«Ճնշված» կաթողիկոսը, «ճնշող» բարձրաստիճան հոգեւորականներն ու նախագահների «փխրուն ֆորմատը»

«Ճնշված» կաթողիկոսը, «ճնշող» բարձրաստիճան հոգեւորականներն ու նախագահների «փխրուն ֆորմատը»

Այսօր առավոտյան տելեգրամ ալիքներում հրապարակում կար, ապա «Հրապարակն» էլ գրեց, որ տեղի է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։ Մի կողմից նախապատրաստվում է նախագահների ու Վեհափառի հաջորդ հանդիպումը, մյուս կողմից սեպարատ հանդիպումներ են կայանում, լուրեր կան, որ Վեհափառը խոսել կամ հանդիպել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Դրան հաջորդեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի պարզաբանումը։ Բանն այն է, որ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Վեհափառն Առաջին նախագահին ասել է, որ համաձայն է վերջինիս՝ Հանրայինի եթերում հնչեցրած տեսակետների հետ, սակայն այդ տեսակետներին դեմ են տրամադրված որոշ ընդդիմադիր բարձրաստիճան եկեղեցականներ ու ճնշումներ են գործադրում իր վրա։ «Հրապարակի» հոդվածի համաձայն, Գարեգին 2-րդը այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել նաև Փաշինյանի հետ, որը բարձրաձայնել է այդ մասին խորհրդարանում իր թիմակիցների հետ օրերս ունեցած փակ հանդիպման ժամանակ։ Մինչ Մայր Աթոռում որոշում են, թե այս տեղեկություններին ինչպես արձագանքել՝ հանդես գալ մեկնաբանությամբ, թե հայտարարությամբ, փորձենք մի քանի դիտարկում կատարել

 • Նախ, կաթողիկոսը պետք է զերծ լինի ցանկացած, այդ թվում նաեւ՝ քաղաքական ճնշումներից։ Նա իր մտածումներում, գործողություններում, քայլերում պետք է լինի բացարձակապես ազատ, առաջնորդվելով խղճի մտոք եւ իր բարձր առաքելության գիտակցումով, իր հոտի շահերով։ 

• Կաթողիկոսը պետք է ունենա համարձակություն, խիզախություն՝ հարկ եղած դեպքում քննադատել ցանկացած հակապետական քայլ, կարողանա ոչ պոպուլյար որոշումներ կայացնել, ազգային շահով առաջնորդվել եւ ոչ թե հայկական «խաթրաշահությամբ» առաջ գնալ՝ փորձելով հաճոյանալ եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ 

• Հայաստանի  թեմերում եւ Մայր Աթոռում գործող բարձրաստիճան եկեղեցականները շատ չեն՝ 10-15 հոգի, հետեւաբար, նաեւ մեծ չէ այն բարձրաստիճան եկեղեցականների շրջանակը, որոնք ընդդիմադիր տրամադրություններ ունենալով, փորձում են ճնշումներ բանեցնել կաթողիկոսի վրա։ Նրանք բոլորը հեղինակավոր եւ հանրության շրջանում գնահատված անձինք են, մեր հոգեւոր էլիտան, որն իրավունք ունի եկեղեցում պահվածք թելադրել եւ տոն տալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հ1-ին տված հարցազրույցի արդեն հաջորդ օրը կարծեմ, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց էր տվել մի կայքի, որտեղ ասել էր «Լևոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի…»։ Կարելի է ենթադրել, որ կաթողիկոսի վրա ենթադրյալ ճնշումներ գործադրող բարձրաստիճան եկեղեցականներից մեկը հենց նա է, իր մտերիմ բարձրաստիճան եկեղեցականների շրջանակով։ Իսկ Միքայել Աջապահյանը ամենից հարգված հոգեւորականներից է եւ Շիրակի մարզում ահռելի ազդեցություն ունի։

• Ուշագրավ է, որ իր վրա ճնշումներ գործադրելու մասին տեղեկատվությամբ Գարեգին 2-րդը բավական եռանդուն կերպով «աջ ու ձախ» կիսվել է։ Այսինքն՝ տպավորություն կա, որ նա հատկապես ուզում է, որ այդ մասին իմանան, ու այդ կերպ իրեն արդարացնի, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի /եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի/ մոտ լավամարդ լինելով, մյուս կողմից էլ բավականին լավ հարաբերությունները երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ «չփչացնելու» համար։ Բայց կոմպելեմենտար քաղաքականության ժամանակներն անցել են, եկել է ընտրություն կատարելու ժամանակը։