Վարչապետի ասուլիսը՝ «հիբրիդային» պատասխաններով

Վարչապետի ասուլիսը՝ «հիբրիդային» պատասխաններով

Շաբաթ օրը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հիբրիդային» ասուլիսը։ Ինչու հիբրիդային, որովհետեւ նա հենց ասուլիսի սկզբից սկսեց հիբրիդային մտքեր արտահայտել։ Օրինակ՝ ասաց, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ հայտարարել է, թե տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, իրականում այդպես չի ասել, ավելի շատ նկատի է ունեցել, որ տեղի է ունեցել հիբրիդային հեղաշրջման փորձ։ Փաշինյանը խմբագրին հատուկ ոճով խմբագրեց ԱԱԽ քարտուղարի ասածը, որը, ի դեպ, գրված էր նաեւ իրեն պատկանող լրատվամիջոցի հայտնի հոդվածում, ու փորձեց այդպես ցրել թեման, որ լրագրողները պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ իրենից այլեւս հստակ փաստեր չպահանջեն։ Բայց սա վարչապետի միակ «հիբրիդային» պատասխանը չէր, որից ոչինչ չէր հասկացվում։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հարցերին տալիս էր լղոզված, մանեւրող, շրջանցող պատասխաններ, որոնցով կա՛մ ակամա հաստատում էր որոշ տեղեկություններ, կա՛մ առնվազն չէր հերքում՝ դրանք արդարացնելով «հիբրիդային» ձեւակերպումներով։ 

Օրինակ՝ մեր 3 հարցերին էլ նմանատիպ պատասխան տվեց։ Նախ հարցրինք՝ արդյոք նպատակ ունի՞ սահմանադրական փոփոխություններով ձերբազատվել Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումից», որի մեջ ինքը, կարծես թե, վատ չի տեղավորվել։

Փաշինյանն իր պատասխանը համեմեց դեմագոգիայով եւ պոպուլիստական մտքերով, որոնք գուցե առաջին հայացքից «շատ ուժեղ» թվացին, բայց եթե փոքր-ինչ խորանաս դրանց մեջ եւ գնաս նրա արտահայտած ամեն խոսքի հետեւից, կպարզվի՝ տակը դատարկ է, հիմնավորում եւ փաստարկ չկա։ Նա նախ հիշեցրեց, որ ինքը նաեւ ապրում է այն առանձնատանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը, որն ինքը նորոգեց՝ «սեւը դարձնելով սպիտակ»։ Ապա անցավ «կոստյումին»։ «Իմ կոստյումը գիտե՞ք ինչով ա տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու համար։ Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա, դրանք ինչպես եղել, էնպես էլ շարունակում են հաջողված մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում։ Էս ա կոստյումի տարբերությունը»,- ասաց նա՝ ցույց տալով կոստյումի ներսի գրպանները։ Ապա հատուկ ընդգծեց, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, եւ խորհրդարանականից կիսանախագահականի անցում չեն կատարի։

Հետաքրքրվեցինք նաեւ իր թիմի ներսում առկա իրավիճակից՝ նկատելով, որ վերջին շրջանում հաճախակի է կուսակցության նիստեր հրավիրում, ասում են՝ դժգոհ է թիմակիցների, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից,  հնարավո՞ր է որեւէ տարբերակով արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ԱԺ-ն ցանկանա ցրել եւ նոր ԱԺ ձեւավորել՝ ավելի որակյալ կազմով։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն իր աշխատանքից երբեք գոհ չի եղել, կարող է ուրիշի աշխատանքից ավելի գոհ լինել, քան իր աշխատանքից։ «Հիմա ասեմ, թե մեր խմբակցության հետ վերջին հանդիպումներում ինչ եմ ասել ՀՀ Ազգային ժողովի եւ, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի մասին։ Ասել եմ, որ ՀՀ գործող խորհրդարանի եւ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել ա Ադրբեջանի նախագահը, ով լուծարել ա իր երկրի խորհրդարանը՝ ըստ էության նաեւ ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Եվ ի՞նչ խնդիր ա դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք ա լինեն երիտասարդ մարդիկ, որոնց կրթական ցենզն ավելի բարձր կլինի, որոնք միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող եւ ընկալելի կլինեն։ Էս պահանջը, ձեր կարծիքով, որտեղի՞ց ա առաջացել․ առաջացել է ՀՀ խորհրդարանի եւ, մասնավորապես, ԱԺ մեծամասնության գործունեությանը հետեւելու արդյունքում»,- ասաց Փաշինյանը։

Փաստորեն, Հայաստանի վարչապետի համար ոչ միայն արեգակն արեւելքից ծագելու, արեւմուտքում մայր մտնելու եւ այլ բնական փաստերն են կապվում հեղափոխական թիմի աշխատանքի հետ, այլեւ հարեւան ոչ բարեկամ պետության խորհրդարանի լուծարումը։ Հետաքրքիր է՝ Ալիեւն ինքը խոստովանո՞ւմ է դա։ Իսկ այն հռետորական հարցադրումը, թե ինչպես կարելի է ներկա խորհրդարանը համեմատել նախկինի հետ, առնվազն տարակուսելի է, քանզի շատերը, այո, չեն համեմատում՝ համարելով, որ նախկին խորհրդարանի պոտենցիալն անհամեմատ մեծ էր, քան ինտելեկտով ու պրոֆեսիոնալիզմով չփայլող «Իմ քայլինն» է այսօր։ 

Մեր մյուս հարցը վերաբերում էր Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու ջանքերին․ ինքը նպատակ ունի ամեն գնով ազատվե՞լ Թովմասյանից եւ ՍԴ գործող կազմից, եւ եղե՞լ է դեպք, որ ՍԴ-ի մասով հանձնարարականներ տա իրավապահ մարմիններին, այդ թվում՝ իր իրավասություններից դուրս հանձնարարական։ Փաշինյանը երկար խոսեց այս հարցերի շուրջ, սակայն կա՛մ մոռացավ, կա՛մ նրբորեն շրջանցեց հարցում մատնանշված «իր իրավասություններից դուրս հանձնարարական» ձեւակերպումը եւ տվեց հետեւյալ պատասխանը․ «Ես ոչ մեկից ո՛չ ուզում եմ ազատվել, ո՛չ էլ չեմ ուզում ազատվել։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ազատվի կոռումպացված համակարգի բոլոր մնացորդներից, ես ուզում եմ, որ ՀՀ-ում լինի իրապես անկախ դատական համակարգ եւ ոչ թե այնպիսի դատական համակարգ, որն օգտվի նրանից, որ գործող վարչապետը եւ կառավարությունն իրենց հարկադրանքի չեն ենթարկում, իրենք գնան ուրիշ տեղերից իրենց համար հարկադրողներ եւ թելադրողներ գտնեն»։

Անդրադառնալով հանձնարարականներին, Փաշինյանը չհերքեց, որ հանձնարարականներ տվել է կամ կարող է տալ իրավապահներին։ «Ի՞նչ հանձնարարություն։ Հայաստանի Հանրապետության ամենատարբեր ոլորտների հետ իրավական անվտանգությունն ապահովելու հետ կապված հանձնարարականներ կարող են լինել։ Երկիրն ունի նաեւ իրավական անվտանգության խնդիր, չէ՞։ Կարող է լինել խնդիր՝ պարզել, օրինակ․․․ կամ ինֆորմացիա ստացվի, որ ինչ-որ անձ, ներառյալ՝ դատավոր, պատգամավոր, նախարար, ՍԴ անդամ, կապ ունի, ասենք, օտարերկրյա ինչ-որ հատուկ ծառայության հետ։ Պիտի ասենք՝ վայ, պատգամավոր ա, իրանով եկեք չհետաքրքրվե՞նք։ Բացառվում ա, իհարկե՝ ոչ։ Կամ կարող ա կոռուպցիայի հետ կապված ինֆորմացիա լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսով խոստովանելով, որ ինքը եւս զբաղված է ինֆորմացիա «հավաքագրելու» գործով, ինչը բոլորովին չի մտնում վարչապետի իրավասությունների մեջ։

Իսկ Հրայր Թովմասյանի հետ կապված մի անզգույշ ու չփաստարկված հայտարարություն արեց, թե 2018-ի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանն ամենօրյա, հետո՝ ամենշաբաթյա, ապա՝ ամենաամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն, բայց ինքը Թովմասյանին ուղարկել է «համապատասխան տեղը»։ Փաշինյանի այս հայտարարությունից րոպեներ անց մի իսկական «բոլոլա» առաջացավ համացանցում։ Նախ Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանին 20 օր ժամանակ տալով, որ նա ներկայացնի փաստարկներ իր առաջարկած ծառայությունների մասին, հակառակ պարագայում կդիմի դատարան՝ զրպարտության հոդվածով։ Վարչապետն էլ որոշ ժամանակ անց Ֆեյսբուքում գրեց, թե հասնի Երեւան, փաստերը կներկայացնի, դրանք Երեւանում են։ «Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»,- գրեց նա։ Ապա, որոշ ժամանակ անց, տեսնելով, որ հանրությունը շունչը պահած սպասում է իր վերադարձին, նկար հրապարակեց Կապանից եւ հորդորեց, որ իզուր չսպասեն՝ հաջորդն օրն է գալու։ Հաջորդ օրը եկավ եւ հրապարակեց «անհամաչափ ուժեղ հակահարված» հանդիսացող փաստը՝ այն գրիչի լուսանկարը, որը նվիրել է Հրայր Թովմասյանն իրեն՝ քծնանքի ապացույց մի քանի «ջան»-ով ուղեկցելով։ Վարչապետի գրառումներն արժանացան համատարած ծաղրի ու հեգնանքի, շատերը զարմացան նրա գրառումների «լրջության» վրա, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերի իր միկրոբլոգում անհանգստություն հայտնեց այս պահվածքի վերաբերյալ՝ գրելով. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»: