Իշխանությունը հերթական օրենքն է ձեւում իր հագով

Իշխանությունը հերթական օրենքն է ձեւում իր հագով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանն ու Վահագն Հովակիմյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններով ցանկանում են պատգամավորներին տալ հնարավորություն, որ գրավոր կարգով մասնակցեն քվեարկություններին ոչ միայն գործուղման լինելու ժամանակ, այլեւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվելու պահին, այսինքն՝ վատառողջ լինելու ժամանակ: Ներկայիս տարբերակով գրավոր քվեարկության հնարավորությունը տրված է միայն խորհրդարանի կողմից գործուղման մեկնող պատգամավորների համար: Իշխանությունը հասկացել է, որ այսուհետ հաճախ է քվեարկություններն անցկացնելու իր 88 հոգանոց խմբակցությունով, ուստի նրանցից մի քանիսի բացակայությունը կարող է տապալել իր մութ ծրագրերի իրագործումը, եւ որպեսզի համապատասխան թվով կոճակների ներկայությունը խորհրդարանում ապահովի, որոշել է տնից՝ հեռավար քվեարկություն կազմակերպել հիվանդների համար։ Հիմա ինչքան ուզում են, թող կորոնավիրուսով վարակվեն ու բուժվեն։

«Ողջ աշխարհում տարածված Քովիդ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել: Փաստացի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ՝ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենա խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել, ըստ այդմ, զրկվելով քվեարկելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում առաջարկվում է կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Ըստ այդմ, ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ։ Նախագիծն ընդունելով եւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տալով՝ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար կավելանա եւս մեկ երաշխիք»,- նախագծի հեղինակներն այսպես են հիմնավորում առաջարկվող փոփոխությունը։ 

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանի տասնյակ պատգամավորներ վարակված են կորոնավիրուսով, թեեւ ընդամենը մի քանիսն այդ փաստը հրապարակեցին, այն էլ՝ երկու օր առաջ, բայց տեղեկություններ կան, որ մոտ մեկ շաբաթ առաջ է պարզ եղել, որ շուրջ քսան պատգամավոր՝ միայն իշխանական մեծամասնությունից, վարակված է կամ պոտենցիալ վարակակիր է։ Սակայն այդ մասին խնամքով թաքցրել են, քանի որ հունիսի 22-ին սահմանադրական «Ավարայր» էր սպասվում իրենց, եւ իշխող խմբակցության 88 պատգամավորները պարզապես իրավունք չունեին անգամ կորոնավիրուսով վարակված լինելու պարագայում չներկայանալ խորհրդարան։ Պատգամավորների մոտ կորոնավիրուսի ավելի վաղ առկայության մասին է թերեւս վկայում նաեւ այն փաստը, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել հունիսի 18-ին։ Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա նկատենք, որ այսօրվա իշխանություններն էլ, նախկինների նման, օրենքները համապատասխանեցնում են իրենց, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ դրանք կարում իրենց վրայով։ Բանն այն է, որ թեեւ սահմանադրական փոփոխություններն այլեւս իրականություն են, բայց խորհրդարանում դեռ կարեւոր քվեարկություններ են սպասվում, նախեւառաջ՝ ՍԴ դատավորների ընտրությունը: 

Այսօր ուժի մեջ են մտնում սահմանադրական վերջին փոփոխությունները, որոնցով դադարեցվում են ՍԴ երեք դատավորների լիազորությունները։ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն, հաջորդաբար, կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հունիսի 24-ին ստորագրված եւ մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ անհրաժեշտ է 79 պատգամավորի կողմ ձայն, որպեսզի ՍԴ երեք անդամն էլ ընտրվեն, եւ ՍԴ կազմը համալրվի: Մինչ այս քայլին հասնելը ԱԺ-ն, ըստ ամենայնի, արտահերթ նիստում կընդունի վերոնշյալ փոփոխությունների նախագիծը, որպեսզի հիվանդ պատգամավորները հնարավորություն ունենան գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումը։