, հասկանո՞ւմ եք, թե ուր է հասել մեր վիճակը»,- ասաց ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Անդրեասյանը։ Նրա խոսքով, իրենց պահանջներն են՝ ընդհուպ մինչեւ կառավարության 100 տոկոսի հրաժարականը, բայց այս պահին նպատակահարմար են տեսնում միայն Հարությունյանի հրաժարականի համար պայքարելը։